Նախախորհրդարանի հայտարարությունը Արցախյան շարժման 26-ամյակի առթիվ

26 տարի առաջ այս օրը` 1988 թ. փետրվարի 12-ին, Հադրութ ավանում Արցախի հերոսական ժողովուրդն ընդվզեց Ադրբեջանի խորհրդային գաղութատիրության դեմ ու բարձրացրեց Հայրենիքին վերամիավորվելու հարցը:

Հաշված օրերի ընթացքում ազգային-ազատագրական պայքարի ալիքը ծավալվեց Արցախում, ամբողջ Հայաստանում և արտերկրի հայկական գաղթօջախներում` վերածվելով հուժկու համազգային շարժման:

Ավելի քան վեց տարի տևած պայքարի ընթացքում մեր ժողովուրդը մեծ զրկանքների ու բազում զոհերի գնով պատմական Արցախի մի զգալի մասն ազատագրեց և փաստացի միացրեց Հայրենիքին:

Այդ ազատագրումն ընթանում էր աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի համատեքստում, ինչի հետևանքով փլուզվեց Խորհրդային Միությունը, իսկ այն կազմող հանրապետությունները, այդ թվում` Խորհրդային Հայաստանը, «դե յուրե»  դարձան անկախ պետություններ:

Սակայն եթե մեր ժողովուրդը քաջ գիտակցում էր Արցախի ազատագրության համար անհրաժեշտ զորահավաքի և զոհողությունների կարևորությունը և  վեհանձնորեն լուծեց խնդիրը, ապա  «դե յուրե» և «դե ֆակտո» անկախության միջև գոյություն ունեցող  ճանապարհի հաղթահարման խնդիրը ոչ միայն չձևակերպվեց, այլև դարձավ այն փորձաքարը, որի վրա սայթաքեց  Հայաստանի նորանկախ պետությունը և իր ժողովուրդը:

Վերջինս դեռ  նոր պիտի ճաշակեր  նորգաղութային և հետգաղութային գայթակղությունների ու ճնշումների  այն ողջ տեսականին, որին ծանոթ էին ավելի վաղ գաղութային ճնշումներից ազատագրված Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները և որոնք  այս մարտահրավերներին դիմագրավելու դրական և բացասական մարտավարությունների հարուստ փորձ էին հասցրել կուտակել:

Ըստ էության,  Արցախի ազատագրման գաղափարով սկսված ազգային-ազատագրական շարժումն  նոր է  թևակոխում պայքարի այդ փուլը:

Ազգի արժանապատիվ և մարտնչող մասը խաղաղության պայմաններում բավարար չափով զգոնություն և հասունություն չցուցաբերեց, և թույլ տվեց, որ իշխանությունը երկրում զավթվի ստրկամիտ ու խամաճիկային կոմպրադորային խավի կողմից, որը հանուն անձնական ու կլանային շահի երկիրը հասցրեց սնանկացման եզրագծին:

«Դե ֆակտո» անկախությունն այդպես էլ իրականություն չդարձավ` յուրային, այն է` ազգային շահերով առաջնորդվող վարչակազմի բացակայության պատճառով:  Փոխարենը մենք գործ ունենք ապազգային և անմարդկային մի համակարգի հետ, որը օտար զավթիչի կրքոտությամբ ու նպատակասլացությամբ կեղեքում է երկիրն ու ժողովրդին` ստիպելով նրան զանգվածաբար արտագաղթել Հայրենիքից:

Յուրային ժողովրդի դեմ աշխատող  հանցավոր այս համակարգի գործունեությունն այժմ արդեն հանգում է իր տրամաբանական ավարտին: Այլևս ի վիճակի չլինելով պահել անկախ պետականության վերջին մնացորդները, նա հապշտապ կերպով նախաձեռնել է Հայաստանը Մաքսային, իսկ դրանից հետո` նաև Եվրասիական Միությանը միացնելու սին փորձերը:

Ռուսական կայսրության նորացված տեսքով վերականգնվելու գործընթացը, անխուսափելի տրամաբանությամբ նորից հանգեցնելու է Արցախի հարցի նորովի սրմանը՝ Հայաստանից նրա «դե ֆակտո» օտարման միակ լուծման հեռանկարով:

Նախախորհրդարանը,  ի տես հայկական պետականության կորստի ռեալ վտանգի, այս հիշարժան ու տոնական օրվա կապակցությամբ ոգեկոչելով արցախյան պայքարը և հաղթանակը, իր վստահ համոզմունքն է արտահայտում, որ մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական պայքարի նոր փուլում Արցախի հարցի հերթական սրումը ավարտվելու է ազգադավ վարչախմբի տապալմամբ և  ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման նոր համակարգի ստեղծմամբ, որի միջոցով էլ հնարավոր կլինի ապահովել  հայկական պետության ինքնիշխանությունը և  Արցախի հարցի  «դե յուրե» լուծումը՝ Հայաստանի հետ  միավորումը:

Մե՛նք ենք տերը մեր երկրի…

12.02.2014 թ.

 

Share Button