Արդեն ճգնաժամի մեջ գտնվող որևէ համակարգ հակացուցված է Հայաստանին (տեսանյութ)

2013 թ. նոյեմբերի 11-ին Նախախորհրդարանը հանդես եկավ հանրային քննարկմամբ «Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Սոցիալ-տնտեսական ոլորտը» թեմայով: Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացրեց ծրագիրը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ
– Մենք այսօր ունենք երկիր և տնտեսություն, որը ենթակայեցված ու գաղութացված է:
– Մենք այսօր ունենք սպառողական, ընդ որում՝ ներկրված ապրանքների սպառման վրա հիմնված տնտեսություն, հումքային կցորդի վերածված և մակաբուծային բանկային համակարգով պայմանավորված տնտեսական կառուցվածք:

1. Հայաստանի և համաշխարհային ճգնաժամերը ապացուցում են, որ չկան արժեքային համակարգից և սոցիալ-տնտեսական հարաբերություններից լրիվ անկախ տնտեսական հարաբերություններ:
2. Տնտեսական հարաբերություններն ինքնանպատակ չեն. տնտեսությունը, ի վերջո, մարդու , համայնքի, ազգի, պետության տևական բարօրության համար է:
3. Ճգնաժամերը նաև ապացուցում են, որ առավելագույն շահույթի ձեռբերման վրա հիմնված համակարգը պատմության ընթացքում մարդկային աղետների պատճառ է դարձել և շարունակում է դառնալ. այն այլևս սպառել է իրեն:
4. Այսօր արդեն հրամայական կա լրջորեն խորհելու նոր համակարգի ձևավորման մասին, որը հիմնված կլինի համերաշխության, համագործակցության և ավելի մարդկային սկզբունքների վրա:
5. Ճգնաժամերը մեզ թելադրում են ընտրել նոր համակարգ: Հայաստանը, փորձելով ընտրել նոր համակարգ, թակարդում կհայտնվի, եթե որդեգրի արդեն ճգնաժամի մեջ գտնվող մեկ այլ համակարգ:
6. Հնարավոր չէ օլիգարխիայի առկայությամբ նոր զարգացում ապահովել Հայաստանում:
8. Հայաստանին այս իրավիճակը թելադրում է իր սոցիալ-տնտեսական ծրագիրը մշակելիս և իրականացնելիս ընտրել այնպիսի ռազմավարություն, որը թույլ կտա միաժամանակ բաց լինել արտաքին աշխարհի առջև և օգտվել դրա հնարավորություններից, սակայն պատրաստ լինել իր ինքնաբավությամբ ապահովել երկրի պահանջները: