Նախախորհրդարանը պատրաստում է յուրային իշխանության սաղմերի ծնունդը

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Հայկական ազգային ռադիոյի «Հայեցակետ» հաղորդաշարին: (ՄԱՍ 2)

Հարց. Նախախորհրդարանը հանդես է գալիս այլընտրանքային իշխանության ձևավորման թեզով: Արդեն հայտարարվել է, որ Նախախորհրդարանը Հիմնադիր Խորհրդարան դառնալու ճանապարհին է: Ի՞նչ է դա նշանակում:

Գարեգին Չուգասզյան. Մինչև բուն հարցին պատասխանելը, նախ ասեմ, որ կան մոլորյալներ: Ոչ բոլորի համար է ակնհայտ, որ Հայաստանում առկա քաղաքական իշխանության ինստիտուցիոնալ կառուցվածքը «ծուռ հայելի» է. այն իրականում բովանդակազուրկ է, և մենք անընդհատ ստիպված ենք լինելու մեր ճակատներով բախվել այդ կեղծ իրականությանը՝ փորձելով մասնակցել «ընտրությունների», որը կազմակերպել է տվյալ վարչախումբը՝ ապազգային ռեժիմը։ Եթե մենք համաձայնվում ենք, որ ներկա համակարգը «ծուռ հայելի է», ապա բոլոր մյուս տարբերակները քննարկման համար ընդունելի են: Եթե փակուղի է, ինչպե՞ս կարող ենք մենք մեր ներկայացուցչական մարմինը ստեղծել։

Հիմնադիր Խորհրդարան
Նախախորհրդարանն իր առաջարկով արդեն հանդես է եկել, և այդ առաջարկը չի փոխվել ծնված օրից: Հենց «Նախախորհրդարան» անվանումը հուշում է, որ այն նախա-Խորհրդարան է: Այսինքն՝ դրան պետք է հաջորդի մեկ այլ փուլ, որը մենք կոչում ենք Հիմնադիր Խորհրդարան։ Նախախորհրդարանը պատրաստում է այն սաղմերի ծնունդը, որոնք կարող են դառնալ յուրային իշխանություն և լեգիտիմացվել ժողովրդի կողմից։ Խնդիրը՝ այլընտրանքային, բայց յուրայի´ն իշխանության ստեղծումն է։ Բոլոր մնացած քաղաքական այլընտրանքները, որոնք ընդունում են, որ գործող համակարգից դուրս պիտի ծնվի և նորացվի մեր պետականությունը, մեզ համար ընդունելի գործընկերներ են, և մենք պատրաստ ենք քննարկել, թե ինչ ճանապարհով պետք է ստեղծվի ժողովրդին ներկայացնող այդ յուրային իշխանությունը:

Ինքնառաջադրում
Բնականաբար, այստեղ ներկայացման խնդիր կա. այդ մարդիկ պետք է ներկայացնեն ժողովրդին։ Բոլոր շարժումների և դիմադրությունների պարագայում կան փոքրաթիվ կամավորներ (այդպես է եղել նաև Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ ստեղծվեց զուգահեռ, այլընտրանքային իշխանության սաղմը, որը հետագայում դարձավ իշխանություն։ Ուրիշ հարց, որ հետագայում բազմաթիվ սխալների պատճառով այն այլասերվեց: Բայց մենք հասանք մեր գլխավոր նպատակին՝ Արցախը ազատագրվեց, և մենք դարձանք միջազգային իրավունքի սուբյեկտ)։ Ուստի, ութսունական թվականների փորձը մեզ հուշում է, որ պետք է ստեղծել զուգահեռ, այլընտրանքային իշխանություն։ Ըստ մեզ՝ դա պետք է արվի ժողովրդի ակտիվի կողմից՝ քաղաքացիականորեն և քաղաքականորեն ակտիվ անձերը իրենց այդ մարմնի մեջ պետք է առաջադրեն իրենց ներկայացուցիչներին: Դա առաջին քայլն է այս փակուղուց դուրս գալու համար: Մենք հարթակ ենք առաջարկում բոլոր մտահոգ, արժանապատվություն ունեցող քաղաքացիներին՝ մասնակցելու այս գործընթացին։ Պահը եկել է ինքնառաջադրման: Մենք սպասելիք չունենք որևէ քաղաքական ուժից, որևէ փրկչից: Մեր ճակատագիրը պետք է վերցնել մեր ձեռքերի մեջ, որովհետև տեսնում ենք՝ ինչպես է գահավիժում Հայաստանը։ Այն մարդիկ, ովքեր մտահոգ են, չպետք է վախենան իրենք իրենց առաջադրելուց:

Կոլեգիալություն
Այդ հարթակի վրա, որը մենք կոչում ենք Հիմնադիր խորհրդարան, պետք է լինի առաջնորդող խումբ, ոչ թե առաջնորդ, քանի որ ներկայիս իրավիճակում առաջնորդը վտանգում է ամբողջ գործի հաջողությունը, որովհետև շատ հեշտությամբ կարող է թե՛ գայթակղվել, թե՛ ճնշումների և սպառնալիքների ենթարկվել, ի վերջո, այդ առաջնորդը կարող է անգամ ոչնչացվել: Շատ ավելի դժվար է վերացնել առաջնորդող խմբին։ Այդ իմաստով կոլեգիալությունը շատ կարևոր հանգամանք է։ Հաջորդ հիմնական հանգամանքը, թե ինչու սա պետք է լինի կոլեգիալ և ներկայացուցչական այն է, որ մենք մի հրեշին մի ուրիշ հրեշով չպիտի փոխարինենք, և պիտի լինի հետադարձ կապ և ժողովրդավարություն, որով հնարավոր կլինի կանխել նոր իշխանության հնարավոր հրեշացումը:

                               ՄԱՍ 4` Ի՞նչ էր պակասում մեզ 88-ի շարժմանը
Share Button