Ժողովուրդն իր ձայնը կտա կնքվող պայմանագրերի միջոցով

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Հայկական ազգային ռադիոյի «Հայեցակետ» հաղորդաշարին: (ՄԱՍ 3)

Հարց. Նախախորհրդարանի տեսլականի, պլանների մասին խոսելուց բացի կցանկանայի նաև խոսել Նախախորհրդարանի հանրային ընկալման մասին։ Բնական է, որ ցանկացած քաղաքական ուժ ունի հետևորդներ, հակառակորդներ, մրցակիցներ և անգամ թշնամիներ։ Այստեղ Նախախորհրդարանը բացառություն չէ։ Հնչում է տարբեր տեսակի քննադատություն, և քննադատություններից մեկն էլ Նախախորհրդարանի անջատականությունն է, որ, փաստորեն, կարևորագույն ընդվզման փուլերում միշտ որպես առանձին ուժ է փորձում հանդես գալ։ Ի՞նչ կարող եք ասել։

Գարեգին Չուգասզյան. Նախ` համաձայն չեմ այն գնահատականի հետ, որ մենք հանդես ենք գալիս որպես առանձին ուժ։ Մենք երբեք մեր դրոշակը չենք բարձրացրել որպես պարտադիր առաջնորդ այն ընթացքներում, երբ ժողովուրդը ընդվզած է եղել։ Եվ շատ օրինակներ կարող եմ բերել։ Օրինակ, նախագահական հերթական կեղծ ընտրություններից հետո առաջացավ մի իրավիճակ, երբ ժողովուրդը ընդվզել էր, անկախ նրանից, թե ում էր ձայնը տվել: Եվ մենք այդ ընդվզմանը միացանք ոչ թե որպես մի ուժ, որն իր ձեռքը պետք է վերցնի ամեն ինչ, այլ մենք միացանք այդ պահի առաջնորդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Ուրիշ հարց է, որ մեր առաջարկները չընդունվեցին։ Մենք գտնում էինք, որ սահմանադրական դատարանով չի վերջանալու, ավելի ճիշտ՝ սահմանադրական դատարանը չի հաստատելու, և առաջարկներ էինք արել` ստեղծելու այլընտանքային իշխանության սաղմերը հենց այն ժամանակ, երբ ժողովուրդը ընդվզած է։ Դժբախտաբար, մեր առաջարկը չլսվեց։

Ես ուրիշ օրինակներ նույնպես կարող եմ բերել։ Ասենք, երբ տրանսպորտի հետ կապված ընդվզում եղավ, Նախախորհրդարանը չբարձրացրեց իր դրոշը՝ ասելով, թե մենք ենք առաջնորդելու անպայման։ Մենք միացանք ընդհանուր ընթացքին։ Նույնը հիմա կուտակայինի պարագայում է։ Եթե կլինեն այլ ուժեր, այլ լուծումներ, որոնք ավելի ընդունելի կլինեն մեր ժողովրդի համար, մենք՝ ինքներս, կմիանանք այդ լուծմանը։ Այստեղ որևիցե դոգմայի խնդիր չկա։ Ուրիշ հարց, որ այսօր, ճիշտն ասած, չեմ տեսնում հրապարակում առաջարկված մի ալգորիթմ, մի ընթացակարգ, որը ցույց տա, թե ինչպես կարելի է փակուղուց դուրս գալ։ Բոլորը սպասում են մի հրաշքի, որ հայ ժողովուրդը հիմա կընդվզի, ու լուծումը ի հայտ կգա։ Նախախորհրդարանը ավելի բանական ճանապարհի կողմնակից է։ Ես հասկանում եմ, որ կա այդ ընդվզման պահը՝ իռացիոնալ պահը, և առանց դրա չի կարող լինել, բայց առանց բանականության նույնպես չի կարող լինել, քանի որ մենք չունենք այդքան հնարավորություններ. մեր բանականությունն ու զգացմունքը պետք է իրար հետ աշխատեն։

Հարց. Ազգային վերնախավի ձևավորումը շատ կարևոր է, բայց դա արժեք չունի, եթե չկա լեգիտության, իրավասության պարագան: Ցանկացած վերնախավ ձևավորվելով պետք է ստանա ժողովրդի ձայնը՝ ձեռք բերելով լեգիտիմությունը: Նախախորհրդարանը ինչպե՞ս է ապահովելու ժողովրդի մասնակցությունը Հիմնադիր Խորհրդարանի ձևավորմանը և ինչպե՞ս է պատկերացնում ժողովրդից լեգիտիմություն ստանալու գործընթացը:

Գարեգին Չուգասզյան. Շատ կարևոր հարց է: Այդ խումբը, որ պետք է ձևավորվի և որին մենք պայմանականորեն կոչում ենք Հիմնադիր խորհրդարան, կոլեկտիվ պայմանագիր է կնքում ժողովրդի հետ։ Այդ պայմանագրում հստակ ձևակերպվում են այն պարտավորությունները և իրավունքները, որոնք Հիմնադիր խորհրդարանը իր վրա է վերցնում և այն լիազորությունները, որոնք ժողովուրդը իրեն տալիս է։ Այդ պայմանագրի կնքումը կարող եք պայմանականորեն կոչել հանրաքվե, որն իրականացվում է հենց պայմանագիր կնքելով։ Ժողովուրդը, ծանոթանալով այդ խմբի գործունեությանը, ծրագրին, անձերին, տալիս է իր ձայնը, և որոշակի քանակի ստորագրությունների հավաքումից հետո այդ մարմինը լեգիմիտացվում է՝ որպես զուգահեռ իշխանություն։ Սա շատ պարզ, բայց տևական ընթացք է։ Իհարկե, կա այլ ճանապարհ. դա հրապարակում ոտքերով քվեարկությունն է: Սակայն Եգիպտոսի օրինակով մենք տեսանք, որ երկիրն ընկավ ցնցումների մեջ: Իսկ մենք իրավունք չունենք ցնցումների ճանապարհով գնալ, որովհետև պատերազմող երկիր ենք։

ՄԱՍ 1`  Որոշում կայացնողները օտարված են ժողովրդից

ՄԱՍ 2` Նախախորհրդարանը պատրաստում է յուրային իշխանության սաղմերի ծնունդը

ՄԱՍ 4` Ի՞նչ էր պակասում մեզ 88-ի շարժմանը