Որոշում կայացնողները օտարված են ժողովրդից

admin-ajaxՆախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը Հայկական ազգային ռադիոյի «Հայեցակետ» հաղորդաշարին: (ՄԱՍ 1)

Հարց. Առաջին ամենակարևոր իրադարձությունը, կարծում եմ, հունվարի 18-ին բազմակուսակցական հավաքն էր, որը կարծես համախմբել է և՛ քաղաքացիական շարժման մի մասը, և՛ խորհրդարանական ընդդիմությանը։ Ինչպե՞ս կգնահատեիք այս իրադարձությունը։

Գարեգին Չուգասզյան. Նախ՝ այդ հավաքը չէի կոչի բազմակուսակցական, քանի որ այստեղ ժողովրդի ընդվզման հերթական դրսևորումն է՝ անկախ մարդկանց պատկանելությունից՝ քաղաքական, հասարակական և այլն: Այստեղ կուզեի ընդգծել ժողովրդի արթնեցման հանգամանքը։ Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, որը կաթիլ-կաթիլ լցվում է, և ես սա եմ կարևորում: Նախախորհրդարանը նույնպես կարևորում է սա և մասնակցում այս ընթացքին: Անկախ արդյունքից՝ մեզ համար կարևորն այդ ընդվզմանը մասնակցելն ու դրան նպաստելն է:

Հարց. Կան որոշակի տարաձայնություններ և տարբեր մոտեցումներ քաղաքացիական հատվածի և պաշտոնական ընդդիմության միջև: Այդ հակասությունները հաղթահարելի ե՞ն այս ձևաչափի մեջ, թե՞ ձևաչափի փոփոխության կարիք կա:

Գարեգին Չուգասզյան. Ես կցանկանայի, որ մենք որոշակի համատեքստում դիտարկենք այս հարցը: Եթե խոսում ենք՝ որն է պատճառը, որն է հետևանքը, ապա պարզ է, որ կենսաթոշակային հիմնադրամի խնդիրը, գազի թանկացումը, օտարալեզու դպրոցների բացումը, սրանք բոլորը հետևանքներ են ինչ-որ մի ավելի լուրջ պատճառի, և եթե պատճառը չվերհանենք, ապա դատապարտված ենք ամեն անգամ մասնակցելու տարբեր ընդվզումների, (չնայած ես կողմնակից եմ այս արթնեցմանը և ինքս էլ մասնակցելու եմ այդ ընդվզմանը)։ Եթե մենք փորձենք պատճառը պարզել, ակնհայտ է, որ որոշում կայացնողները (ի դեպ, այդ որոշումները կարող են ճակատագրական լինել ամբողջ ժողովրդի համար) որևիցե ձևով չեն ներկայացնում ժողովրդին, իրենք օտարված են ժողովրդից, ինչ-որ իմաստով անգամ նշանակված են ժողովրդի գլխին` որպես վերակացուներ։ Եթե այս խնդրիը մենք հասկանում ենք և հասկանում ենք, որ կա որոշումներ կայացնողների` յուրային վարչակազմի, յուրային կառավարության, ներկայացուցչական կառավարության ստեղծման խնդիր, ամեն ինչ կընկնի իր տեղը, և պարզ կդառնա, թե ով է ընդդիմություն, իսկ ով՝ ոչ։ Քանի դեռ կա «ծուռ հայելիների» այս թագավորությունը, մենք դատապարտված ենք ամեն անգամ պայքար մղել ճակատագրական որոշումներ կայացնողների դեմ։ Հետևաբար, մենք կարծում ենք, որ հիմնական խնդիրը յուրային կառավարություն ստեղծելն է: Ընդ որում՝ սա նաև անկախ պետականությանը տրված միջազգային իրավունքի սահմանումն է, համաձայն որի՝ անկախ պետականությունը բնորոշվում է չորս հատկանիշով․

  1. Կայուն բնակչություն,
  2. Կայուն սահմաններ,
  3. Յուրային իշխանություն,
  4. Արտաքին հարաբերություններ վարելու կարողություն:

Մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այս չորսի մեջ ամենակարևոր հանգամանքը յուրային իշխանության խնդրին է՝ քեզ ներկայացնող, քո ազգային շահերը հետապնդող իշխանության առկայությունը։ Մենք կարող ենք ամենայն պատասխանատվությամբ պնդել, որ չկա նման իշխանություն, և քանի դեռ չկա նման իշխանություն, մնացած երեք կետերը չես կարողանալու ունենալ (այսինքն՝ կայուն բնակչություն չես ունենալու. արտագաղթը շարունակվելու է, սահմանների հարցը բաց է մնալու, ինչպես Արցախի պայարագում, և արտաքին հարաբերություններ վարելու կարողություն չես ունենալու, ինչպես երևաց գազային պայմանագրի պարագայում)։ Մենք պետք է վերականգնենք մեր ձայնը, ժողովրդի ձայնը. քաղաքացիները պետք է յուրացնեն իրենց պետությունը։ Սա է հիմնական խնդրիը։

                               ՄԱՍ 4` Ի՞նչ էր պակասում մեզ 88-ի շարժմանը