Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ

Նախախորհրդարանը շնորհավորում է հայ ժողովրդին ազգային բանակի 22-րդ տարեդարձի առթիվ: Սա քաջ ու անձնուրաց, հայրենիքին անմնացորդ նվիրված մարդկանց տոնն է։

Հայոց բանակը ստեղծվեց պատերազմի ահեղ օրերին ողջ ազգի հավաքական ուժով ու ջանքով, կամավորության ու անձնուրացության ոգով, և հենց դա ապահովեց մեր հաղթանակը, ազատությունն ու արժանապատվությունը:

Մենք շնորհավորում ենք հայ զինվորներին ու սպաներին, ազատամարտիկներին, կամավորներին, բոլոր նրանց, ովքեր  առնչվել են բանակի կայացմանը։ Շնորհավորում ենք ողջերին ու զոհվածներին և խոնարհվում ենք նրանց և նրանց հիշատակի առաջ։

Այս տոնական օրը մենք ցավակցում ենք զինադադարից հետո բանակում նահատակված զինվորների ընտանիքներին: Հայոց բանակը պաշտպանում է ժողովրդին ու պատկանում է ժողովրդին, միաժամանակ բանակն ինքը կարիք ունի պաշտպանության` կեղծիքից ու կաշառակերությունից, բռնությունից ու սոցիալական անարդարությունից, որոնք ներթափանցում են զինված ուժեր հանցավոր վարչախմբի ջանքերով: Մայոր Վահե Ավետյանի սպանությունը, գնդապետ Արտակ Բուդաղյանի վրա մահափորձը, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի բանտարկությունը ակնհայտ կերպով բացահայտում են քրեական օլիգարխիկ համակարգի իրական վերաբերմունքը հայոց բանակի պատվի ու արժանապատվության հանդեպ:

Այսօր մեր զինված ուժերի համար հիմնական սպառնալիքը և գլխավոր փորձությունը ոչ այնքան հակառակորդի ռազմական հարձակման վտանգն է, որքան իշխանության ապօրինի ոտնձգությունները բանակի սահմանադրական կարգավիճակի դեմ: Դրա ապացույցը այսպես կոչված «արտակարգ իրավիճակներում» բանակը հասարակության դեմ օգտագործելու, այսինքն գաղութային ադմինիստրացիայից ձերբազատումը բանակի միջոցով ճնշելու խայտառակ որոշումն է: Սակայն մենք վստահ ենք, որ վճռական պահին բանակը կլինի ժողովրդի կողքին ու կնպաստի, որ այն անցնցում լինի։

Հաճախ ասում են, որ բանակը Հայաստանի ամենակայացած կառույցն է: Իրականում, բանակում արտացոլված են այսօրվա տապալվող պետական համակարգի բոլոր արատներն ու թուլությունները: Այնտեղ ևս սողոսկել է վաշխառության հեղձուցիչ թաթը և թափանցել է արտագաղթի ախտը։

Մենք մաղթում ենք մեր բանակի սպայական կազմին հավատ առ Հայաստանի ապագան, համոզվածություն, որ գաղութացումից ազատագրումը իրականանալու է և աներեր կամք՝ հայ ժողովրդի պաշտպանության գործում։

Նշելով զինված ուժերի տարեդարձը, մենք հաստատում ենք նոր որակի ազգային ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն կառուցելու մեր պատրաստակամությունը, որի երաշխավորն ու հպարտությունն է լինելու Հայոց Բանակը:

Share Button