«Սերժ Սարգսյանի գործունեության գնահատականը` 0». Վարդան Հակոբյան

Քաղաքական, հասարակական, մշակութային և այլ ոլորտների ներկայացուցիչներին PressIdent.am-ը հարցեր է ուղղել, որոնք պարբերաբար կներկայացնենք մեր ընթերցողների ուշադրությանը: Նշենք, որ առաջիկայում միևնույն հարցերը կուղղենք նաև մեր համաքաղաքացիներին՝ ցույց տալու համար մեր երկրում տիրող հասարակական տրամադրությունների որոշակի պատկերը: PressIdent.am-ի հարցերը հետևյալն են. – 5 բալանոց համակարգով ի՞նչ կնշանակեք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքին և ինչո՞ւ: – 5 բալանոց համակարգով ի՞նչ կնշանակեք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շխատանքին և ինչո՞ւ: – ՀՀ-ում իրատեսական համարո՞ւմ եք իշխանափոխությունը և ո՞ր ուժի մասնակցությամբ: – Ըստ Ձեզ՝ ՀՀ-ի ներկայիս իշխանությունները բռնատիրության ուղի՞ն են բռնել: – Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ւմ պաշտոնանակ կանեիք:   «Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը, պատասխանելով PressIdent.am-ի հարցերին, հետևյալ պատասխանն է տվել, որն էլ ամփոփ  ներկայացնում ենք: – Սերժ Սարգսյանի գործունեության գնահատականը տալիս է պետության մեջ օրենքների կիրառման համաչափությունը: Քանի որ նախագահը Սահմանադրության կիրառման երաշխավորն է, մեզանում օրենքներն անտեսելն ու Սահմանադրության չգործելը տալիս է Ս. Սարգսյանի գործունեության գնահատականը` 0: Վարչապետը ի պաշտոնե պատասխանատու է երկրի տնտեսության, ենթակառուցվածքների, սոցիալական վիճակի, բանակի նորմալ և արդյունավետ աշխատանքի համար, և իր գնահատականը կախված է նրանից, թե որքանով են այդ ոլորտները գործում արդյունավետ: Տնտեսություն մեր երկրում պարզապես գոյություն չունի, եղածն էլ` առևտրային ոլորտը, խիստ մոնոպոլիզացված է: Սոցիալական ոլորտում ունենք աղքատության եռակի աճ և պետական պարտքի կտրուկ ավելացում: Հաշվի առնելով, որ վարչապետը եղել է վաշխառուական բանկային համակարգի հիմնադիրներից մեկը, կարելի է եզրակացնել, որ վարչապետը մեր երկրի տնտեսության քայքայման հիմնական գործիքն է: Իսկ այն, ինչ կատարվում է ենթակառուցվածքների ոլորտում, կարելի է կոչել ուղղակի գաղութացման քաղաքակնություն, երբ կարևորագույն ոլորտները նվիրվում են օտար երկրներ ներկայացնող կորպորացիաներին: Նույն անմխիթար վիճակը բանակում է, որն ավելի շատ հիշեցնում է սպանդանոց, որին ղեկավարում են օլիգարխ գեներալները: Եթե սրան էլ գումարենք ահռելի արտագաղթը, ապա վարչապետի աշխատանքը իջնում է զրոյից ցածր: Ձեր վերջին երեք հարցերին կպատասխանեմ մեկ ենթատեքստում: Հայաստանում կան բոլոր փաստարկները, որոնք թույլ են տալիս կարծել, որ ներկա իշխանությունները,  չունենալով ժողովրդական լծակներ, անցել են բռնատիրությանը հատուկ կառավարման ձևի: Դա են վկայում քաղբանտարկյալների առկայությունը, օրենքների ընդունման ձևաչափերը, երբ Ազգային ժողով կոչված միլիոնատերերի ակումբը վավերացնում է ամեն ինչ, ինչ առաջարկում է կառավարությունը, եթե նույնիսկ դրան դեմ են ընդդիմադիր խմբակցություններն ու հասարակական լայն շերտերը, եթե նույնիսկ այդ որոշումը հակասահմանադրական ու հակաօրինական է: Իսկ բռնատիրական համակարգում չի կարող լինել անձերի խնդիր, բոլորը համակարգի անբաժանելի մասն են: Հետևաբար լուծումը նոր համակարգի ստեղծման մեջ է, որտեղ կադրային առումով տեղ չեն ունենա նախկին համակարգի որոշիչ օղակներում աշխատած մարդիկ, որտեղ հստակ չափորոշիչներ կգործեն, ինչի շնորհիվ մինիմալի կհասցվի ապաշնորհի ներթափանցումը կառավարման համակարգ և ազդեցությունը երկրի զարգացման ռազմավարական ուղու վրա: Իշխանափոխությանը կգերադասեի համակարգափոխությունը, որը հնարավոր է մեր երկրի առողջ սերուցքի ներգրավման պարագայում, որոնք կձևավորեն խորհրդարանը և կառավարությունը, անկախ կուսակցական պատկանելությունից:

Աղբյուրը` president.am

Share Button