Ամեն ինչ մեր ձեռքում է

Կարծում եմ, որ անցյալ տարին հատկանշվեց երկու երևույթներով՝ վերահաստատվեց  արդեն տարիներ ի վեր ապացուցված այն փաստը, որ Հայաստանում, ցավոք, անհնար է համակարգի ներսում փոփոխությունների հասնելը, և, որ փոփոխություն իրականացնելու համար հարկավոր  է  դուրս գալ համակարգից, և այն իրականացնել այլընտրանքային, այլ ոչ հենց այդ նույն համակարգի «ընձեռած» միջոցներով: Այսինքն՝ ընտրությունները և ընտրությունների արդյունքում առաջացած մարմինները որևէ փոփոխության հույս չեն կարող ներշնչել: Անցյալ տարին սկսեցինք այդ իրողությամբ՝ փետրվարյան նախագահական ընտրություններով: Եվ քաղաքական տարին, կարելի է ասել, ավարտեցինք դեկտեմբերի քսաներեքին, երբ մեր «փառապանծ»  Ազգային ժողովը իր Հանրապետական կուսակցության մեծամասնությամբ վավերացրեց Հայաստանի կապիտուլյացիան՝ ի դեմս Գազային պայմանագրի: Ապացուցվեց, որ ռեժիմի վերահսկողության տակ կազմավորված  «ընտրովի» մարմինները պարզապես ստեղծվել են ռեժիմի հակազգային և հակապետական որոշումները վավերացնելու համար: Դա հերթական անգամ ապացուցվեց դեկտեմբերի քսաներեքին, և տարին սկսվեց  և ավարտվեց այն համոզմամբ, որ փոփոխություններ իրականացնելու համար պետք է դիմել համակարգից դուրս գտնվող միջոցների, այլ ոչ թե այն փնտրել համակարգի ներսում: Տարվա երկրորդ ամփոփումը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի քսաներեքի խորհրդարանական օրը, եկավ ապացուցելու նաև այն, ինչ «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունը դեռևս անցյալ տարեսկզբից հնչեցրել է: Այն է՝  Հայաստանի նոր գաղութացման ենթարկվելու փաստի առկայությունը, ինչպես նաև՝ ազգային- ազատագրական պայքարի կարգախոսը:

Իրականում տարին ավարտվեց սեպտեմբերի երեքին, երբ շատ ավելի հստակ ու տեսանելի դարձավ Հայաստանի նոր գազութացման գործընթացը։ Դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահ Պուտինի այցով և պայմանագրերի շուրջ համաձայնությամբ ավելի հստակ դարձավ Հայաստանի անկախության ատրիբուտների կորստի փաստը: Իսկ դեկտեմբերի քսաներեքին այն հասավ իր վերջնակետին։ Դեկտեմբերի քսաներեքը  հանդիսացավ և իր մեջ խտացրեց տարվա գլխավոր երկու  ամփոփումերը: Առաջինը՝ Հայաստանում համակարգի ներսում փոփոխություններ իրականացնելու անհնարինությունը և դրանից բխող եզրակացությունը՝ փոփոխությունները այլընտրանքային քաղաքական ճանապարհներով փնտրելը անխուսափելի է: Եվ երկրորդը՝ Հայաստանի գաղութացումը և դրանից բխող եզրակացությունը՝ ազգային-ազատագրական նոր պայքարի ծավալման անհրաժեշտությունը։

2013թ. Հայաստանում ուժեղացավ և առավել մեծ թափ ստացավ նախորդ տարիներին հետզհետե ձևավորված քաղաքացիական շարժումը, և դա միանշանակ ողջունելի է: Ընդունելով, որ դա անչափ դրական երևույթ է, պետք է ասել, որ 2013թ. քաղաքացիական շարժման հզորացումից քաղած մեր գլխավոր դասն ու խորհուրդը այն է, որ բացառապես քաղաքացիական պայքարով և քաղաքացիական նպատակներով հնարավոր չէ իրողությունը էապես փոխել:  Սրանից բխող եզրակացությունը այն է, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ և ակտիվիստները, քաղաքացիականի ոգին և մասնակցելիությունը պահելով հանդերձ՝ պետք է պայքարը բարձրացնեն մեկ այլ  որակական աստիճանի և հասցնեն քաղաքական մակարդակի: Քանի որ ուզենք, թե չուզենք խնդիրը քաղաքական է, և, հետևաբար, լուծումը ևս պետք է քաղաքական լինի։ Սա շատ կարևոր խորհուրդ է, որը մեզ տվեց 2013 թվականը, և, որը անհրաժեշտ է կիրառել 2014թ.։

Միջազգային և համաշխարհային մակարդակներում վերջին երկու ամսվա ընթացքում գլխավոր զարգացումը Արևմուտք-Իրան հարաբերությունների ջերմացումն էր: Ավելի հստակ՝ ԱՄՆ և Իրան հարաբերությունների սառցահալը և անչափ լարված հարաբերությունների մեղմացումը համաշխարհային մաշտաբով և իր բոլոր անդրադարձներով, ինչպես նաև այն, ինչ մեզ հետաքրքրում է մեր տարածաշրջանում։ Դա զուգակցվեց և զուգակցվում է Ռուսաստանի դիրքերի առավել կոշտացմամբ: Եվ կարելի է ասել, որ Արևմուտք -Իրան հարաբերությունների մեղմացումը ինչ-որ չափով այդ կոշտացման պատասխանն էր: Վերջին տարիներին զուգահեռաբար նկատելի է նաև Թուրքիայի ինքնավստահության խարխլումը, մեր տարածաշրջանում ու Մերձավոր արևելքում Թուրքիայի դիրքերի հետընթացը և Իրանի դիրքերի առաջընթացը, հատկապես, եթե նաև հաշվի առնենք Սիրիայում և ընդհանրապես Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս բոլորը Հայաստանի համար զուգակցվեցին նաև մեզ ամենից շատ հուզող և մեր ճակատագրի հետ կապված զարգացումների հետ, ինչպիսիք են Հայաստանի Մաքսային միությանը միանալու հարցը և Գազային համաձայնագրի ընդունումը, որոնցով Հայաստանը ինքնիշխանության ատրիբուտների կորստի առջև հայտնվեց։ Մի կողմից՝ մենք տեսնում ենք տարածաշրջանում զարգացումներ, որոնք Թուրքայի և Իրանի դիրքերի փոփոխության արդյունքում Հայաստանին պետք է տեսականորեն հնարավորություն ընձեռեին, և դեռ պետք է ընձեռեն, օգտվել ստեղծված իրավիճակից առավել մտածված ու հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարելով և ամրապնդելով սեփական դիրքերը: Սակայն, մյուս կողմից, այդ տարածաշրջանային փոփոխությունները տեղի են ունենում Հայաստանի ինքնիշխանության կորստին զուգահեռ, և, փաստորեն, Հայաստանը իր  իսկ մեղքով կորցնում է այդ պատմական իրադրությունից օգտվելու հնարավորությունը։ Հետևաբար, մենք պարադոքսալ իրականության մեջ ենք գտնվում: Մի կողմից՝ տարածաշրջանային հնարավորությունների ընձեռում, իսկ մյուս կողմից՝ փաստացի այդ հնարավորությունների դիմաց պատնեշի կառուցում: Որքան էլ այդ պատնեշը կառուցվում է Ռուսաստանի կողմից, այնուհանդերձ Հայաստանում իշխող և նաև իրար հաջորդող վարչախմբերի վարած քաղաքականության հետևանքով տարիներ ի վեր բացակայում  է Հայաստանի և իրենից հարավ գտնվող տարածաշրջանի միջև այդ պատնեշի կառուցմանը դիմակայելու կամքը: Այդ քաղաքականության և նաև լծակների կորստի հետևանքով պակասում է նաև Մոսկվայից եկող լուրջ ճնշումներին դիմակայելու և տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակից օգտվելու հնարավորությունը։ Այս ամենը կատարվում է հիմնականում մեր մեղքով, Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով, քանի որ մենք ներքնապես առողջ լինելու դեպքում կկարողանայինք և կկարողանանք դիմակայել արտաքին բացասական ճնշումներին և օգտվել այդ դրական զարգացումներից։ Մեղքը առաջին հերթին  մեր մեջ պետք է փնտրել ու գտնել: Իսկ մնացած ուժերը, բնականաբար, հետապնդում են իրենց անձնական շահերը: Սակայն, եղած հնարավորությունների առայժմ ունեցած կորուստը չպետք է մեզ թույլ տա մտածել, որ սա  ճակատագիր է: Հակառակը՝ ներքին քաղաքացիական շարժման և քաղաքական գիտակցության վերելքը մեզ պետք է վստահություն ներշնչի, որ մենք անպայման կարողանալու ենք մեր տան խնդրիները ինքներս լուծել: Իսկ ներքին խնդրիները լուծելուց հետո նաև մեր հարևանների հետ հաստատել այնպիսի հարաբերություններ, որոնք կբխեն ժողովրդի, մեր պետության, պետականության շահերից, և, իհարկե, ոչ ի վնաս այդ պետությունների շահերի, սակայն նաև այն պայմանով, որ վտանգված չլինեն մեր սեփական շահերը:

Ինչու՞ է արտաքին ուժերին և հայաստանյան վարչախմբին հաջողվել և հաջողվում ի հեճուկս ժողովրդի մեծամասնության շահերի և պետական ազգային շահերի իրականացնել մեծ ծրագրեր տարիներ ի վեր: Ինչու՞ մենք՝ որպես ժողովուրդ, չենք կարողացել ընդդիմանալ այդ քայլերին այնպես,  ինչպես անհրաժեշտ է։ Իհարկե, այս իրողության պատճառները գտնելու համար կարող ենք ընկնել պատմական վերլուծությունների գիրկը և բավական տրամաբանական վերլուծություններ և պատասխաններ գտնել հարցերին: Այնուհանդերձ, ես չեմ մեղադրելու մեր ժողովրդին: Մենք դժվարանում ենք քաղաքական ազգ դառնալ բառի բովանդակ իմաստով: Մինչդեռ քաղաքական ազգն է, որ իր սեփական ճակատագրին մինչև վերջ տեր է կանգնում։ Ես հավատում եմ, որ մենք առողջ ուղու վրա ենք, որովհետև հատկապես նոր սերնդի մեջ այդ գիտակցությունը գնալով աճում է: Այն ստրկամտությունը, հաշտվողականությունը և պարտվողականությունը, որ տարբեր սերունդներ կրել են, թեկուզ հասկանալի կամ ոչ հասկանալի պատճառներով, այժմ արդեն մեծամասնությանը չեն կարող վերաբերել: Իսկ որակյալ փոքրամասնության քանակական աճը հույս է ներշնչում, որ փոխվում ենք որպես ազգ, որպես ժողովուրդ և կարողանալու ենք այդ փոփոխությունը իրականացնել։ Հաստատելով հանդերձ այն փաստը, որ, եթե մեր հասարակությունը, ավելի աշխուժ և ակտիվ լիներ շատ բացասական երևույթների նկատմամբ, որոնցից մենք տուժել ենք վերջին քսան տարիների ընթացքում, ապա դրանց բացասական ազդեցությունը ավելի թեթև կլիներ, ես ուղղում եմ իմ  միակ հորդորը մեզանից յուրաքանչյուրին՝ սկսած ինձնից: Յուրաքանչյուրս իր մեջ պետք է փնտրի և գտնի պատասխանը և փիլիսոփայորեն մոտենալով խնդրին, երբեք չպետք է մտածի, որ մեր ժողովուրդը այսպիսին է և այսպիսին էլ մնալու է, և, որ մարել են բոլոր հույսերը: Հակառակը՝ յուրաքանչյուրս պետք է փոխենք մեր հաշտվողական, պարտվողական մոտեցումները, պիտի լինենք միասնական, պիտի պայքարենք ու հաղթենք: Ես հավատացած եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, որին իր երկարատև պատմության ընթացքում հաջողվել է մեծ փորձությունների միջով անցնելով դուրս գալ, այս անգամ ևս հաջողելու է։ Մենք շատ ենք փոքրացել որպես ազգ և որպես տարածք, և ետ գնալու տեղ այլևս չունենք: Եթե մի փոքր անգամ ետ գնանք, ապա կկորցնենք այն ամենն, ինչ ունենք:  Ետ գնալ կնշանակի կորցնել ունեցածը։ Մենք ազգովի պետք է գտնենք այն ուժը, որը մեզ դուրս կբերի այս իրավիճակից։

Share Button