Ստեղծվում է այլընտրանքային համահայկական հիմնադրամ

Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի,առկայությունն է:

Մինչդեռ Հայաստանում այդ համակարգը ոչ միայն յուրային չէ, այլև անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին: Նրա ապազգային և կեղեքիչ գործունեության հետևանքով վտանգված է ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը:

Ուստի այսօր հայության գերխնդիրը պետական կառավարման յուրային համակարգի  ձևավորումն է, որի լուծման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման գործը ձեռնարկել է Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը:

Իրապես համազգային մասշտաբի այս ձեռնարկումը պահանջում է զգալի միջոցներ, որոնք անհրաժեշտ են նոր հայկական պետության ստեղծման համազգային շարժում ձևավորելու համար: Մասնավորապես` հարկ կլինի.

1) մասնագետներ ներգրավել նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար,

2) Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ձևավորել ցանցային կառույց` իր գրասենյակներով,

3) ստեղծել և գործադրել տեղեկութային-քարոզչական անկախ համակարգ (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն),

4) ապահովել հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանությունը,

5) ձևավորել վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմիններ, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարան ու ապահովել դրանց լեգիտիմացումը և գործունեությունը:

Վերոհիշյալ գերխնդրի լուծման համար անհրաժեշտ է նաև չսնուցել օտարին ծառայող հանցավոր համակարգի այն քայլերը, որոնք նա կատարում է իրեն որպես յուրային մատուցելու միջոցով մեր ժողովրդին մոլորեցնելու նպատակով:

Դրան է ծառայում նաև «Հայաստան» Համահայկական հիմնադրամը: Այն վաղուց արդեն համազգային տուրքի միջոցով Հայրենիքի շենացման գործիք չէ, այլ կիրառվում է հատկապես Սփյուռքի հաշվին վարչախմբի քրեաօլիգարխիկ շահերն սպասարկելու համար:

Այս ամենի հաշվառմամբ` Նախախորհրդարանը կոչ է անում դադարեցնել նվիրաբերումները վարչախմբին և դրա փոխարեն ստեղծել այլընտրանքային համահայկական հիմնադրամ, որի գլխավոր ու հիմնական նպատակը պիտի լինի Հայաստանում պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը:

Share Button