Վերևում կուտակված հսկայական ձնագունդը մի օր ընկնելու է. Տիգրան Խզմալյանը՝ հունվարի 18-ի հանրահավաքի և սպասվելիք ընդվզման մասին

Հասարակական կյանքում փոփոխությունը նման է բնության մեջ արձանագրվող գործընթացներին, օրինակ՝ երբ ձյան հսկայական պաշար է կուտակվում, և հետո հանկարծ մի քար է ընկնում, և այդ հսկայական զանգվածը սահում է ցած՝ փակելով բոլոր ճանապարհները: Վերևում կուտակված հսկայական ձնագունդը մի օր ընկնելու է: Սա Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի կանխատեսումն է հունվարի 18-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին:

Tert.am-ի հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց.

«Այն, որ հունվարի 18-ին հավաքվում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ բողքի, դա ընդամենը՝ առիթ է: Մենք հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե կառավարության կողմից այս հերթական ավանտյուրան է, այլ՝ շատ ավելի լայն շրջանակ»,-ասաց Տիգրան Խզմալյանը՝ մանրամասնելով, թե ինչու են իրենք մասնակցում այդ հանրահավաքին:
«Մենք տեսնում ենք ժողովրդի և, հատկապես, երիտասարդ, կայացած խավի, միջին դասի ընդվզումը, որը շատ կարևոր է, որովհետև հեղափոխությունը կատարվում է ներսից, այն պահին, երբ միջին դասը՝ կայացած մարդիկ ու երիտասարդները, դուրս են գալիս բողոքի»,-ընդգծեց Տիգրան Խզմալյանը:

Նախախորհրդարանի՝ հանրահավաքին մասնակցելու հաջորդ պատճառն այն է, որ այդտեղ տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի միանալու միտում կա: «Այս ամենը մենք մասնավոր մի հարցից պետք է բերենք մինչև համակարգի դեմ պայքարի գիտակցմանը»,-ասաց Տիգրան Խզմալյանը՝ ավելացնելով.«Մենք մեր գործընկերներին պետք է համոզենք, որ համակարգի դեմ պետք է պայքարել նախ՝ համակարգով, և երկրորդ՝ համակարգից դուրս»:

Տիգրան Խզմալյանն այն համոզմանն է, որ պետք է ստեղծել մի համակարգ, որը կդառնա ներկայացուցչական իշխանություն: «Բայց դրա համար իրենց ընդդիմություն համարող կուսակցությունները պետք է գիտակցեն, որ մնալով ներկայիս Ազգային ժողովում՝ այդ միլիոնատերերի ակումբում, միայն լեգիտիմացնում և երկարացնում են այդ խամաճիկ կառույցի գոյությունը»,-ասաց Նախախորհրդարանի անդամը:

«Այս օրերին մենք թանկացած գազի վճարումներ անող մարդիկ տեսնում և գիտակցում են, որ իրենց խաբել են: Այս ամենը միայն արագացնում է այն զանգվածը, որն անխուսափելիորեն թափվելու և փակելու է ճանապարհը, որով մենք սլանում ենք դեպի անդունդ: Սա անխուսափելի է, և լինելու է շատ ավելի շուտ, քան նրանք կարծում են»,-կանխատեսեց Տիգրան Խզմալյանը՝ եզրափակելով.«Սովորաբար Հայաստանում նման բաները ձմռան վերջին և գարնան սկզբին են լինում: Մեր նորագույն պատմությունը դա է հուշում»:

Աղբյուրը` tert.am

Share Button