Ո՞րն է անդառնալիության կետը. «Այլընտրանք»

Եթե փորձենք ամփոփել անցյալ շաբաթներին Հայաստանին վերաբերող զարգացումները, ապա տեղին է հիշատակել Մարդու իրավունքների պաշտպանի դատավորների մասին արված բավական խայտառակ և սկանդալային բովանդակությամբ զեկույցը, որն, իհարկե, արտահայտում էր իրականությունը, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության հրապարակումը, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլու այցը Հայաստան, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները։ Այս բոլորը կամ ուղղակիորեն արտացոլում են այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և այն տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց ենթակա է նաև Հայաստանը։ Կարծում եմ, որ Ուկրաինայի կողմից Մաքսային միության լիիրավ անդամ դառնալու ծրագրեր գոյություն չեն ունեցել և այժմ էլ գոյություն չունեն: Դա նաև չի կարող տեղի ունենալ, համենայն դեպս, ներկա զարգացումների հետևանքով: Եվ, եթե Մաքսային միության հարցը մի փոքր ավելի որոշակի կամ կասկածելի դառնա, ապա Մաքսային միության ծրագիրը առավել ևս թեական և կասկածելի կդառնա: Դա կարևոր հանգամանք կլինի Հայաստանի Մաքսային միությունից կախվածության առումով, սակայն հիմնական խնդիրը Հայաստանի համար չի կարող լուծվել, քանի որ մեզ համար երկու խնդիր գոյություն ունի:  Առաջին շատ կարևոր խնդիրը վերաբերում է այն իրավիճակին, այն համակարգին, որն այսօր տիրում է երկրից ներս և արդեն կյանքի բոլոր ոլորտներում, որի պատճառով երկիրը համարյա արդեն անցել է համակարգային ճգնաժամի շեմը։ Այդ խնդիրը որևէ ձևով կախված չէ վերջին ամիսներին արտաքին հարաբերությունների ոլորտում տեղի ունեցած իրադարձություններից: Այսինքն՝ անկախ տարածաշրջանային և գերիշխանության խնդրից, այս հարցը գոյություն ունեցել է, և գահավիժումը այսօր շարունակվում է նույնքան արագ, որքան նախորդող ամիսների և տարիների ընթացքում։ Սրան ավելացավ նաև գերիշխանության խնդիրը, որն ավելի բարդացրեց իրավիճակը: Այդ առումով, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները, բնականաբար, ազդելու են Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման արդյունքում ստեղծված հանգամանքի վրա: Սակայն, Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների ազդեցությունը չի կարող ինքնըստինքյան փոխել Հայաստանի ներսում տեղի ունեցող այս գահավիժման պրոցեսները:  Դրա համար անհրաժեշտ է, որ մենք՝ հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները գիտակցեն իրավիճակի լրջությունը և ինքնակազմակերպվեն: Հարկավոր է շարունակել ինքնակազմակերպման աշխատանքները և դուրս գալ այս իրավիճակից: Ինչպես մեր ունկնդիրներին հայտնի է, Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը դեռևս մեկ տարի առաջ մշակել է ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է երկրում տիրող ներկա, նեխած և փչացած պետական կառույցներին զուգահեռ ստեղծել այլընտրանքային կառույցներ, և, առաջին հերթին Հիմնադիր խորհրդարան, որը պետք է հանդիսանա ժողովրդի ներկայացուցչական մարմինը, և ոչ միայն օրենսդիր մարմինը, այլ նաև՝ պայքարող մարմինը: Այն հանդիսանալու է այն մարմինը, որից հետագայում ծնվելու է այլընտրանքային գործադիր իշխանությունը, որը և ժողովրդի նեցուկով երկրում իրականացնելու է իշխանափոխություն և սկիզբ է դնելու նոր համակարգի: Այս գործընթացի  մեկնարկը շարունակում է չափազանց անհրաժեշտ լինել առ այսօր: Եվ հետևաբար,  Նախախորհրդարանը, որպես ճանապարհային քարտեզով նախատեսված հերթական փուլ, և նաև, թելադրված տիրող իրավիճակի զարգացումներով ու երկրի ներքին գահավիժմամբ, իսկ արտաքին առումով գերիշխանության կորստով, որոշել է արագացնել այդ փուլի իրականացումը, և անցնում է Հիմնադիր խորհրդարանի ձևավորման աշխատանքների փուլին: Այս փուլի մեկնարկը հնչեցնելու համար և նաև ի շահս այլ միջոցառումների՝ Նախախորհրդարանը Երևանում երթերի շարք է սկսում դեկտեմբերի տասնչորսից, յուրաքանչյուր շաբաթ, կեսօրից հետո՝ ժամը երեքին, Ազատության հրապարակից, որի նպատակն է իրազեկել և զորաշարժի ենթարկել մեր բնակչությանը, մեր համաքաղաքացիներին Հիմնադիր խորհրդարանի ստեղծման համար:

Նախախորհրդարանը դեռևս մեկ տարի առաջ փետրվարին հնչեցրել է Հայաստանի նոր գաղութացման վտանգի մասին, և անցնող ամիսները եկան ապացուցելու այդ հնչեցված ահազանգի իրավացի լինելը: Մենք անընդհատ ականատես ենք լինում այդ երևույթին, հատկապես, 2013թ. սեպտեմբերի երեքից սկսած: Միևնույն ժամանակ և դրան զուգահեռ, Նախախորհրդարանը հնչեցրել էր նաև ազգային-ազատագրական պայքարի կարգախոսը  և այդ պայքարը առաջ տանելու հրամայականը: Սա ևս փաստացի ապացուցվում է, որովհետև իրականությունը այն է, որ մենք քսան տարի առաջ ձեռք բերեցինք «դե յուրե» անկախություն, սակայն իրականում, այդ «դե յուրե» անկախության տակ շատ քիչ բան կար, «դե ֆակտո» անկախությունից շատ քիչ բան կար: Այս ավելի քան քսան տարիների ընթացքում մենք ոչ միայն լրիվ դատարկեցինք այդ «դե ֆակտո» անկախության բոլոր ստորոգելիները, այլ նաև մեկը մյուսի ետևից, տերևաթափի նման, մենք կորցնում ենք«դե յուրե» անկախության ատրիբուտները: Այսպես շարունակվելու դեպքում մենք շուտով նաև կկորցնենք «դե յուրե» անկախությունը: Մեզ համար ազգային ազատագրական պայքարի կարգախոսը նշանակում է ոչ միայն չկորցնել «դե յուրե» անկախության ատրիբուտները, այլ նաև ձեռք բերել իսկական անկախություն, որը «դե ֆակտո» անկախությունն է։ Հետևաբար, այժմ մեր ժողովուրդը գտնվում է այս հրամայականների առջև, և մենք երևութապես 2 պայքար ունենք: Առաջինը՝ ազգային ազատագրական պայքարն է, «դե ֆակտո» անկախությունը իսկապես ձեռք բերելու և «դե յուրեն» ամրագրելու նպատակով, իսկ մյուսը՝ երկրի ներսում իսկական պետականություն և պետություն ստեղծելու պայքարը։ Պետություն, որն ընդամենը գործիք է ամբողջ ժողովրդի տարրական իրավունքները ռեալիզացնելու համար, և ազատ, ստեղծագործ հայ ազգի դրսևորման համար նախապայմաններ ստեղծելու նպատակով։ Այս պայքարը իրականում մեկ պայքար է: Այդ նույն պայքարով մենք հասնելու ենք 2 նպատակների իրականցմանը, և՛ պետականության ստեղծմանը, և՛ «դե ֆակտո» ու «դե յուրե» անկախության հաստատմանը: Իսկ դրա համար այսօր անհրաժեշտ է մեր բոլոր ուժերի ու ժողովրդի կենտրոնացումն ու համախմբումը, որի պտուղը կհանդիսանա Հիմնադիր խորհրդարանը և հենց այդ խորհրդարանի ձևաչափով քաղաքական պայքարի առաջ մղումը։ Բայց սրա հետ մեկտեղ պետք է անպայման գիտակցել, որ դեպքերը կարող են ավելի արագ զարգանալ, և մեզ (մեզ ասելով նկատի ունեմ ամբողջ ժողովրդին, ազգին) հանգեցնել ֆորսմաժորային իրավիճակի: Մենք պետք է պատրաստ լինենք այդ ֆորսմաժորային իրավիճակում համապատասխան ռազմավարություն և մարտավարություն դրսևորել։ Այսօրվանից մենք արդեն գիտակցում ենք, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել, քանի որ դեպքերը արագ են զարգանում, և մենք պետք է նաև պատրաստ լինենք ֆորսմաժորային իրավիճակի։ Խոսքը և՛ արտաքին, և՛ ներքին զարգացումների մասին է, վերը նշված ուղղությունների մասին: Այն մասին, որ մենք շատ դեպքերում, ցավոք, անցնում ենք անդառնելիության շեմը, որի հետևանքով կյանքի տարբեր բնագավառներում մարդիկ գտնվում են հուսահատության մեջ, ճանապարհ ու ելք չտեսնելով, որն էլ հանգեցնում է արտագաղթի խթանմանը։ Ֆորսմաժորային իրավիճակի կարող է հանգեցնել նաև այն, որ մենք գտնվում են անկայուն ժամանակներում և անկայուն տարածաշրջանում, որտեղ ամենուր տեղի են ունենում զարգացումեր և այնտեղ առկա է անկայունություն, ինչպես հարավում՝ մերձավոր արևելքում, այնպես էլ հյուսիսում՝ Ուկրաինայում և այլուր։ Այս ամենը նույնպես կարող են ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել, և մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մեր խնդիրն է մեր ժողովրդին, համաքաղաքացիներին և մեր հայրենակիցներին ներշնչել այն հավատը, որը ամեն ինչ կորած չէ, և դեռ հնարավոր է Հայաստանում ամեն ինչ փոխել դեպի լավը։ Անտարբերություն ծնվել է ժողովրդի մի մասի մոտ, սակայն համաձայն չեմ, որ բոլորն են անտարբեր, քանի որ տեսնում ենք, որ կա մի հատված, որը պայքարում է և մերժում է հաշտվել այս իրականության հետ։ Այդ հատվածը փոքր է, սակայն այդ որակը հարկավոր է փոխանցել նաև մնացած հատվածին։ Խնդիրն այդ հավատը ներշնչելն է, և դա վստահաբար մեզ կհաջողվի։

Share Button