Ներկայիս խանը ո՞ւմ է փոխանցելու իշխանությունը…

«Միակ խնդիրը, որ շարունակ զբաղեցրել է իշխողների միտքը, իշխանության պահպանման խնդիրն է եղել։ Բոլոր մյուս խնդիրները՝ ժողովրդագրական, անվտանգության, տնտեսության, վաղուց ստորադասվել են այս մի գերխնդրին։ Զարմանալի էլ չէ, որ ոչ մեկին չի հետաքրքրում, թե բանավեճի կողմերից ո՞վ է ճիշտ։ Բոլորը ենթատեքստ են փնտրում։ Իսկ հիմնական օրակարգը հետևյալն է. ներկայիս խանը իշխանությունը կփոխանցի՞ հավատարիմ որևէ հետնորդի, թե՞ Սահմանադրությունը փոխելով կշարունակի իշխել։ Գործող վարչապետը, որոշ դիտարկումներով, հավանական ժառանգորդ է։ Նա ունի հավակնություն, իսկ օտար ազդեցություններից կախյալությունն էլ ավելի է ամրապնդում նրա հավակնությունը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին՝ կարծիք հայտնեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինիս գնահատմամբ, սակայն, Սերժ Սարգսյանը կարծես թե մտափոխվել է և այլ տարբերակներ է մտածում։

«Քոչարյանը ժողովրդի աջակցությունը չունի և գերակշիռ մասի հիշողության մեջ մնացել է իր սահմռկեցուցիչ անցյալով։ Նա միլիարդատեր է և որոշակի ազդեցություն ունի չինովնիկների վրա։ Սակայն միայն ֆինանսի ու չինովնիկական որոշ շրջանակի հիման վրա հնարավոր չէ ուժի բևեռ դառնալ: Ուժի բևեռ չեն նաև բանակի վերնախավը և անվտանգության մարմինները, որոնք վաղուց արդեն իրենց պետականության պահպանման գործիք չեն զգում։ Ուժի որևէ այլ կենտրոն չկա։ Անգամ կուսակցությունների գործունեության շրջանակը վերահսկելի է և գծված է խանի կողմից։ Ըստ այդմ էլ կսատարեն նրանք Քոչարյանին, թե ոչ, որոշում է Սերժ Սարգսյանը»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ովքեր են այսօր հայաստանյան քաղաքական դաշտում նրա թիմը, որի վրա հենվելով Քոչարյանը կարող է գալ իշխանության:

Հարց է նաեւ այն, թե ենթադրյալ թիմը, օրինակ՝ ԲՀԿ-ն, կամ ՀՅԴ-ն կուզենա՞ն արդյոք, որ նա վերադառնա: «Իսկ Քոչարյանի, ինչպես և մնացած օլիգարխների հիմնական ռեսուրսը՝ ֆինանսները, ամեն պահի կարող են նրանց ձեռքից խլել։ Մեծ հաշվով այս ամենը մոտալուտ փոփոխությունների հույս ներշնչելու, դրանով իսկ ժողովրդին մոլորեցնելու փորձ է և ազգային-ազատագրական պայքարը կասեցնելու նպատակ է հետապնդում։ Սակայն մեր ժողովրդին նման ձեռնածություններով խաբել այլևս չի հաջողվի։ Ես համոզված եմ, որ ժողովուրդը հավաքում է իր ուժերը և գնում է իրական, համակարգային փոփոխությունների։ Թող դրսի ուժերը և նրանց տեղական ծառաները սին հույսեր չփայփայեն և չմտածեն, որ նորից կարող են մինչ օրս կիրառված ձևերով արդյունքի հասնել»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Փայլակ Ֆահրադյան