Պայքար իշխանական բուրգի ներսում. Գարեգին Չուգասզյանն ակտիվ քաղաքական տարի է կանխատեսում

Նախախորհրդարանի համակարգող անդամ Գարեգին Չուգասզյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Նախախորհրդարանի առաջիկա քայլերը, քաղաքական տարվա ակնկալիքները, ինչպես նաև մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2013-ի տարեվերջյան հայտարարությունը՝ այն որակելով «գզվռտոց իշխանական բուրգի ներսում»:

-Որո՞նք են լինելու Նախախորհրդարանի առաջիկա քայլերը:

 

-Մեր առաջիկա գործունեությունը իրազեկման շրջանում է, մենք կտեղեկացնենք քաղաքացիներին, թե ինչի է կոչված Հիմնադիր խորհրդարանը, կներկայացնենք հանրության հետ կապված հիմնական մտահոգությունը, որն անցած տարվա վերջում արդեն համընդհանուր մտահոգության էր վերածվում: Հիմնական խնդիրը յուրային կառավարության ստեղծումն է և դրա հետ կապված բավականին աշխատանք կա անելու:

 

-Շատերն այս տարի ակտիվ քաղաքական կյանք են կանխատեսում, դուք նման ակնկալիքներ ունե՞ք:

 

-Ես նույնպես կարծում եմ, որ տարին շատ կարևոր է լինելու, քանի որ Հայաստանն անշեղորեն մոտենում է այն կետին, որից հետո թե բնակչության արտագաղթի պատճառով ստեղծված իրավիճակը, թե արտաքին քաղաքական փոփոխությունները, որոնք մեր շուրջը կատարվում են, ուղղակի մոտեցնում են այն կետը, որից հետո այլևս ինքնիշխանության մասին խոսել ուղղակի անհնար կլինի։ Այսինքն՝ լրջագույն վտանգներ են սպառնում, և այդ իմաստով ժամանակը մեր դեմ է աշխատում և, բնականաբար, ամեն ինչն արագացված տեմպերով է առաջ շարժվում:

 

-«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է վերադարձել, և ինչպես մեզ հետ զրույցում ասել էր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ամբողջովին մարտական է և պայքարի պատրաստ: Նրա հետ համախմբման եզրեր տեսնո՞ւմ եք:

 

-Առայժմ որևիցե հայտարարություն չի եղել իրենց կողմից, որ մենք հասկանանք, թե ինչ են նախաձեռում անել, այնպես որ ես առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին: Մենք ամեն ինչ անելու ենք ճգնաժամից դուրս գալու ելքի ուղղությամբ:

 

-ՀՀ երկրորդ նախագահի՝ տարեվերջին արված հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

-Այս իրավիճակը, քանի որ ապակայունացման է գնում, այսինքն՝ պետականության հարցերը Հայաստանում գահավիժում են, բնականաբար, գզվռտոց է առաջանում իշխող վերնախավում, և դրա արտահայտությունն է նաև Ռոբերտ Քոչարյանի ի հայտ գալը: Ընդհանուր ապակայունացման հետ կապված, բնականաբար, տարբեր խմբավորումներ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել. իշխանական բուրգի ներսում պայքար է գնում:

 

-Այս տարի երկրի կյանքում շրջադարձային փոփոխություններ ակնկալո՞ւմ եք:

 

-Ընդհանուր, ինչպես նկարագրեցի իրավիճակը, դրան պետք է պատրաստ լինել: Պետք է ժամանակ չկորցնել, որովհետև գնալով այդ օրերն ավելի ու ավելի պարտավորեցնող են դառնում:

 

-Շատ է խոսվում, որ Ձեր համակիրների շարքերը չեն համալրվում, մշտապես նույն մարդիկ են: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

-Դրան հետևելու տարբեր ձևեր կան: Նույն ֆեյսբուքի խումբը, որտեղ հստակորեն կարող եք տեսնել աճը, բայց դա մի մասն է, ֆիզիկական հատվածում նույնպես աճ կա, անընդհատ մարդիկ են միանում: