Ինչու՞ Ռ. Քոչարյանը շրջանցեց Սերժ Սարգսյանին եւ թիրախ ընտրեց Տիգրան Սարգսյանին

Նախախորհրդարանի անդամ, Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հարցազրույցըԳԱԼԱ-ին։

-Պարոն Ավետիսյան, անցած տարեվերջին Ռ. Քոչարյանի հարցազրույցը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Ըստ ձեզ՝ իրականում ում էին ուղղված այդ քննադատությունները: Համակարգի եւ տնտեսության սնանկությունը ճիշտ է արդյո՞ք կապել Տ. Սարգսյանի հետ: 

-Միջազգային իրավունքի տեսության համաձայն` պետության իրավասուբյեկտության չորս հատկանիշներն են` որոշակի տարածքը, մշտական բնակչությունը, այլ պետությունների հետ արտաքին հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը և յուրային կառավարությունը: Սրանցից առաջնային և որոշիչ դեր ունի յուրային կառավարությունը, քանի որ միայն այդ հատկանիշն է պայմանավորված կամային և գիտակցական գործոններով, մինչդեռ առաջին երկուսը օբյեկտիվ իրողություններ են, իսկ երրորդը, որպես կանոն, պայմանավորված է մյուսների առկայությամբ:

Յուրային կառավարություն ասելով պետք է հասկանալ ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգ: Մինչդեռ Հայաստանում ձևավորվել և գործում է ազգային շահերի հաշվին օտարի շահերը սպասարկող և դրա դիմաց տիրապետող վերնախավի ներկայացուցիչների անձնական ու կլանային շահերն ապահովող պետական կառավարման համակարգ: Այսինքն` Հայաստանն ունի ոչ թե յուրային, այլ արտաքին կառավարման հսկողությամբ գործող թշնամական կառավարություն, որի առանցքային դեմքերը նյութապաշտ, ստրկամիտ և ազգուրաց մարդիկ են: Ընդ որում` այս համակարգի արտաքին կառավարիչները Հայաստանի ինքնիշխանության հաշվին հետզհետե մեծացնում են իրենց մասնաբաժինը Հայաստանում և նրա նկատմամբ կառավարման որոշումների կայացման հարցերում, ինչի հետևանքով անկախ պետականության սկզբնավորման շրջանում ձևավորված անուղղակի, նորգաղութատիրական կախյալությունը փուլ առ փուլ վերածվում է ուղղակի, գրեթե դասական գաղութատիրական կախյալության: Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ թեև Հայաստանի գաղութացումն արտաքուստ առավելապես տեղի է ունենում Մաքսային միություն-Եվրասիական տնտեսական միություն-Եվրասիական միություն շղթայով, այնուամենայնիվ մյուս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները նույնպես մեծ դեր ունեն մեր երկրում: Եվ դեռ պարզ չէ, թե թելադրողների առումով այս գործընթացն ինչով ու ինչպես կվերջանա: Առաջ անցնելով՝ հարկ եմ համարում նշել, որ անհապաղ անհրաժեշտ է ազգային-ազատագրական պայքարի միջոցով կասեցնել այս գործընթացը և վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը, հակառակ պարագայում մեզ սպառնում է պետականության կորուստը և հայրենաբնակ հայության ֆիզիկական ոչնչացումը:

Այսպիսով` Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում հաստատված և հետզհետե խորացող համակարգային ճգնաժամի պատճառը յուրային կառավարության փոխարեն օտարահպատակ թշնամական կառավարություն ունենալու հանգամանքն է: Իսկ անձնապես մեղավորներն այն մարդիկ են, որոնք կազմում են այս օտարահպատակ թշնամական կառավարության միջուկը և որոշիչ դեր են ունեցել և ունեն դրա որոշումների կայացման և իրականացման հարցերում: Այս առումով նրանցից որևէ մեկի կողմից մյուսին քննադատելը, բացի հնարավոր անձնական նպատակներից, նաև ժողովրդին մոլորեցնելու նպատակ է հետապնդում, քանի որ նպաստում է այնպիսի մտայնության ձևավորմանը, թե Հայաստանում գործում է ոչ թե թշնամական, այլ յուրային կառավարություն, որը պարզապես վատ է աշխատում, ինչպես երբեմն պատահում է նաև յուրային կառավարությունների պարագայում:

-Ինչ մեսիջներ էր պարունակում Ռ. Քոչարյանի հարցազրույցը: Նա արդյո՞ք ակնարկում է իր վերադարձի մասին: Ինչպես եւ ում միջոցով է հնարավոր Ռ. Քոչարյանի վերադարձը: Ենթադրվում է, որ հանուն մեծ քաղաքականության Սերժ Սարգսյանը պատրաստվում է «զոհաբերել» Տիգրան Սարգսյանին:

-Այս ամենը պետք է դիտարկել 2013 թ. նախագահական չընտրություններից հետո առաջացած իրավիճակի համատեքստում, քանի որ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ զբաղեցրեց նախագահի պաշտոնը և այլևս չի կարող երրորդ անգամ տիրանալ այդ պաշտոնին, ուստի առաջացավ հետնորդի հարց: Եվ հիմա հետնորդին որոշելու պայքար է ընթանում:

Այս համատեքստում հարկ է նկատի ունենալ, որ հայաստանյան կառավարման համակարգը ձևով բրգային-խանական է, որը գաղութատերերի որոշած հարցերում և նրանց թույլատրած սահմաններում միանձնյա կերպով կառավարում է բուրգի գլխավորը` խանը: Միևնույն ժամանակ արտաքին կառավարման մասնաբաժնի կտրուկ ավելացման ներկայիս պայմաններում խանի ինքնուրույնությունը և մանևրելու կարողությունը համապատասխանաբար նվազում են, իսկ դրա սահմանները` սեղմվում: Ներկայումս արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ խանն արդեն չի կարող առանց օտար տերերի կամքը հարցնելու միանձնյա կերպով որոշել վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին փոխարինելու հարցը: Առավել ևս, որ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը հետնորդի շատ հավանական թեկնածու է: Նրան փոխարինելու համար խանն այլևս պետք է համոզի օտար կառավարիչներին, որ այդ պաշտոնում մեկ ուրիշ անձն ավելի նպատակահարմար կարող է լինել: Այս խնդիրը խանի համար գնալով ավելի է դժվարանալու, քանի որ արտաքին կառավարման մասնաբաժնի ավելացման հետևանքով խարխլվող բուրգում առաջացող ներքին հակասությունները ձեռնտու են օտար տերերին, որոնք դրանք օգտագործում են որպես լծակ` խանին լրացուցիչ կերպով ճնշելու և նրանից երկրի ինքնիշխանության ու հարստության նորանոր չափաբաժիններ կորզելու նպատակով:

Նման պայմաններում Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանին համարելով վտանգավոր մրցակից, բավականին երկար ժամանակ է, ինչ ուզում է ազատվել նրանից: Սակայն վերջինս հիմնականում արտաքին կառավարման ռեսուրսի հաշվին դեռևս մնում է իր դիրքում: Այսպիսի իրավիճակում միանգամայն սպասելի էր, որ Քոչարյանի նման իշխանատենչ մարդը կարող էր հայտ ներկայացնել: Ուշագրավ է, որ նա իր քննադատությունը ներկայացրել է շինարարության ծավալների կտրուկ անկման համատեքստում: Գաղտնիք չէ, որ նրա կառավարման օրոք շինարարությունն իրականացվում էր ավելի մեծ ծավալներով և տնտեսական աճի պատրանք էր ապահովում: Նրա քննադատությունն ակնհայտորեն ցույց էր տալիս ներկայինիս համեմատությամբ իր կառավարման շրջանի թեկուզ կեղծ, սակայն շոշափելի առավելությունը, միևնույն ժամանակ` շրջանցում էր Սերժ Սարգսյանին և քողարկում գործող պետական կառավարման համակարգի ապազգային ու հակամարդկային բնույթը և որպես թիրախ էր ընտրում միայն վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձին: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ վերջինս, ինչպես ասում են, «սրտին մոտ» ընդունեց քննադատությունը և անձնական բնույթի պատասխան տվեց դրան:

Սակայն օտար կառավարիչների նկատմամբ ստրկամիտ հնազանդության պայմաններում գրեթե բացառվում է, որ նման հայտը լինի բացառապես այն ներկայացնողի կամքով: Այդ պատճառով էր նաև, որ Տիգրան Սարգսյանը որոշակիորեն մտահոգվեց ու նպատակահարմար համարեց արձագանքել: Ուստի ամենահավանական տարբերակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը խոսել է թեև իր նկրտումներին համահունչ, սակայն արտաքին ուժի համաձայնության պայմաններում: Շատ հավանական է, որ այն համաձայնեցված է նաև Սերժ Սարգսյանի հետ: Այս հանգամանքներն, անշուշտ, դեռևս ինքնին չեն նշանակում, որ ենթադրվող արտաքին ուժը կամ Սերժ Սարգսյանը ցանկանում են, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Պարզապես նրանցից յուրաքանչյուրն իր շահն է հետապնդում:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քիչ հավանական եմ համարում: Եթե արտաքին կառավարիչները նման որոշում կայացնեն, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ նրանք նպատակ ունեն մինչև վերջ ստորացնելու մեր ազգային արժանապատվությունը և կարծում են, որ մենք այլևս ունակ չենք դիմադրելու: Ուստի նման որոշումը պետք է ընդունել որպես առավել սրված մարտահրավեր: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ում նրա վերադարձի վերաբերյալ տրամադրություններին, ապա դրանք կարիք չկա դիտարկելու, քանի որ ՀՀԿ-ն խամաճիկներից բաղկացած կազմակերպություն է, որը հլու-հնազանդ կենթարկվի տվյալ պահի խանին` անկախ նրա անձից:

-Ինչ զարգացումներ են ակնկալվում 2014-ին:

-Հայաստանի գաղութացումը շարունակվելու է: Շարունակվելու է արտագաղթը և աղքատացումը: Անշուշտ, շարունակվելու է նաև հետնորդի դերի համար պայքարը:

Միևնույն ժամանակ բարձրանում է ժողովրդի գիտակցականությունը և մեծանում նրա դիմադրողականությունը: Սարդարապատ շարժումը տարիներ առաջ նկատի էր ունեցել այսպիսի զարգացման հավանականությունը և մշակել էր գաղութատիրությունից ազատագրվելու ու Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու, ինչպես նաև իրապես ազգային պետություն կառուցելու ծրագրեր:

Այդ ծրագրերն ընդունեց, լրամշակեց և կատարելագործեց շուրջ մեկ տարի առաջ ստեղծված Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնությունը: Նախախորհրդարանը նպատակ է դրել գործող ապազգային պետական կառավարման համակարգից դուրս ստեղծել յուրային կառավարության սաղմեր, առաջին հերթին ազգային շահերն արտահայտող ներկայացուցչական մարմին` ապագա հայկական պետության Հիմնադիր խորհրդարան: Այդ Հիմնադիր խորհրդարանը բաղկացած է լինելու 65 անդամից, գործելու է որպես ոչ միայն այլընտրանքային օրենսդիր, այլև որպես ազգային-ազատագրական պայքարի կառավարման մարմին, քաղաքացիների հետ անձ առ անձ պայմանագրեր կնքելու միջոցով հասնելու է լեգիտիմացման և ժողովրդի կազմակերպված ճնշմամբ հեռացնելու է ապազգային վարչախմբին, ստեղծելու է Անցումային կառավարություն և վերջինիս հետ միասին պատվաստի նման ներդրվելով գործող պետական կառավարման համակարգի մեջ` փոխելու է նրա բնույթը` այն վերածելով յուրային կառավարության:

Կավարտվի այս ձեռնարկումը 2014-ին թե ոչ, որևէ մեկը չի կարող ասել: Մի բան հաստատ է, որ այն կավարտվի շատ ավելի շուտ, քան տեղի են ունենալու հերթական համապետական չընտրությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ մինչև 2017, առավել ևս` մինչև 2018 թվականը սպասողը չենք, և վարչախումբն ու նրա խան-պարագլուխը չեն կառավարելու մեր երկիրը մինչև այդ ժամանակ:

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ թե՛ խանը և նրա համակարգը, թե՛ դրանց օտար տերերը հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել: Ուստի նրանք ամեն ինչ անելու են ժողովրդին մոլորեցնելու, փոփոխության պատրանք ստեղծելու, ինչպես նաև ազգային-ազատագրական պայքարը կասեցնելու նպատակով: Չի բացառվում նաև, որ նրանք փորձեն այդ անել սահմանադրական փոփոխությունների միջոցով, օրինակ` սահմանելով խորհրդարանական կառավարում: Նրանք կարող են նույնիսկ այդ փոփոխություններով պայմանավորված կամ ներքին լարվածությունը պարպելու նպատակով արտահերթ չընտրություններ անցկացնել, անգամ` փոխել խանին: Նրանց համար էականը կառավարումը պահպանելն է իրենց շահերն իրացնելու նպատակով:

Սակայն մեր ժողովուրդը բավարար իմաստնություն ունի այս խաղերին չտրվելու և իր ազգային-ազատագրական պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար: Մենք հավատում ենք ինչպես մեր ուժերին և ծրագրին, այնպես էլ մեր ժողովրդի գիտակցությանը, կամքին և կարողություններին: 2014 թվականը լինելու է Նոր Հայաստանի կառուցման նախադրյալների ձևավորման տարի:

Աղբյուրը` galatv.am