Խավարը խտացել է, ու 2014-ին լույսը բացվելու գործընթացը արագ կլինի. Գարեգին Չուգասզյան

Նախախորհրդարանի նախագահության անդամ Գարեգին Չուգասզյանը և նույն նախագահության անդամ, ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը գտնում են, որ անկախացումից ի վեր Հայաստանի համար լուրջ հաջողությունների տարի այդպես էլ չի եղել:
Tert.am-ի հետ զրույցում Գարեգին Չուգասզյանը անկախության այս տարիների ընթացքում մատնանշեց Հայաստանի համար երկու կարևոր արդյունք. մեկը Արցախի ազատագրումն էր, մյուսը` Հայաստանի միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալը: «Մնացած բոլոր առումներով երկրում սնանկացում է տեղի ունեցել: Այսինքն՝ եթե փորձենք խոշոր հաշվով դիտել, ապա այս երկու արդյունքն է մնացել, որոնք, սակայն, այսօր վտանգի տակ են»,- ասաց նա:
Իր ակնկալիքները նկարագրելով` Գարեգին Չուգասզյանն ասաց. «Արդեն խավարը խտանում է, ու լույսը բացվելու ժամանակը մոտենում է: Կարծում եմ, որ 2014թ.-ին այդ լույսը բացվելու գործընթացը պետք է որ արագ լինի»:
Անկախությունից ի վեր Հայաստանի ամենաբարեբեր տարին Ժիրայր Սեֆիլյանը համարում է հենց անկախության հռչակման օրը: «Դա շատ հիշատակալից էր հայության կյանքում, նաև` սպասելի օր»,- ասաց նա:
Իսկ երկրի համար որպես լավագույն օրեր Ժիրայր Սեֆիլյանը հիշատակեց պատերազմի ընթացքում այն օրերը, երբ հայ ժողովրդին հաջողվում էր հաղթանակ արձանագրել: «Այդ օրերը, իսկապես, բավական հիշատակելի են եղել»,- ասաց նա և ավելացրեց. «Դրանից հետո հետպատերազմյան շրջանում, դժբախտաբար, մեզ չի հաջողվել մեր տան մեջ հաղթանակներ արձանագրել, կարգ ու կանոն հաստատել և համապատասխան զարգացում ապահովել»:
Իսկ թե ինչ դրական ակնկալիքներ ունի 2014-ից, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք որևէ պատրանքներից կախյալ չենք, մենք համոզված ենք, որ մեր ապագան մենք ենք կերտելու, կարծում եմ՝ 2014 թիվն այս իմաստով բարեբեր կլինի, վերջապես մեզ կհաջողվի հայկական կյանքում ձևավորել ազգային-քաղաքական իմաստով ծանրության կենտրոն, որից կախյալ է լինելու ապագա մեր բոլոր հաջողությունները»:

Աղբյուրը` tert.am