«Նախախորհրդարանի» անդամները այսօր ամփոփեցին 2013-ը:
«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը, ամփոփելով տարին, նշեց, որ վերջին ամիսներին ականատես ենք լինում գահավիժող ընթացքի, իսկ պետականության գահավիժումը ստիպում է այսօր կենտրոնանալ այս մտահոգության վրա:
«Մենք ռազմական հաղթանակ տանելուց հետո մեր պետականությունը կամովին պատրաստ ենք հանձնել: Սա վերջին քսան տարիների հերթական շոկային ալիքն է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է կարողանանք դիմակայել, հասկանալ՝ ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ Հայաստանը հայտնվել է պետականության կորստի վտանգին դեմ հանդիման:
Գարեգին Չուգասզյանը նաև նշեց, որ վտանգված է ոչ միայն մեր պետականությունը, այլև այն միտումները, որոնք նկատվում են տարածաշրջանում. դրանք կարող են ի վերջո հանգեցնել հայության ֆիզիկական ոչնչացման իր իսկ հայրենիքում:
«Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ նշեց, որ մեր պարագայում պետականության կորուստը հղի է հայրենիքի կորստով և ազգի բազմահազարամյա պատմության ավարտով:
Նրա խոսքով՝ 20-րդ դարի վերջին այսքան փոքրանալու, բնակչության քանակի նվազման պատճառով հասել ենք կրիտիկական շեմի, որից մի փոքր նահանջը նշանակելու է մեր պատմության ավարտ. «Մի քայլ քանակական հետընթաց, և ազգի ավարտի շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնում:
Նրա խոսքով՝ «Նախախորհրդարանը» ամենայն լրջությամբ ձեռնարկում է Հայաստանում յուրային կառավարման հատկանիշի ձևավորման գործընթացը, որը կնպաստի ազգի լիարժեք առողջացմանը:
«Նախախորհրդարանի» խոսնակ, գնդապետ Վարուժան Ավետիսյանն էլ նշեց, որ օր առաջ անհրաժեշտ է ձևավորել յուրային կառավարություն:
Նրա խոսքով՝ «Նախախորհրդարանի» առաջարկածը տարբերվում է մյուս ուժերի առաջարկած ճանապարհներից, այն է՝ իրենք առաջարկում են յուրային կառավարություն ձևավորել գործող պետական կառավարման համակարգից դուրս:
«Մենք պետք է կարողանանք ընկալել, որ ՀՀ-ում յուրային կառավարությունը համակարգի ներսում հնարավոր չէ ձևավորել, քանի որ մենք գործ ունենք ազգադավ և հակամարդակյին վարչակարգի հետ, որը վերածվել է հանցավոր խաբեության՝ բռնության և կեղծիքի միջոցով»,- ասաց նա:
Աղբյուրը` 1in.am