Հայաստանը կանգնած է կործանման եզրին՝ համոզմունք ունեն նախախորհրդարանի անդամները: Նրանք այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում նախաձեռնության անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց. «Վերջին ամիսներին այն գահավիժող ընթացքը, որ մենք ականատես ենք լինում, հղի է մեծ վտանգներով:
Անկախության վերագտնումից հետո այսօր մեր պետականությունը, կարծես թե, կամովին ունակ ենք հանձնելու: Բացի այդ, մենք նորից հայտնվել ենք Արցախի մասով անջատման վտանգի առջև: Այն միտումները, որ նկատվում են տարածաշրջանում, կարող են հանգեցնել մեր պետության վերացմանը իր պատմական հայրենիքում»:
Նախախորհրդարանի մեկ այլ անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ նշում է. «Հայ ժողովուրդը զգացել է գուցե ավելի վտանգավոր պահեր, սակայն այսօր մենք հասել ենք կրիտիկական շեմին, որից մի փոքր հետընթաց և մեր ազգը կկործանվի»:
Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ցույց է տալիս իրավիճակից դուրս գալու ելքերը` ըստ նախաձեռնության. «Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադիր խորհրդարան, որ դուրս կլինի ներկայիս կառավարման համակարգից:
Յուրային կառավարությունը միակն է, որ հնարավորություն է ապահովելու մշտապես իրականացնելու կամային կառավարում: Այն պետք է ստեղծել գործող պետական համակարգից դուրս, սակայն մյուս բոլոր ուժերն առաջարկում են դա անել համակարգի ներսում: Մինչդեռ այս պետական կառավարման համակարգը վերածվել է կլանային շահերին ծառայող մի գործիքի, որևէ կերպ ժողովուրդը չի կարող կառավարություն կազմել դրա ներսում»:
Նախախորհրդարանի անդամների խոսքերով` առաջիկա տարվա ընթացքում նրանք կձևավորեն հիմնադիր խորհրդարանը և իրենց պայքարը՝ տարբեր ոլորտներում:
Ազբյուրը` a1plus.am