Շպրտիր գրոշդ հանցավոր իշխանության երեսին

Դեկտեմբերի 25-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ դրամահավաք:

Մոտ երկու տարի առաջ իշխանական բուրգի գագաթին նստած անձը եկավ Մաշտոցի պուրակ ու ասաց «սիրուն չի» և քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը ժողովրդից խլված հանրային տարածքը շատ «սիրուն ձևով» վերադարձրեց տիրոջը: Սա պարզ է, որ օրինական և արդարացի պահանջին տրված լուծում էր: Սակայն պարզվում է, որ լուծումն օրինական էր, սակայն քաղաքացու պայքարն էր անօրինական և հանցավոր մեքենան, մոտ երկու տարի անց, դեռ շարունակում է «չներել» քաղաքացուն և նրա կողմից հնչեցրած օրինական պահանջը: Այսօր Մաշտոցի պուրակի դեղին սաղավարտավոր ապամոնտաժողներից ոմանք դեռ բախվում են իրականությանը և ստիպված են տուգանքներ վճարել իրենց հանդուգն քայլերի համար: Չվճարելու դեպքում նրանց հաշիվները կալանքի տակ են վերցվում, և նրանցից հարկադրաբար տուգանքներ են գանձվում: Մասնավորապես, նման հարկադիր միջոցների են ներկայումս ենթարկվում ապամոնտաժողներ Կարո Եղնուկյանը և Տիգրան Խզմալյանը:
Նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է տուգանք վճարել 58.000 դրամի չափով:

Հենց այդ պատճառով Նախախորհրդարանի մի խումբ անդամներ՝ նախկինում՝ դեղին սաղավարտավոր ապամոնտաժողներ, հայտարարում են դրամահավաք, որը կծառայի երկու տարի առաջ Մաշտոցի պուրակի պայքարի մասնակիցներին աջակցելու գործին:
Այսուհետ հանրությունն է տեր կանգնելու իր իրավունքների համար պայքարող ակտիվիստներին, որ հանրությունն է ստանձնելու նման տուգանքների վճարումը և որ մենք արժանապատիվ քաղաքացիների բռունցք ենք՝ կազմակերպված հանրություն և պատրաստ ենք հպարտորեն նրա երեսին շպրտել անօրինականության պահանջ «գրոշը»:

Share Button