Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի երթ՝ Կապանում

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում ժամը 12-ին բողոքի երթ է անցկացվել, որին մասնակցում են շուրջ 200-250 քաղաքացիներ, որոնց հիմնական մասը՝ երիտասարդներ, այս մասին Tert.am-ին փոխանցեց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ, երթի նախաձեռնող խմբի անդամ Արմեն Փասրադանյանը:

 

«Ժամը 12-ի հատվածներում ոստիկանները հրահանգավորեցին, որպեսզի կարգ ու կանոն պահպանենք, ավտոկայանի հրապարակից շարժվեցինք դեպի Կապանի կենտրոնական հրապարակ և Սյունիքի մարզպետարանի շենքի դիմաց: Երթը վերահսկվում էր նաև ոստիկանության կողմից: Որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել և որևէ խոչընդոտ ոստիկանության կողմից չի եղել»,-ասաց նա:
Վերջինիս գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ երթը հաջողված էր: «Երիտասարդությունը ոգևորված էր, վանկարկումներով հասանք կենտրոնական հրապարակ, որտեղ ելույթ ունեցան ՀԿ-ների, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ հայտնեցին իրենց դեմ դիրքորոշումը»,-պատմեց նա՝ ավելացնելով, որ ներկա էին Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ:

 

Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մասին ասաց, որ նրանք քննարկումներին մասնակցում էին, բայց երթին որևէ մեկին իրենք չեն նկատել:

 

Խոսելով հետագա քայլերի մասին՝ ՀԿ նախագահը նշեց, որ դրանք դեռ հստակ չեն, բայց երիտասարդության ոգևորվածությունը պարտադրում է, որ բողոքի նման արտահայտումը շարունակական լինի. «Նրանց ոգևորությունը պարտադրող էր, և շատ հավանական է, որ տոնական օրերից հետո շարունակվեն բողոքի ցույցերը»:

Աղբյուրը` tert.am

Share Button