Կապանում նախատեսում են երթ անցկացնել՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման

Սյունիքի մարզկենտրոնում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խումբ: Կապանցիներից  բաղկացած խումբը մտադիր է իր անհամաձայնությունը հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ, որը  նախատեսվում է ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք նախատեսում ենք տարբեր մեթոդներով մեր անհամաձայնությունը հայտնել  վերոնշյալ օրենքի կիրառմանը: Այդ առիթով խումբը մտադիր է երթ կազմակերպել Կապանում: Տեղական հասարակական կազմակերպություններն էլ նախատեսում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ի դժգոհություն տվյալ օրենքի ընդունման», – նշեց  «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խմբի անդամ, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը: Այսօր «Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության գրասենյակում մի խումբ ակտիվիստներ հանդիպել եւ քննարկել են հետագա քայլերը: Ինչպես քիչ առաջ մեզ տեղեկացրեցին՝  շաբաթ օրը խմբի ակտիվիստները  նախատեսում են երթ կազմակերպել Կապանում՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի:  Երթը կմեկնարկի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին՝ նախկին ավտոկայանի հրապարակից:

Աղբյուրը` aravot.am

Share Button