Եթե որևէ ուժի հաջողվեց ձերբազատվել այսօրվա խանից, դա լուծում չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:

– Պարոն Սեֆիլյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրամայդանում տեղի ունեցող իրադարձությունները, և ինչո՞ւ, ըստ Ձեզ, սեպտեմբերի 3-ը մեզանում շատ մեծ արձագանք չունեցավ:

– Որքան էլ Ուկրաինան աշխարհագրորեն հեռու լինի մեզնից, տեղեկատվական այս դարաշրջանում հեռու և մոտ հասկացություն չկա, և ինչ անցուդարձ կատարվում է Ուկրաինայում, վստահ եմ, դրական իմաստով ազդելու է մեր հասարակության վրա, ինչպես որ ինչ-որ չափով ազդեց «արաբական գարունը»: Հասարակությունը պետք է ակտիվանա, դասեր քաղի և այլն: Բացի այդ, կարծում եմ, լավ է, որ այս հարցում 88-ի նման մենք առաջինը չեղանք: 88-ին՝ Խորհրդային Միության փլուզման նախաշեմին, մենք՝ հայերս, կարծես առաջինն էինք, որ ոտքի կանգնեցինք, ինչը ինչ-որ չափով բացասական հետևանք ունեցավ, և լավ կլիներ՝ մենք առաջինը չլինեինք: Հետսովետական հանրապետություններում սկսվել է դե յուրե անկախությունից դեպի դե ֆակտո անկախության գործընթաց, և  Ուկրաինայի հանգամանքը այս դիտանկյունից պետք է նայել:  Հայաստանը չի ուշանալու, համոզված եմ, որ ուշանալու ռեսուրս էլ չունենք, չենք կարող սպասել 2017 կամ 2018-ին: Շատ ավելի շուտ պետք է լինի փոփոխությունը, և «Նախախորհրդարանի» գլխավոր խնդիրը հենց դա է, որի ուղղությամբ աշխատում ենք:

– Սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան կամ Ռուսաստանն ի՞նչ կարող են անել Հայաստանում, կարո՞ղ են արդյոք հեղափոխություն իրականացնել: Ասում են` Հայաստանում միայն այդ դեպքում է հնարավոր հեղափոխություն:

– Ես սեպտեմբերի 3-ի վրա շատ չէի սևեռվի, որովհետև, մեծ հաշվով, ես այն կարծիքին եմ, որ Եվրասիական միությամբ, այսինքն՝ ՄՄ-ով, որն այսօր նախերգանքն է Եվրասիական միության, այսօրվա Ռուսաստանի իշխանությունը խնդիր է դրել իր առաջ նոր կայսրություն ձևավորելու, կարծում եմ՝ այդ  ծրագրերն այդպես էլ մնալու են ծրագիր և երբեք  կյանքի չեն կոչվելու: Եվ այս տրամաբանությամբ քաղաքական շարժուձևերը մնալու են միայն ու միայն մակերեսային վիճակում և երբեք չեն խորանալու, առավել ևս միս ու արյուն չեն ստանալու:

– Այսինքն՝ Մաքսային միությունը կյանքի չի՞ կոչվելու:

– Ո՛չ, կյանքի չի կոչվելու: Ես այստեղ ուրիշ գործընթացներ եմ տեսնում: Այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր և Միջին Արևելքում վերջին տարիներին, այդտեղ կտրուկ դերակատարների փոփոխություն է տեղի ունեցել: Միջին Արևելքում, իմ համոզմամբ, Միացյալ Նահանգները պարտություն է կրել: Պայքարող արաբ ժողովրդի շնորհիվ Իրանը Միջին Արևելքում հաղթել է Արևմուտքին: Եվ այս իրողությունից հետո բնական է, որ առաջին մտահոգվողը այստեղ Իսրայելն է, և մենք տեսնում ենք խուճապային իրավիճակ, սակայն Իրանը հզորանալով, բևեռներից մեկը դառնալով (աշխարհն արդեն վաղուց միաբևեռ չի, առավել ևս վերջին փոփոխություններից հետո), Հարավային Կովկասում և՛ Արևմուտքը, և՛ Թուրքիան ունեն մտահոգություններ: Երբ ասում եմ` Արևմուտք, չեմ տարանջատում այսօրվա Ռուսաստանից, որովհետև ես համարում եմ, որ այսօրվա Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը վերջիվերջո Արևմուտքի թելադրած խաղի կանոններով է շարժվում: Այս բոլորը պետք է դիտարկել այն կոնտեքստում, որ մտավախություն կա, թե Իրանին չի հաջողվի ինքն իրեն պարտադրել կամ հաղթել: Ես այս դիտանկյունից եմ նայում աշխարհաքաղաքական անցուդարձերին:

– Ի՞նչ եք կարծում` 2014-ին, ի վերջո, կլինի այդ կոնսոլիդացիան, նախաձեռնությունները, որոնք քաղաքական օրակարգ ունեն, որոնք այսօր առանձին-առանձին չեն կարողանում քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալ, ի վերջո կմիավորվե՞ն:

– Թե երբ կլինի մեր ժողովրդի մոբիլիզացիան՝ 14-ին, թե 15-ին, դժվարանում եմ ասել, բայց, մեծ հաշվով, ես մտահոգված չեմ ազնիվ քաղաքացիական պայքարող շրջանակների համագործակցությամբ, քանի որ վստահ եմ՝ որևէ խմբի երբ հաջողվի հստակ պայքարի ուղի ցույց տալ՝ հենքում  ունենալով ժողովուրդը որպես թիկունք, վստահ եմ՝ ճեղքող ուժին բոլորը պետք է աջակցեն: Իսկ մենք ունենք հավակնություններ այդ ուժը դառնալու:

– Սակայն դուք որևէ կերպ ընտրություններին չեք ուզում մասնակցել: Որևէ կետի հնարավո՞ր է փոխեք ձեր այդ որոշումը:

– Քաղաքականության մեջ պետք չէ որևէ բան բացարձակացնել: Ինչ վերաբերում է ընտրություններին, կարծում եմ՝ բոլորը ներքուստ համոզված են, որ Հայաստանում ընտրություններ գոյություն չունեն, և եթե մի բան գոյություն չունի, ինչո՞ւ ենք խոսում այդ մասին:

– Բայց մենք տեսնում ենք, որ ընտրություններին ժողովուրդը միշտ իմաստուն է լինում: Այդպես էր նաև վերջին նախագահական ընտրություններին:

– Ժողովուրդը այլ ելք չունի, կարելի է ասել՝ անտեր վիճակում է գտնվում, և նախագահի ընտրությունից ընտրություն ուզում է իր խոսքն ասել, որովհետև ուրիշ ձև չունի արտահայտվելու: Սակայն եթե որևէ ուժ ժողովրդին կարողանա այլ ելք ցույց տալ, ժողովուրդը կակտիվանա և իր խոսքը կասի: Եվ մեր ամբողջ գործունեության տրամաբանությունը հենց այդ այլընտրանքային ելքը ցույց տալն է:

– Պարոն Սեֆիլյան, «Նախախորհրդարանը» 189 էջանոց տեքստեր է գրում, չարչարվում, բայց հանրությանն այլևս տեքստերը հետաքրքիր չեն, գործողություններն են հետաքրքրում:

– Անշուշտ, այդ տեքստերն այսօր հանրության համար չէ, որ գրվում են, այդ տեքստերը ավելի փորձագիտական, մասնագիտական շրջանակների համար են գրվում, և նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, թե վաղն ինչպիսի աշխատանք ենք ուզում: Եվ վերջապես` այդ տեքստերը նաև այն քաղաքական ակտիվի համար են, որոնք պատրաստ են լինելու այդ բեռը վերցնել իրենց ուսերին: Ուստի հանունի ճշտումը այստեղ ամենակարևորն է, այսինքն՝ մենք չենք հավաքվում անհատների կամ խմբի շուրջ, մենք հավաքվում ենք հստակ ծրագրի, գաղափարի շուրջ: Իսկ թե ինչպես է ժողովուրդը մոբիլիզացվում, բնականաբար այդ տեքստերով չի, որ պետք է մոբիլիզացիա տեղի ունենա, մոբիլիզացման բազմաթիվ ձևեր կան, և երբ մեզ հաջողվի թեկուզ սաղմնային վիճակով այլընտրանքային համակարգը ձևավորել, որ պետք է պատրաստ լինի փոխարինել գործող համակարգին, այդ ժամանակ ձևերը կգտնվեն, թե ինչպես ժողովրդին մոբիլիզացնենք: Ժողովուրդը պատրաստ է, և մեր ժողովրդի ներաշխարհում մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները աննախադեպ էին: Անցած քսաներեք տարիների ընթացքում մեր ժողովրդի մոտ այսքան հասունացած վիճակ չենք ունեցել: Այսինքն՝ ժողովուրդը պատրաստ է, մնում է ճիշտ կազմակերպել և արդյունքի հասնել, արդյունքը ռեժիմին վռնդելը չէ, այլ ինչը ինչին փոխարինելու մեջ է: Այսինքն՝ այս նեխած համակարգից ձերբազատվելուց հետո պետք է նորը այնպիսի համակարգ ձևավորի, որը կծառայի ժողովրդի իղձերին, ցանկություններին: Եվ եթե որևէ ուժի հաջողվեց ձերբազատվել այսօրվա խանից, դա լուծում չէ:

– Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ինքնանպատակ չպետք է լինի:

– Դա նպատակ չէ, նպատակը պետք է լինի նոր համակարգի ձևավորումը:

Share Button