«Իշխանությունների գործած ավերածությունների գերին չենք դառնալու»

1512630_724083154269673_85847902_n«Որ այդ ամբողջը կատարվում է կուլիսների հետեւում, դա արդեն մեզ հուշում է, որ հօգուտ մեր ժողովրդի չէ այդ գործընթացը»,- անդրադառնալով հարցին, թե ինչու չի հրապարակվում Մաքսային միության ճանապարհային քարտեզը, կարծիք է հայտնել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Ժիրայր Սեֆիլյանը համոզմունք է հայտնում, որ եկել է նոր պայքարի ժամանակը: «Մեր հանրապետություններում սկսվելու է նոր պայքար դե յուրե անկախությունից դե ֆակտո անկախության գնալու: Մեր աչքի առջեւ ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ես այդ տրամաբանության մեջ եմ տեսնում: Ես համոզված եմ, որ ուշ թե շուտ Հայաստանը եւս պայքարելու է, եւ հասնելու ենք մեր պատկերացրած ինքնիշխան պետության ստեղծմանը: Այս առիթով կուզեի հետեւյալ միտքը շեշտել. եթե 25 տարի առաջ Սովետական Միության ժամանակ այդ պետությունների մեջ մենք առաջամարտիկ էինք, գուցե այս անգամ առաջամարտիկ չլինենք, եւ մի քիչ համբերատար մոտենալով, ճիշտն ու սխալը ծանրութեթեւ անելով` դրանից հետո գնանք փոփոխության, հնարավորինս քիչ վնասներով եւ անցնցում հասնենք մեր նպատակին»,- իր կանխատեսումներն է ներկայացնում ազատամարտիկը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մեր երկիրն ունի պոտենցիալ նույնպիսի պայքարի դուրս գալու, ինչպիսին Ուկրաինայում է տեղի ունենում, Ժիրայր Սեֆիլյանը նշեց. «Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունը, Ուկրաինայի հետ համեմատելը մի քիչ բարդ է: Այնտեղ մոտ 40 մլն բնակչությունն այլ իրավիճակ է ստեղծում, այնտեղ երկրի ներսի դեմոգրաֆիական պատկերն այլ է, այնտեղ երկվություն կա, ես վստահ եմ, որ ամեն երկիր գտնելու է իր առանձնահատուկ ուղին: Աշխարհը միաբեւեռ չէ, բազմաբեւեռ լինելով` ունեմ այն կարծիքը, որ ապագան լինելու է ոչ թե մեծ երկրների քաղաքական գերիշխանության տակ, այլ լինելու է որակյալ փոքր երկրների համագործակցության քաղաքական ժամանակաշրջան: Այսինքն` չբարդույթավորվենք այն մտքից, որ տարածքը փոքր է, մենք քիչ ենք, համոզված եմ, որ հայ ժողովուրդը որակական իմաստով ունի շատ մեծ ներուժ, այդ ներուժը պետք է օգտագործենք ստեղծելու ինքնիշխան պետություն»:

Այս իրավիճակում «ՀայՌուսգազարդին» պատկանող 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին վաճառելը Ժիրայր Սեֆիլյանը աղետ չի համարում: Նա վստահ է, որ հայ ժողովուրդը կորցրածը վերադարձնելու հնարավորություն կունենա. «Դա շարունակությունն է նախորդ տասնամյակների քաղաքական ստրկամտության, որ ամեն ինչ տրվեց օտարին՝ գլխավորապես նպատակ ունենալով պահպանել իր աթոռը: Մեր երկրում երկար ժամանակ է՝ քաղաքական ղեկը գտնվում է մարդկանց մոտ, որոնց չի հետաքրքրում մեր երկրի ապագան, իրենց հետաքրքրում է իրենց գրպանը, իրենց իշխանությունը, իրենց փողը, ուստի էդ ամբողջը չպետք է զարմացնի մեզ եւ թող շատ չմտահոգի, որովհետեւ ես համոզված եմ, որ ստեղծելու ենք մեր պատկերացրած պետությունը, այդ ժամանակ այդ ամբողջը ազգայնացվելու է, այնպես չէ, որ մենք սրանց գործած ավերածությունների գերին ենք դառնալու»,- համոզմունք հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը:

 

Վարդուհի Արզումանյան

Աղբյուրը` galatv.am