Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր դերն ընդունելի դարձնել, սակայն՝ ապարդյուն. Ալեք Ենիգոմշյան

1394001_717820421562613_1051084976_n«Տեղահանություն» բառն օգտագործելով Թուրքիան փորձում է կանխել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով իրեն սպասվող հարվածները: Միաժամանակ, դրանով պաշտոնական Անկարան փորձում է տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ իր դերն ընդունելի դարձնել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին, ինչպես նաև այդ այցի ընթացքում նրա ունեցած ելույթին, որի ժամանակ Ահմեթ Դավութօղլուն Հայոց ցեղասպանության մասին խոսելով օգտագործել էր «տեղահանություն» բառեզրը և նշել, որ դա անմարդկային արարք է, որը Թուրքիան երբեք չի աջակցել:

 

Ալեք Ենիգոմշյանի խոսքով, առաջին անգամը չէ, որ Թուրքիայի իշխանություններն օգտագործում են «տեղահանություն» տերմինը:
«Իրենք ընդունել են, որ հայերը ոչ թե ցեղասպանության՝ այլ «դեպորտացիայի» են ենթարկվել, ինչպես իրենք են ասում՝ հայերի դավաճանության պատճառով: Այդ տերմինն օգտագործելով՝ ինքը նորություն չի ասում, պարզապես ավելացնում է այդ «անմարդկային» երանգը, սակայն դա Օսմանյան Թուրքիայի արարքներին ոչ մի քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում: Նեղ իմաստով, դա ինչ-որ որակական փոփոխություն կարելի է համարել, բայց մեծ իմաստով՝ ոչ մի էական փոփոխություն չկա»,- ասաց նա։
Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ Դավութօղլուի այցը պատահական չէր, այն տարածաշրջանում նոր զարգացումների հետ էր կապված:
«Այդ այցը սպասվող, նախագծվող նոր ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև այդ շրջանակներում Թուրքիայի դերի բարձրացման համատեքստում պետք է դիտել: Թուրքիան աշխարհաքաղաքական նոր իրավիճակի մեջ իր դերը ընդունելի դարձնելու առումով միամիտներին խաբելու կամ համոզելու քաղաքականություն է վարում»,– ասաց նա:
«Քանի որ 2008-2009 թվականների քաղաքականությունն անարդյունք մնաց, ապա իրենք ներկայումս փորձում են հայ ժողովրդի համար զգայուն հարցերի հետ կապված շատ փոքր երանգներ մտցնել: Այդ մոտեցումը հոգեբանական քաղաքականության շրջանակներում պետք է դիտել»,- ընդգծեց Ալեք Ենիգոմշյանը:
Այդուհանդերձ, այս ամենը, ըստ Նախախորհրդարանի անդամի, Թուրքիայի կողմից ձախորդ քաղաքականություն է: «Թե ինչքանով կշարունակի ձախողված մնալ, դա հայության ամուր դիրքորոշումից է կախված: Ձախորդը կարող է դառնալ հաջողակ, եթե հանդիպակաց կողմը՝ այսինք մենք, վարենք իրենցից էլ ձախորդ քաղաքականություն: Մնում է, որ հայ ժողովուրդը և առողջ ուժերը ամուր լինեն այս հարցերում»,- հավելեց Ալեք Ենիգոմշյանը:

 

Share Button