Ամոթ կառավարությանը. կուտակային պարտադիր վճարի դեմ պայքարողները բողոքը կշարունակեն մեքենաների երթով (տեսանյութեր)

Պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի դեմ բողոքող քաղաքացիներն այսօրվա երթն ավարտեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց, որտեղ նրանք ոտքերի դոփյուններով կրկին վանկարկեցին «դեմ ենք» արտահայտությունը, որից հետո՝ «ամոթ Կառավարությանը»:

Այնտեղ ակցիայի մասնակիցները միաձայն որոշեցին բողոքի ցույցը շարունակել վաղը՝ անցկացնելով մեքենաների երթ: Այսպիսով որոշվեց, որ դեկտեմբերի 5-ին, ժամը 12:30-ին Ծիծեռնակաբերդի խճուղուց կսկսվի մեքենաների երթ:

Նրանք նաև հիշեցրին, որ անցկացնելու են նաև մեծ հանրահավաք, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի դեկտեմբերի 10-ին:

__________________________
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մոտեցավ ցույցի մասնակիցներին։ Վերջիններս նրանից պահանջեեցին անմիջապես պատասխանել՝ նրանք միանու՞մ են արդյոք հենց հիմա 4 ոչ իշխանական խմբակցություններին և բողոքի ակցիայի մասնակիցներին՝ ՍԴ դիմելու համար, ինչին ՄԻՊ ներկայացուցիչը դրական պատասխան տվեց:

Ըստ նրա, ՄԻՊ գրասենյակում նույնպես քննարկումներ են անցկացրել ընդունված օրենքի շուրջ, քանի որ այնտեղ որոշ բաղադրիչներ կան, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտում են։

Ակցիայի մասնակիցները ծափահարություներվ ողջունեցին ՄԻ պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հայտարարություը՝ ակնկալելով, որ հնարավորինս արագ կկազմակերպվի ՍԴ դիմելու գործընթացը։

Այս պահին ցույցի մասնակիցները քաղաքացիներին վանկարկելով իրազեկում են, որ իրենց է միացել նաև պաշտպանի գրասենյակը։ Նրանք շարժվում են դեպի Կառավարության շենք։
__________________________
Ակցիայի մասնակիցները որոշեցին երթով շարժվել դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև կառավարության շենք՝ արտահայտելու իրենց բողոքը։ Նրանց երթին մասնակցում են նաև պատգամավորները։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստաջյանը հայտարարեց, որ եթե լինի համաձայնություն, ապա համատեղ հանրահավաք անցկացնել 4 խմբակցություներով՝ ինչը հավաքվածների կողմից ընդունվեց բուռն ծափահարություններով։ Այս պահին «դեմ ենք» վանկարկումներով և ոտքերի դոփյուններով մասնակիցները շարժվում են դեպքի ՄԻՊ գրասենյակի մոտ։

Զարուհի Փոստանջյանի առաջարկով շարժման մասնակիցները որոշեցին համազգային գործադուլ անցկացնել։

__________________________
Երբ ցուցարարները տեղեկացան, որ ԱԺ-ն մերժել է կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու նախագիծը, նրանք հայտարարեցին, որ չեն դադարեցնելու պայքարը և շուտով ոչ իշխանական խմբակցությունների հետ կորոշեն հետագա անելիքները։

Նրանք բուռն ծափահարությամբ ողջունեցին պարտադիր կուտակային կենսաթոշակների նախագիծը հետաձգելուն «կողմ» քվեարկած պատգամավորներին և սուլոցներով՝ «դեմ» քվեարկած ԱԺ մեծամասնությանը։

«Ամոթ», «ամոթ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները դեռևս նպատակ չունեն հեռանան ԱԺ շենքի առջևից։ Այս պահին ցույցի մասնակիցներին են միանում «կողմ» քվեարկած խմբակցությունների պատգամավորները։

Նշենք, որ նրանց շարքերը գնալով խտանում են, և քիչ առաջ նրանց են միացել նաև կին ազատամարտիկները։

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք 4 խմբակցություններով դիմելու են Սահմանադրական դատարանն և տեղեկացրեց, որ իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքը։

Ըստ նրա, Գալուստ Սահակյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, որպեսզի թյուրիմացություններ չլինեն ՀՀԿ խմբակցության համար դեմ կոճակ սեղմելիս։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես ասաց, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու օրենքի որոշ դրույթներ։ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ աջակցելու են Սահմանադրությամբ սահմանված ցանկացած գործողություն։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որովհետև այս պարտադիր բաղադրիչը հարվածում է մեր արժեհամակարգին։ Մենք ձեզ հետ միասին պետք դեմ կանգնենք այս արատավոր, ապազգային գործողությանը։ Պետք է կարողանաք համախմբվել, քանի որ 4 խորհրդարանական ուժերով, որ կարողացել են համախմբվել, պետք է ձեր պահանջը հասցնել խորհրդարան։ Դուք նույնպես պետք է համախմբվեք։ Պայքարելու ենք մինչև վերջ»,- ասաց նա:

__________________________

ԱԺ–ի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունման դեմ։ Նրանք նաև բոլոր քաղաքացիներին կոչ են անում միանալ ակցիային։

Ցուցարարները հայտարարել են, որ այստեղ են նաև սատարելու այն պատգամավորներին, որոնք դեմ են այդ օրինագծի ընդունմանը։ Նրանք հայտարարել են, իրենց պահանջները չբավարարելու դեպքում կփակեն Բաղրամյան պողոտան։

Խոսքն ուղղելով քաղաքացիներին Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության նախագահ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց.«Մենք մեր հույսը մեր վրա պետք է դնենք և այն պատգամավորների, որոնք այսօր ժողովրդի կողքին են, և կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին միանալ մեզ, քանի որ սա բոլորին է անդրադառնալու այս օրենքը»։

տեսանյութը՝ Civilnet

 

Share Button