Մարդիկ կորցրել են իրենց հույսը ոչ միայն իշխանություններից, այլև իրենց շրջապատից. Սարգիս Շահինյան

Ուզում եմ այս հարցը դիտարկել հեռանկարի տեսակետից։ Կարծում եմ, որ Հայաստանի անկախության քսան տարվա ընթացքում իշխանությունները չկարողացան ստեղծել այն մտապատկերը, որը կարողանար համոզիչ դառնալ Հայաստանի բնակչության համար` նրան մղելով այս հողի վրա նպատակներ ունենալու, մնալու, բարգավաճելու, երջանիկ լինելու, ստեղծագործելու։

Կարծում եմ, որ չստեղծվեց ղեկավարների կողմից այդ գաղափարախոսականը, որը պետք է հնարավորություն տար ժողովրդին` ինքն իրեն նույնացնելու այս ղեկավարության հետ, նաև նրա հանդեպ վստահություն ունենալու։ Ընդհակառակը՝ այդ ամբողջ կապիտալը, որը այս կառավարությունը, այս իշխանությունը, նախկին իշխանությունները ունեին, քանդվեցին կաշառակերությամբ, ոչ պիտանի քաղաքականություն վարելու հետևանքով և, ամենակարևորը՝ նրանք չկարողացան պահպանել ու արժևորել այն մշակութային և հոգևոր ավանդությունները, արժեքները, որոնք իրականության մեջ հայ ժողովրդին բնորոշ են։

Կարևորագույն դժվարություններից մեկը (դեռ չխոսենք հայրենադարձության մասին, այլ խոսենք բուն պատճառների մասին, որոնք մարդկանց մղեցին հսկայական քանակությամբ լքելու Հայաստանը, գնալու արտասահման, անկեղծ ասած` ոչ վերադառնալու նպատակով) հույսի կորուստն է։ Մարդիկ կորցրել են իրենց հույսը ոչ միայն իշխանություններից, այլև իրենց շրջապատից: Ահա հոգևոր և մշակութային միջավայրի պակասության արդյունքը, որը մեզ պետք է դրդի ինքնաքննադատության։

Սփյուռքի հայերը, ինչպես նաև հայաստանաբնակ ժողովուրդը, պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ Հայաստանում ապրելը և բարգավաճելը ոչ միայն դառնա հաճելի, այլև անհրաժեշտ։ Առանց սրա չենք կարող խոսել հայրենադարձության մասին: Պետք է խորը մտածել, թե ինչպես ևս մեկ անգամ համոզիչ ձևով ստեղծել պայմաններ, որպեսզի առաջին հերթին մարդիկ չթողնեն ու չհեռանան։

Ինչո՞ւ մենք զարգացում չունեցանք բոլոր ոլորտներում առանց բացառության։ Ուզում եմ վերադառնալ Իսրայել պետության հիմնադրման օրինակին և հիշեցնել, թե այդ պետության հիմնադրման գործում ամենակարևոր դերակատարում ունեցած անձինք ի՞նչ մոտեցում ունեցան հենց սկզբից, որպեսզի կարողանան ստեղծել հենց իմ նշած մտապատկերը։ Իրենք անջատվեցին վեց ամսով դեպի անապատ, գլուխ գլխի տալով փորձեցին ստեղծել այն օրենքները, որոնց վրա պետք է հիմնվեր Իսրայելի պետությունը։ Երբ արդեն պարզ էին այդ սկզբունքները և ուղղությունները, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի այդ երևակայությունը կարողանան իրականացնել։ Նրանք այդ ամենը սրսկեցին ամբողջ ժողովրդին, բոլոր մարդկանց: Առաջին իսկ պահից մեծ դեր խաղաց կրոնը, իսկ ամենակարևորը՝ դպրոցը՝ մանկապարտեզից սկսած։ Այդ գիտակցությունը ստեղծվեց ամեն անձի մեջ` այր թե կին, որ իրենք իրավունք ունեն այդ երկրի վրա մնալու, աճելու, բարգավաճելու։

Իսկ ո՞րն է պատգամը այսօրվա իշխանությունների: Ես չեմ խոսում այն պատգամի մասին, որը հնչեցվում է, այլ թե Սփյուռքի հայերը և Հայաստանի հայերը որքանով են հավատում դրան:

Այս վիճակը ոչ մի կայունության մասին չի խոսում և ոչ մի վստահություն չի ներշնչում: Ի՞նչ անել, որ սա փոխվի։ Մենք վկա ենք, որ հիվանդ ժողովուրդ ենք, սակայն փորձում ենք մեր բոլոր պակասությունները հենց նույն ոճիրների միջոցով բուժել, որոնց մենք զոհ գնացինք` բռնատիրություն, ստրկատիրություն և այլն։

Հայրենադարձությունը չի կարող դեղ լինել այս հիվանդության համար: Կարող է միայն շատ ժամանակավոր բուժել սիմպտոմները: Կարող եմ նույնիսկ ասել՝ այնքան ժամանակով, որից հետո հայրենադարձած ժողովուրդը ընդմիշտ կթողնի Հայաստանը՝ չուզելով անգամ տեսնել այս հայերեն խոսող անձանց երեսը։

Մենք պետք է համեստություն և ազնվություն ունենանք ինքներս մեր վրա աշխատելու, որպեսզի կարողանանք վիճակը ներսից փոխել: Սփյուռքը չի կարողանա փոխել դրսից, միայն կարող է թիկունք կանգնել պայքարողներին: Բուն փոփոխությունը, բուն քաղաքացիական ապստամբությունը, մտավորական ապստամբությունը բնիկ ժողովուրդը, այսինքն` Հայաստանում ներկայումս ապրող ժողովուրդը կարող է անել: