Դիմադրությունը, շարժումը շարունակվելու է, և մենք հասնելու ենք մեր նպատակին

Ձեզ ենք ներկայացնում մի հատված Նախախորհրդարանի մեկ ամյակին նվիրված մամուլի ասուլիսից:

Հարց. Փորձը ցույց է տալիս, որ եթե շոշափելի հաղթանակ չի գրանցվում, հետո տեղի է ունենում կարծես տրամադրության անկում, վակուում։ Փակ շուկայի դեպքում արդյո՞ք չհաջողված փորձ չէր:

Պատասխան. Նախ Փակ շուկայի պարագան ավարտված չէ, որպեսզի մենք կարողանանք գնահատական տալ որպես անհաջող կամ հաջող դեպք։ Եվ մենք գիտակցել ենք, որ սա երկարատև պայքար է լինելու: Եկեք Ծածկած շուկա անվանումը օգտագործենք, Փակ շուկա անվանումը ճիշտ չէ, իր պաշտոնական անվանումը Ծածկած շուկա է: Փորձենք ամփոփել և տեսնել, թե ինչ եղավ այս երկու, երեք ամիսների ընթացքում։ Այստեղ, փաստորեն, ոչ միայն պարզվեցին այն մեխանիզմները, որոնցով իշխանություն է իրականացվում Հայաստանում, որտեղ և ինչպես են կայացվում որոշումները, ոչ միայն պարզվեց այն իրավական վակուումը, որում շարունակում է գործել Ծածկած շուկան, այլև պարզվեցին շատ ավելի հետաքրքիր փաստեր։ Պարզվեց ամբողջ այդ մոնոպոլիզացված վիճակը, կապված Հայաստանում սուպերմարկետների հետ։ Այն թվերը, որոնք հրապարակվեցին այս պայքարի արդյունքում հետևյալներն էին։ Երևանյան շուկան մոտ 1 մլդ. դոլարի հասնող շուկա է, որից 100 մլն. արդեն Երևան սիթիների ձեռքում է։ Եվ պայքարը մնացած շուկայի համար բուռն ձևով ընթանում է։ Վերջին մեկ տարվա ընթացքում 1000 փոքր ու միջին խանութներ են փակվել Երևանում: Պայքարի ընթացքում են ի հայտ գալիս այս թվերը։ Եվ գիտակցումը, թե ինչի դեմ ենք պայքարում։ Երևում է ողջ մեխանիզմը, թե ինչու է Հայաստանում արտագաղթ տեղի ունենում, ինչու է եկամուտը կուտակվում որոշ մեծահարուստների ձեռքում, իսկ մնացած ժողովուրդը սկսում է չքավոր դառնալ և այլն, սա հստակորեն երևում է։ Երևում են նաև այն բանդաները, որ փողոց դուրս եկան, որոնք սովորաբար միայն ընտրությունների ժամանակ էին ի հայտ գալիս։ Եվ ամենակարևորը, որպես արդյունք, որ պետք է ասեմ, երևի նկատեցիք, որ ֆեյսբուքում տարածված ծաղրանկարները վերացնում են վախը, օլիգարխների նկատմամբ ունեցած ժողովրդի վախը բռնում են։ Օլիգարխները հետապնդում էին բոլոր ակտիվիստներին, մինչև տներ էին գնում, սպառնում էին։ Այս ընթացքում ինչ ասես եղել է։ Սակայն իրենց չի հաջողվել վախ ներարկել ակտիվիստներին: Դեռ ավելին, ամբողջ ֆեյսբուքում մարդիկ, բացահայտ չվախենալով, այդ ծաղրանկարները տարածում են: Այսինքն ժողովուրդը դադարում է վախենալ օլիգարխների ամենակարողությունից: Բայց սա ես փուլային հաղթանակ եմ համարում։ Դիմադրությունը, շարժումը շարունակվելու է, և մենք հասնելու ենք մեր նպատակին: