Քանի դեռ մարդը չի զգում հայրենիքի հետ կապը, չի ապրելու այնտեղ և չի ծառայելու նրան. Հրանուշ Խառատյան

«Հայրենիք» բառի ընկալումն այսօրվա Հայաստանի բնակչության շրջանում դառնում է խնդրահարույց: Ինչո՞ւ: Ութսունութին և իննսունականների պատերազմական տարիներին, չնայած որոշ արտագաղթին, այս փոքր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում էր որպես ընդհանուր Հայաստանից մնացած մի շատ սիրված տարածք: Ճիշտ է, այստեղից մարդիկ գնում էին, բայց նրանց հեռանալու բազմաթիվ պատճառների շարքում հայրենիքի նկատմամբ սիրո պակասը չէր տեղավորվում: Գնում էին «հայրենիքը լքելու» զգացողությամբ՝ շրջափակման, «ցուրտ ու մութ» տարիների բազմաթիվ դժվարությունների, այստեղ մնացող հարազատներին օգնելու պատճառով: Գնում էին՝ իրենց սերը մեր երկրի, իրենց հայրենիքի նկատմամբ իրենց հետ տանելով: Այս երևույթը մեր փոքրիկ Հայաստանում ապրած մարդկանցից շատերի համար այնքան հայտնի է, որ լրացուցիչ բացատրության կարիք չունի:

Սակայն իննսունութ թվականին ի հայտ եկավ մի արտահայտություն, որ հիմա շատ տարածված է`«էս երկիրը»: Այն արտահայտում է մի կարևոր ու խիստ ցավոտ զգացում՝ ինքնօտարում հայրենիքից. «էս երկիրը» «իմ երկիրը չէ»: Ներկայումս «էս երկիրը» արտահայտությունը համարյա դարձել է համատարած: «Մեր երկիրը» չկա, կա «էս երկիրը»: Եվ սրա կողքին տարբեր մարդկանցից անընդհատ լսում ենք նաև «սրանց երկիրը», «իրանք», «սրանք» արտահայտությունները:

Հայաստանում ձևավորված հասարակական բևեռացմամբ հայրենիքը՝ «Էս երկիրը», «տրվեց» բևեռներից մեկին, այն բևեռին, որը որոշումների միակ տերը դառնալով՝ դարձավ նաև Հայաստան երկրի տերը՝ այն փաստացի խլելով երկրի բնակչության քանակական մեծամասնությունից: Խլեց նյութական ռեսուրսներով, խլեց մշակութային անցյալի միահեծան մսխումով, խլեց՝ բռնության վարքի տարածումով, խլեց՝ հազարամյակներով իր հայրենիքում ապրած երկրի բնակչության քանակական մեծամասնությանը նույն հայրենիքում զրկելով արժանապատիվ ապրելու, արարելու, իր բնակարանում ապրելու և իր ունեցվածքը տնօրինելու իրավունքից և հնարավորությունից: Զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում «հայրենիքը» իր ունեցած-չունեցածով հայտնվեց այդ բևեռի ձեռքին, մյուս բևեռին թողնվեց միայն Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու պարտականությունը: Աստիճանաբար ուշքի եկած մարդիկ տեսան, որ իրենց Հայրենիքը պաշտպանում են այդ «մի խումբ մարդկանց»՝ իրենց վրա իշխանությունը շարունակելու իրավունքի համար:

Հայաստանի բնակչության մոտ կեսը կազմող աղքատ բնակչությանը «սոցիալական նպաստով» գոյատևելու շանս տալով՝ Հայրենիքը յուրացրած տերերը նրանց մեծահոգաբար իրավունք տվեցին իրենց զավակներին բանակ ուղարկելով՝ պահպանել տերերի կողմից յուրացրած Հայրենիքը, նույնիսկ չերաշխավորելով այդ զավակների առողջությունը, կյանքը… Բանակից հիվանդացած վերադարձողները մնում են աղքատ ծնողների խնամքի աղքատ հնարավորությունների հույսին, իսկ սպանվածների դիակները նրանց հարազատներին են վերադարձվում ընդամենը հայրենիքում թաղելու թույլտվությամբ: Շրջափակված հայրենիքում գործող կենսաբանական բնազդը սկսեց գերազանցել սոցիալական մտքի հարյուրամյակների փորձին: Իրավազուրկների համար իրավատերերը սկսեցին ընկալվել որպես «սրանք», իսկ «այս երկիրն» ու «սրանք» ընկալումները տարիների ընթացքում սկսեցին նույնականանալ: 2003-2004 թթ. արդեն շատ հստակ ձևակերպումներ առաջ եկան. «Էս երկիրը» «սրանց երկիրն է», «էս երկիրը իրանց երկիրն է», «մենք ի՞նչ կապ ունենք այս երկրի հետ», «էս երկրում մենք օտար մարդիկ ենք», «էս երկրից գնալը կփրկի»…: Այս կերպող առաջացնելով ճգնաժամ հայրենիքի հանդեպ սիրո մեջ:

Հայրենիքի հանդեպ սերը կարող է սնուցվել հայրենիքի բնակչության ընդհանուր իրավունքի և ընդհանուր զգացմունքների դեպքում: Ինչպես իրավունքը կիսվեց, այնպես էլ՝ հայրենիքի ընկալումը, զգացմունքը: Հայրենիքի նկատմամբ մարդու և քաղաքացու սերը տևական ժամանակ որևէ կերպ փոխհատուցում չստացավ, այդ թվում՝ աշխատելու, վաստակելու, հայրենիքի տերը և միաժամանակ պաշտպանը լինելու առումներով: Ընդհակառակը` ամեն քայլափոխի նրանք մերժվել են, զրկվել են հայրենիքում տեղ ունենալու և արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Նման զարգացումը հանգեցրել է հայրենիքի հետ հոգեկան կապի խզման: «Հայրենասեր» բառը սկսեց ընկալման կարիք ունենալ. ի՞նչ է նշանակում այն, ո՞րն է այդ հայրենիքը, որ պետք է սիրենք, ինչու՞ պետք է սիրենք հայրենիքը, ինչպե՞ս պետք է սիրենք հայրենիքը և, առհասարակ, ո՞րն է սկզբունքորեն հայրենիքի հետ կապը:

Հայրենիքը և՛ ֆիզիկա-աշխարհագրական, և՛ սոցիալ-մշակութային մի տարածք է, որտեղ մարդը պետք է սիրով ուզենա ապրել: Մարդը հեռանում է հայրենիքից, որովհետև իրեն այնտեղ չեն սիրում և ինքը դադարում է սիրել այդ տեղը, դադարում է սիրել այդ աշխարհագրական և սոցիալական ու մշակութային տարածքը, որտեղ ինքը ոչ միայն, կամ նույնիսկ՝ ոչ թե նյութական բարեկեցությունից է զրկված, այլ մերժված է, մերժված է որպես կայանալու շանս ունեցող, հեռանկար ունեցող, արժանապատվություն ունեցող և ընդհանրապես կյանքին մասնակցող անհատ: Մեր հասարակության զգալի մասը մերժված է մեր հայրենիքում, մեր հանրապետության ներկայիս տարածքում հեռանկար ստեղծելուն մասնակցելուց, իրեն մարդ զգալու հնարավորությունից: Ուրեմն ի՞նչը պաշտպանել, իր նվաստացած գոյությու՞նը, «մի խումբ մարդկանց»՝ իրեն կեղեքելու իրավու՞նքը, իր տունը, իր հայրենիքը բնական ռեսուրսներից զրկելով՝ իր գոյությունը շարունակելու անհնարինությու՞նը, իր տգեղ աղքատությու՞նը, իր անուրախ գոյությու՞նը, իր իրավազրկությու՞նը:

Հայրենիքը նույնանում է մի տեղի հետ, որտեղ մարդը խոնարհվում է ու նվաստանում: Իսկ մարդիկ հոգնել են խոնարհվելուց ու նվաստանալուց: Ուստի մարդիկ սկսում են չսիրել հայրենիքը: Այս համատեքստում, օրինակ, շատ հստակ հասկանալի է դառնում, թե ինչու ընտրությունների ժամանակ հինգ, տասը, քսան կամ հիսուն հազար դրամով մարդը շատ հեշտ կարող է ծախել իր խիղճն ու համոզմունքը. «էս երկրում» նրա «խիղճն ու համոզմունքը» այնքան է նվաստացել, «պատիվ» հասկացությունն այնքան է ստորադասվել «հենց հիմա և հենց այստեղ, այս փակ տարածքում» ուժի կիրառմամբ թալանելու երևույթին, որ «ծախված խիղճը» պարզ առևտրական գործարք է դարձել: Առավել ևս, որ մարդն ընտրությունները չի տեսնում կյանքի ու հայրենիքի հետ հետագա կապի մեջ: Հայրենիքը իրենը չէ, հայրենիքը «իրանցն է, իրանք ինչ ուզում են, անում են»:

Սա արդեն գաղութային երկրի իրավիճակ է և բոլորին հայտնի է, թե ովքեր են գաղութարարները` անձերով և շերտով: Տվյալ պարագայում նկատի չունեմ արտաքին ուժերից կախվածությունը, մակարդակները, հեռանկարները: Ես խոսում եմ մեր երկրի ներքին հասարակական տրամաբանության մասին, որտեղ գաղութարարները հայրենիքն ընկալում են որպես այն կեղեքելու մենաշնորհացված դաշտ: Նրանք հայրենիքի այդ խեղված ընկալման տեսակետից զուգահեռաբար ըստ էության յուրացրել են նաև հայրենիքի նկատմամբ սիրո ձևը, հնարավորությունն ու իրավունքը` դրանով իսկ նեղացնելով ու աղավաղելով այդ երևույթները, ինչի պատճառով էլ հասարակական գիտակցության մեջ հայրենիքը ընկալվում է որպես գաղութ, որտեղ մարդուն կեղեքում են, մերժում ու ստորացնում: Մինչդեռ հպատակները բացարձակապես զուրկ են հայրենիքից պաշտպանվածության, հայրենիքում ռեալիզացվելու, հայրենիքում հեռանկար ունենալու հնարավորություններից: Հայրենիքը չի պաշտպանում «անտերներին», «զոհերին»: Եվ քանի դեռ մարդիկ չեն տեսնում գաղութարարին և գաղութատիրությունը հաղթահարելու ճանապարհը, փախչում են գաղութից: «Սրանց հայրենիքում» մարդիկ հեռանկար չեն տեսնում ոչ միայն իրենց, այլև իրենց սերունդների համար:

Ահա սա է հայրենիքի ընկալման ճգնաժամը: Հայրենիքը դադարել է հայրենիք լինելուց: Նման իրավիճակում հայրենիքի ընկալումը կամ հայրենասիրությունը մարդու համար դառնում է բեռ: Հայրենասիրությունը դառնում է վիրտուալ սեր մի բանի նկատմամբ, որի հետ առարկայական կապը չի զգում:

Հայաստանի բնակչության շրջանում առկա` հայրենիքի զգացողության ճգնաժամն աստիճանաբար տարածվում է նաև Սփյուռքում:

Քանի դեռ մարդը տեր չէ հայրենիքին, չի զգալու հայրենիքի հետ կապը, չի սիրելու հայրենիքը, չի ապրելու այնտեղ և չի ծառայելու նրան:

Ուստի անհրաժեշտ է հայրենադարձության ծրագրեր մշակելուց և դրանց իրականացմանը ձեռնամուխ լինելուց առաջ այսօրվա Հայաստանում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, ինչպես նաև արտերկրաբնակ հայության մեջ գոյացնել հայրենիքի լիարժեք տիրոջ զգացում` այդ հայրենիքում փոխադարձաբար սիրո և հարգանքի արժանանալու հնարավորության ձևավորմամբ:

Share Button