Մեծ հայրենադարձությունը որպես ազգի և պետության զարգացման նախապայման

(2012 թ. դեկտեմբերի 15-ին Նախախորհրդարանի կազմակերպած՝

«Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները»

թեմայով հանրային լսումների բանախոսների ելույթների սեղմագրերը)

 

Գարեգին Չուգասզյան

Ապագա հայկական պետության միգրացիոն քաղաքականության իմաստավորման նպատակով մենք պետք է հայրենադարձությունը ընկալենք հայրենակերտման համատեքստի մեջ և դիտենք որպես դրա անհրաժեշտ պայման: Ընդսմին, հայրենադարձությունը պետք չէ ընկալել միայն որպես դեպի Հայաստան տեղի ունեցող անընդհատ և վերջնական գործընթաց:

Այսօրվա համաշխարհայնացման պայմաններում մենք կարող ենք պատկերացնել, որ հայությունը ներառված է շատ ուժեղ Հայաստան կենտրոնով համահայկական ցանցապետության մեջ և, միևնույն ժամանակ հասկանալ, որ Հայաստանի և հայության շահերը, հիմնված լինելով ֆիզիկական Հայաստանի և ֆիզիկական հայության վրա, տարածվում են նաև Հայաստանի ֆիզիկական տարածքից դուրս:

Ես համամիտ չեմ մեր պատմության, մեր պատմական ճակատագրի հայտնի գնահատականների հետ: Մեր պատմությունը պետք է ընկալել որպես սինուսոիդալ` իր տատանումներով ու վերիվարումներով: Ներկայիս անկումը նույնպես մշտական չէ, հարատև անկման շարունակություն չէ, այլ հերթական անկում է հերթական վերելքից առաջ: Մի հիվանդություն, որից դուրս գալով կարելի է ավելի ուժեղ լինել: Ինչպես Նիցշեի մասին Թոման Մանն էր ասում` «Ամեն մարդ չէ, որ կարող է Նիցշեի հիվանդությունով հիվանդանալ»։ Առողջությունը չափվում է այն հիվանդության չափով, որը կարող ես հաղթահարել։

Եթե Հայաստանում մենք կարողանանք առաջադրել և լուծել վստահության վրա հիմնված սոցիալական կապիտալի ձևավորման խնդիրը և դրա շրջանակներում ստեղծենք համապատասխան ինտերֆեյսներ, ապա միանգամայն իրատեսական կդառնան հայրենադարձության բոլոր ձևերը` տնտեսական, գիտական, կրթական, տեխնոլոգիական, մշակութային և այլն: Եվ այս բազմատեսակ հայրենադարձությունը տեղի կունենա ինչպես մասնագետների ու նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական հայրենադարձության, այնպես էլ իրենց բնակության երկրներում լինելով հանդերձ` համահայկական ցանցապետության շրջանակներում նրանց ներգրավման ու արդյունավետ մասնակցության ձևաչափերով:

Միայն այսպիսի բարդ ինտերֆեյսի գոյությունը հնարավորություն կտա համախմբելու և արդյունավետ կերպով օգտագործելու այն ամբողջ ներուժն ու հարստությունը, որ մեր ժողովուրդն իր պատմական ճակատագրի բերմամբ այսօր ունի աշխարհում։

Նման սիմբիոզային ձևաչափով հայ ինքնության նորովի կառուցման այս սցենարի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կառավարման շատ բազմապիսի ու արդյունավետ սուբյեկտ` համազգային կառավարման համակարգ: Այդ սուբյեկտը պետք է կարողանա գիտակցել պահի ճակատագրականությունը թե՛ հնարավորությունների ու թե՛ վտանգների առումով և ունակ լինի ցուցաբերելու բավարար կամք՝ դեպքերի ընթացքը դեպի ցանկալի կողմ ուղղելու և այդ կերպով Հայաստանն ու հայությունը անկման վիճակից թռիչքային զարգացման ուղիով տանելու համար։ Անշուշտ, այդ համակարգի գլխավոր բաղադրիչը պետք է դառնա ապագա Հայաստանի պետական կառավարման համակարգը:

Հրանուշ Խառատյան

«Հայրենիք» բառի ընկալումն այսօրվա Հայաստանի բնակչության շրջանում դառնում է խնդրահարույց: Ինչո՞ւ: Ութսունութին և իննսունականների պատերազմական տարիներին, չնայած որոշ արտագաղթին, այս փոքր Հայաստանի Հանրապետությունն ընկալվում էր որպես ընդհանուր Հայաստանից մնացած մի շատ սիրված տարածք: Ճիշտ է, այստեղից մարդիկ գնում էին, բայց նրանց հեռանալու բազմաթիվ պատճառների շարքում հայրենիքի նկատմամբ սիրո պակասը չէր տեղավորվում: Գնում էին «հայրենիքը լքելու» զգացողությամբ՝ շրջափակման, «ցուրտ ու մութ» տարիների բազմաթիվ դժվարությունների, այստեղ մնացող հարազատներին օգնելու պատճառով: Գնում էին՝ իրենց սերը մեր երկրի, իրենց հայրենիքի նկատմամբ իրենց հետ տանելով: Այս երևույթը մեր փոքրիկ Հայաստանում ապրած մարդկանցից շատերի համար այնքան հայտնի է, որ լրացուցիչ բացատրության կարիք չունի:

Սակայն իննսունութ թվականին ի հայտ եկավ մի արտահայտություն, որ հիմա շատ տարածված է`«էս երկիրը»: Այն արտահայտում է մի կարևոր ու խիստ ցավոտ զգացում՝ ինքնօտարում հայրենիքից. «էս երկիրը» «իմ երկիրը չէ»: Ներկայումս «էս երկիրը» արտահայտությունը համարյա դարձել է համատարած: «Մեր երկիրը» չկա, կա «էս երկիրը»: Եվ սրա կողքին տարբեր մարդկանցից անընդհատ լսում ենք նաև «սրանց երկիրը», «իրանք», «սրանք» արտահայտությունները:

Հայաստանում ձևավորված հասարակական բևեռացմամբ հայրենիքը՝ «Էս երկիրը», «տրվեց» բևեռներից մեկին, այն բևեռին, որը որոշումների միակ տերը դառնալով՝ դարձավ նաև Հայաստան երկրի տերը՝ այն փաստացի խլելով երկրի բնակչության քանակական մեծամասնությունից: Խլեց նյութական ռեսուրսներով, խլեց մշակութային անցյալի միահեծան մսխումով, խլեց՝ բռնության վարքի տարածումով, խլեց՝ հազարամյակներով իր հայրենիքում ապրած երկրի բնակչության քանակական մեծամասնությանը նույն հայրենիքում զրկելով արժանապատիվ ապրելու, արարելու, իր բնակարանում ապրելու և իր ունեցվածքը տնօրինելու իրավունքից և հնարավորությունից: Զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում «հայրենիքը» իր ունեցած-չունեցածով հայտնվեց այդ բևեռի ձեռքին, մյուս բևեռին թողնվեց միայն Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու պարտականությունը: Աստիճանաբար ուշքի եկած մարդիկ տեսան, որ իրենց Հայրենիքը պաշտպանում են այդ «մի խումբ մարդկանց»՝ իրենց վրա իշխանությունը շարունակելու իրավունքի համար: Հայաստանի բնակչության մոտ կեսը կազմող աղքատ բնակչությանը «սոցիալական նպաստով» գոյատևելու շանս տալով՝ Հայրենիքը յուրացրած տերերը նրանց մեծահոգաբար իրավունք տվեցին իրենց զավակներին բանակ ուղարկելով՝ պահպանել տերերի կողմից յուրացրած Հայրենիքը, նույնիսկ չերաշխավորելով այդ զավակների առողջությունը, կյանքը… Բանակից հիվանդացած վերադարձողները մնում են աղքատ ծնողների խնամքի աղքատ հնարավորությունների հույսին, իսկ սպանվածների դիակները նրանց հարազատներին են վերադարձվում ընդամենը հայրենիքում թաղելու թույլտվությամբ: Շրջափակված հայրենիքում գործող կենսաբանական բնազդը սկսեց գերազանցել սոցիալական մտքի հարյուրամյակների փորձին: Իրավազուրկների համար իրավատերերը սկսեցին ընկալվել որպես «սրանք», իսկ «այս երկիրն» ու «սրանք» ընկալումները տարիների ընթացքում սկսեցին նույնականանալ: 2003-2004 թթ. արդեն շատ հստակ ձևակերպումներ առաջ եկան. «Էս երկիրը» «սրանց երկիրն է», «էս երկիրը իրանց երկիրն է», «մենք ի՞նչ կապ ունենք այս երկրի հետ», «էս երկրում մենք օտար մարդիկ ենք», «էս երկրից գնալը կփրկի»…: Այս կերպող առաջացնելով ճգնաժամ հայրենիքի հանդեպ սիրո մեջ: Հայրենիքի հանդեպ սերը կարող է սնուցվել հայրենիքի բնակչության ընդհանուր իրավունքի և ընդհանուր զգացմունքների դեպքում: Ինչպես իրավունքը կիսվեց, այնպես էլ՝ հայրենիքի ընկալումը, զգացմունքը: Հայրենիքի նկատմամբ մարդու և քաղաքացու սերը տևական ժամանակ որևէ կերպ փոխհատուցում չստացավ, այդ թվում՝ աշխատելու, վաստակելու, հայրենիքի տերը և միաժամանակ պաշտպանը լինելու առումներով: Ընդհակառակը` ամեն քայլափոխի նրանք մերժվել են, զրկվել են հայրենիքում տեղ ունենալու և արժանապատիվ ապրելու հնարավորությունից: Նման զարգացումը հանգեցրել է հայրենիքի հետ հոգեկան կապի խզման: «Հայրենասեր» բառը սկսեց ընկալման կարիք ունենալ. ի՞նչ է նշանակում այն, ո՞րն է այդ հայրենիքը, որ պետք է սիրենք, ինչու՞ պետք է սիրենք հայրենիքը, ինչպե՞ս պետք է սիրենք հայրենիքը և, առհասարակ, ո՞րն է սկզբունքորեն հայրենիքի հետ կապը:

Հայրենիքը և՛ ֆիզիկա-աշխարհագրական, և՛ սոցիալ-մշակութային մի տարածք է, որտեղ մարդը պետք է սիրով ուզենա ապրել: Մարդը հեռանում է հայրենիքից, որովհետև իրեն այնտեղ չեն սիրում և ինքը դադարում է սիրել այդ տեղը, դադարում է սիրել այդ աշխարհագրական և սոցիալական ու մշակութային տարածքը, որտեղ ինքը ոչ միայն, կամ նույնիսկ՝ ոչ թե նյութական բարեկեցությունից է զրկված, այլ մերժված է, մերժված է որպես կայանալու շանս ունեցող, հեռանկար ունեցող, արժանապատվություն ունեցող և ընդհանրապես կյանքին մասնակցող անհատ: Մեր հասարակության զգալի մասը մերժված է մեր հայրենիքում, մեր հանրապետության ներկայիս տարածքում հեռանկար ստեղծելուն մասնակցելուց, իրեն մարդ զգալու հնարավորությունից: Ուրեմն ի՞նչը պաշտպանել, իր նվաստացած գոյությու՞նը, «մի խումբ մարդկանց»՝ իրեն կեղեքելու իրավու՞նքը, իր տունը, իր հայրենիքը բնական ռեսուրսներից զրկելով՝ իր գոյությունը շարունակելու անհնարինությու՞նը, իր տգեղ աղքատությու՞նը, իր անուրախ գոյությու՞նը, իր իրավազրկությու՞նը:

Հայրենիքը նույնանում է մի տեղի հետ, որտեղ մարդը խոնարհվում է ու նվաստանում: Իսկ մարդիկ հոգնել են խոնարհվելուց ու նվաստանալուց: Ուստի մարդիկ սկսում են չսիրել հայրենիքը: Այս համատեքստում, օրինակ, շատ հստակ հասկանալի է դառնում, թե ինչու ընտրությունների ժամանակ հինգ, տասը, քսան կամ հիսուն հազար դրամով մարդը շատ հեշտ կարող է ծախել իր խիղճն ու համոզմունքը. «էս երկրում» նրա «խիղճն ու համոզմունքը» այնքան է նվաստացել, «պատիվ» հասկացությունն այնքան է ստորադասվել «հենց հիմա և հենց այստեղ, այս փակ տարածքում» ուժի կիրառմամբ թալանելու երևույթին, որ «ծախված խիղճը» պարզ առևտրական գործարք է դարձել: Առավել ևս, որ մարդն ընտրությունները չի տեսնում կյանքի ու հայրենիքի հետ հետագա կապի մեջ: Հայրենիքը իրենը չէ, հայրենիքը «իրանցն է, իրանք ինչ ուզում են, անում են»:

Սա արդեն գաղութային երկրի իրավիճակ է և բոլորին հայտնի է, թե ովքեր են գաղութարարները` անձերով և շերտով: Տվյալ պարագայում նկատի չունեմ արտաքին ուժերից կախվածությունը, մակարդակները, հեռանկարները: Ես խոսում եմ մեր երկրի ներքին հասարակական տրամաբանության մասին, որտեղ գաղութարարները հայրենիքն ընկալում են որպես այն կեղեքելու մենաշնորհացված դաշտ: Նրանք հայրենիքի այդ խեղված ընկալման տեսակետից զուգահեռաբար ըստ էության յուրացրել են նաև հայրենիքի նկատմամբ սիրո ձևը, հնարավորությունն ու իրավունքը` դրանով իսկ նեղացնելով ու աղավաղելով այդ երևույթները, ինչի պատճառով էլ հասարակական գիտակցության մեջ հայրենիքը ընկալվում է որպես գաղութ, որտեղ մարդուն կեղեքում են, մերժում ու ստորացնում: Մինչդեռ հպատակները բացարձակապես զուրկ են հայրենիքից պաշտպանվածության, հայրենիքում ռեալիզացվելու, հայրենիքում հեռանկար ունենալու հնարավորություններից: Հայրենիքը չի պաշտպանում «անտերներին», «զոհերին»: Եվ քանի դեռ մարդիկ չեն տեսնում գաղութարարին և գաղութատիրությունը հաղթահարելու ճանապարհը, փախչում են գաղութից: «Սրանց հայրենիքում» մարդիկ հեռանկար չեն տեսնում ոչ միայն իրենց, այլև իրենց սերունդների համար:

Ահա սա է հայրենիքի ընկալման ճգնաժամը: Հայրենիքը դադարել է հայրենիք լինելուց: Նման իրավիճակում հայրենիքի ընկալումը կամ հայրենասիրությունը մարդու համար դառնում է բեռ: Հայրենասիրությունը դառնում է վիրտուալ սեր մի բանի նկատմամբ, որի հետ առարկայական կապը չի զգում:

Հայաստանի բնակչության շրջանում առկա` հայրենիքի զգացողության ճգնաժամն աստիճանաբար տարածվում է նաև Սփյուռքում:

Քանի դեռ մարդը տեր չէ հայրենիքին, չի զգալու հայրենիքի հետ կապը, չի սիրելու հայրենիքը, չի ապրելու այնտեղ և չի ծառայելու նրան:

Ուստի անհրաժեշտ է հայրենադարձության ծրագրեր մշակելուց և դրանց իրականացմանը ձեռնամուխ լինելուց առաջ այսօրվա Հայաստանում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում, ինչպես նաև արտերկրաբնակ հայության մեջ գոյացնել հայրենիքի լիարժեք տիրոջ զգացում` այդ հայրենիքում փոխադարձաբար սիրո և հարգանքի արժանանալու հնարավորության ձևավորմամբ:

Սարգիս Շահինյան

Ուզում եմ այս հարցը դիտարկել հեռանկարի տեսակետից։ Կարծում եմ, որ Հայաստանի անկախության քսան տարվա ընթացքում իշխանությունները չկարողացան ստեղծել այն մտապատկերը, որը կարողանար համոզիչ դառնալ Հայաստանի բնակչության համար` նրան մղելով այս հողի վրա նպատակներ ունենալու, մնալու, բարգավաճելու, երջանիկ լինելու, ստեղծագործելու։

Կարծում եմ, որ չստեղծվեց ղեկավարների կողմից այդ գաղափարախոսականը, որը պետք է հնարավորություն տար ժողովրդին` ինքն իրեն նույնացնելու այս ղեկավարության հետ, նաև նրա հանդեպ վստահություն ունենալու։ Ընդհակառակը՝ այդ ամբողջ կապիտալը, որը այս կառավարությունը, այս իշխանությունը, նախկին իշխանությունները ունեին, քանդվեցին կաշառակերությամբ, ոչ պիտանի քաղաքականություն վարելու հետևանքով և, ամենակարևորը՝ նրանք չկարողացան պահպանել ու արժևորել այն մշակութային և հոգևոր ավանդությունները, արժեքները, որոնք իրականության մեջ հայ ժողովրդին բնորոշ են։

Կարևորագույն դժվարություններից մեկը (դեռ չխոսենք հայրենադարձության մասին, այլ խոսենք բուն պատճառների մասին, որոնք մարդկանց մղեցին հսկայական քանակությամբ լքելու Հայաստանը, գնալու արտասահման, անկեղծ ասած` ոչ վերադառնալու նպատակով) հույսի կորուստն է։ Մարդիկ կորցրել են իրենց հույսը ոչ միայն իշխանություններից, այլև իրենց շրջապատից: Ահա հոգևոր և մշակութային միջավայրի պակասության արդյունքը, որը մեզ պետք է դրդի ինքնաքննադատության։

Սփյուռքի հայերը, ինչպես նաև հայաստանաբնակ ժողովուրդը, պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ Հայաստանում ապրելը և բարգավաճելը ոչ միայն դառնա հաճելի, այլև անհրաժեշտ։ Առանց սրա չենք կարող խոսել հայրենադարձության մասին: Պետք է խորը մտածել, թե ինչպես ևս մեկ անգամ համոզիչ ձևով ստեղծել պայմաններ, որպեսզի առաջին հերթին մարդիկ չթողնեն ու չհեռանան։

Ինչո՞ւ մենք զարգացում չունեցանք բոլոր ոլորտներում առանց բացառության։ Ուզում եմ վերադառնալ Իսրայել պետության հիմնադրման օրինակին և հիշեցնել, թե այդ պետության հիմնադրման գործում ամենակարևոր դերակատարում ունեցած անձինք ի՞նչ մոտեցում ունեցան հենց սկզբից, որպեսզի կարողանան ստեղծել հենց իմ նշած մտապատկերը։ Իրենք անջատվեցին վեց ամսով դեպի անապատ, գլուխ գլխի տալով փորձեցին ստեղծել այն օրենքները, որոնց վրա պետք է հիմնվեր Իսրայելի պետությունը։ Երբ արդեն պարզ էին այդ սկզբունքները և ուղղությունները, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի այդ երևակայությունը կարողանան իրականացնել։ Նրանք այդ ամենը սրսկեցին ամբողջ ժողովրդին, բոլոր մարդկանց: Առաջին իսկ պահից մեծ դեր խաղաց կրոնը, իսկ ամենակարևորը՝ դպրոցը՝ մանկապարտեզից սկսած։ Այդ գիտակցությունը ստեղծվեց ամեն անձի մեջ` այր թե կին, որ իրենք իրավունք ունեն այդ երկրի վրա մնալու, աճելու, բարգավաճելու։

Իսկ ո՞րն է պատգամը այսօրվա իշխանությունների: Ես չեմ խոսում այն պատգամի մասին, որը հնչեցվում է, այլ թե Սփյուռքի հայերը և Հայաստանի հայերը որքանով են հավատում դրան:

Այս վիճակը ոչ մի կայունության մասին չի խոսում և ոչ մի վստահություն չի ներշնչում: Ի՞նչ անել, որ սա փոխվի։ Մենք վկա ենք, որ հիվանդ ժողովուրդ ենք, սակայն փորձում ենք մեր բոլոր պակասությունները հենց նույն ոճիրների միջոցով բուժել, որոնց մենք զոհ գնացինք` բռնատիրություն, ստրկատիրություն և այլն։

Հայրենադարձությունը չի կարող դեղ լինել այս հիվանդության համար: Կարող է միայն շատ ժամանակավոր բուժել սիմպտոմները: Կարող եմ նույնիսկ ասել՝ այնքան ժամանակով, որից հետո հայրենադարձած ժողովուրդը ընդմիշտ կթողնի Հայաստանը՝ չուզելով անգամ տեսնել այս հայերեն խոսող անձանց երեսը։

Մենք պետք է համեստություն և ազնվություն ունենանք ինքներս մեր վրա աշխատելու, որպեսզի կարողանանք վիճակը ներսից փոխել: Սփյուռքը չի կարողանա փոխել դրսից, միայն կարող է թիկունք կանգնել պայքարողներին: Բուն փոփոխությունը, բուն քաղաքացիական ապստամբությունը, մտավորական ապստամբությունը բնիկ ժողովուրդը, այսինքն` Հայաստանում ներկայումս ապրող ժողովուրդը կարող է անել:

Վարդան Մարաշլյան

Ես ներկայացնում եմ «Վերադարձ Հայաստան» կազմակերպությունը: Մեր կազմակերպության անցկացրած` Սփյուռքի և Հայաստանի համար հայրենադարձության կարևորության վերաբերյալ հարցումների արդյունքների համաձայն, հայրենադարձությունը.

1. մինիմալիզացնում է ձուլման ռիսկերը,

2. երաշխավորում է մեր և մեր երեխաների հայ լինելու ապագան,

3. շատ կարևոր այլընտրանք է հայերի համար, որոնք ապրում են անկայուն ռեգիոններում. այն ինչ է տեղի ունենում Սիրիայում, կարող է տարածվել նաև այլ երկրների վրա,

4. կարևոր է այն հայերի համար, որոնք ուզում են իրենց անձնական լուման ունենալ մեր պետության կայացման գործում,

5. որոշ հայրենադարձների համար Հայաստանում կյանքի որոշակի որակ ունենալու հնարավորություն է, ինչը բավական դժվար է ձեռք բերել իրենց երկրներում,

6. հագեցած շուկաներ ունեցող երկրներում բնակվող և աշխատող հայրենադարձներին հնարավորություն է տալիս իրենց գիտելիքները և փորձը իրացնել Հայաստանում` տնտեսության նոր սեգմենտներում և նոր տնտեսական ոլորտներում:

Պետության համար նույնպես այս ամենը պետք է կարևոր լինի, որովհետև մշակութային երկիր բերելով այդ մարդկանց, պետությունը միայն կշահի։ Սա, բնականաբար, կնպաստի երկրում որակական փոփոխությունների կատարմանը և տնտեսական նոր հնարավորություններ կստեղծի, այդ թվում` կօգնի գրավելու Հայաստանից դուրս գտնվող այլ շուկաներ:

Մենք ունենք ազգային անվտանգության լուրջ խնդիրներ, որոնք առաջանում են արտագաղթի պատճառով: Դրանք հնարավոր է լուծել Արցախի, հատկապես` նրա ազատագրված տարածքների վերաբնակեցման և հայրենադարձության միջոցով: Այս այդ գործընթացում հայրենադարձները կարող են շատ լուրջ ներդրում ունենալ։

Պետությունը հստակ պետք է հասկանա, որ կարևոր է ձևավորել նոր տնտեսական գոտիներ և նոր պայմաններ ու ռեժիմներ, որպեսզի հայերը կարողանան հաստատվել սահմանամերձ տարածքներում և Արցախի ազատագրված տարածքներում: Այդ պատճառով պիտի հստակ ձևավորվեն նոր մոդելներ, բիզնես մոդելներ, որոնցում կմասնակցեն և՛ պետությունը, և՛ սփյուռքյան կազմակերպությունները` նոր բնակավայրեր ձևավորելու նպատակով: Շատ կարևոր է սկսել այն շարժումը, որը կապում է կոնկրետ սփյուռքյան համայնքը կոնկրետ համայնքի կամ գյուղի հետ: Այս մեխանիզմով յուրքանչյուր դեպքում հնարավոր կլինի զարգացնել որևէ կոնկրետ տարածաշրջան կամ կոնկրետ գյուղ:

Կարևոր է, որ պետությունը և սփյուռքյան կազմակերպությունները ստեղծեն կարճաժամկետ ինտեգրման դասընթացներ, որպեսզի հայրենադարձները կարողանան ճիշտ և արդյունավետ կերպով ինտեգրվել:

Պետությունը պետք է նաև ձևավորի ժամանակավոր կացության ֆոնդ և առաջարկի վարձակալության սուբսիդիաներ, ինչպես, օրինակ, անում է Իսրայելի պետությունը, ինչպես նաև հատուկ շինարարության ծրագրեր մշակի ազատագրված տարածքներում, որպեսզի մարդիկ ավելի պատրաստ լինեն տեղափոխվելու այնտեղ: Առհասարակ պետության աջակցությունը ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ պետք է լինի՝ աշխատանք գտնելու, գործ սկսելու և իրավական աջակցություն ստանալու հարցերում:

Հայրենադարձության հարցում հիմնական անելիքներն են.

1. Մենք պետք է  արտագաղթի և ձուլման պրոբլեմը Սփյուռքում դարձնենք որպես հայության անվտանգության համար մեկ պրոբլեմ և հասկանանք, որ այն իրականում կարող է առաջիկա տասը-քսան տարիների ընթացքում աղետի վերածվել, եթե որևէ բան չփոխենք:

2. Կարևոր է հասկանալ, որ որակյալ հայրենադարձությունը, այսինքն՝ գիտելիք և կարողություններ ունեցող և դրանք տեղացի ժողովրդին փոխանցելու և նրանց հետ կյանքի դժվարությունները կիսելու հարցում պատրաստակամ մարդկանց հայրենադարձությունը, կարող է շատ լրջորեն օգնել նշված պրոբլեմի լուծմանը:

3. Շատ կարևոր է, որ պետությունը և սփյուռքյան կազմակերպությունները հայրենադարձությունը համարեն որպես համար մեկ խնդիր և համապատասխան ծրագրեր մշակեն ու գումարներ հատկացնեն տարբեր ձևերով հայրենադարձությունը խթանելու համար:

4. Դարձյալ շատ կարևոր է, որ պետական մակարդակով մշակվի հատուկ ծրագիր, թե ինչպես պետք է պետությունը և սփյուռքյան կազմակերպությունները վարվեն այն պարագայում, երբ հայերը վտանգված են:

5. Պետք է նաև հստակ ծրագիր ունենանք և հասկանանք՝ ինչպես ենք վերաբնակեցնում ազատագրված և սահմանամերձ տարածքները:

6. Ամենակարևորը` մենք պետք է քսան-երեսուն տարվա կտրվածքով նայենք այս հարցերին և փորձենք հասկանալ, թե ինչ պետք է անենք, ինչպիսի քաղաքական և տնտեսական մոդելներ պետք է ընտրենք:

Այս ամենը ենթադրում է բավականին լուրջ փոփոխությունների իրագործում, ուստի պետք է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ: Սփյուռքը նույնպես պետք է ավելի հստակ հասկանա այսօրվա ռեալ խնդիրները և շեշտը դնի դրանց վրա: Քանի, որ ինչպես ասացի, խոսքը վերաբերում է այն հարցին` քսան-երեսուն տարվա հեռանկարում ունենալու ենք պետություն թե ոչ: Եվ, համապատասխանաբար, պետք է նկատի ունենալ, որ եթե պետություն չլինի, Սփյուռքի մասին կարելի է մոռանալ, որովհետև առանց հզոր պետության Սփյուռքը կձուլվի շատ արագ տեմպերով:

Ռոբերտ Այդաբիրյան

Վերջին 20 տարվա ընթացքում համաշխարհային մասշտաբով տեղի ունեցող քաղաքական, սոցիալական և տնտեսական տագնապները բազմապատկեցին գաղթականության աճը երկրագնդի վրա։ 215.000.000 մարդ այս գաղթականության վերջին ալիքն է, ինչը բացառիկ մեծ թիվ է։

Հետխորհրդային երկրներում արտագաղթի ալիքը չափազանց վտանգավոր չափերի է հասնում: Այդ երկրների, այդ թվում` Հայաստանի վերաբերյալ կան գիտնականների և համաշխարհային աշխատանքի գրասենյակների կատարած լուրջ ուսումնասիրություններ և վերլուծություններ ներգաղթը խթանելու և Սփյուռքը ուժեղացնելու վերաբերյալ։

Միևնույն ժամանակ` մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Չինաստանում, Հնդկաստանում և Հարավային Աֆրիկայում, կա զգալի ներգաղթ։ Օրինակ՝ վերջին տարիների ընթացքում Չինաստան վերադարձան մոտ 500.000 չինացի, որոնք ուսում են ստացել և աշխատել Արևմուտքում։ Այս 500.000-ից շատերը աշխատել են բարձր տեխնոլոգիաներով, մասնագետներ են և Չինաստանում տիրապետում են այդ դաշտին։ Նույն երևույթն է նաև Հնդկաստանում, որտեղ հանրածանոթ, համաշխարհային Կատայի ընկերության տնօրենը խոստովանում էր, որ իր աշխատավորները և ղեկավարները մինչև մայր հայրենիք վերադառնալը կրթվել և աշխատել են արտասահմանում։ Անշուշտ, նրանց թվում կան ոչ միայն բարձր տեխնոլոգիաների մասնագետներ, այլև շատ այլ մասնագետներ, որոնք օգտակար կլինեն իրենց երկրին։

Վերջերս առիթ ունեցա հանդիպելու վաթսուն երիտասարդ հայ տղաների և աղջիկների, որոնք հավաքվել էին աշխատելու նպատակով դիմելու Հայ երիտասարդ մասնագետների միություն։ Այդ վաթսունից երեսունը Հայաստանից էին, որոնց մեջ կային շատ փայլուն աղջիկներ։ Շատերը պատրաստակամ էին վերադառնալու հայրենիք։ Իրենց լեզունների իմացությամբ՝ հայերեն, ֆրանսերեն և այլ լեզուններ, իրենց կեցվածքով, արտաքին աշխարհի հասկացողությամբ, նրանք չափազանց օգտակար կարող են լինել իրենց հայրենիքին, եթե վերադառնան։ Մանավանդ, եթե օգտագործեն միջպետական համագործակցության ծրագրերը:

Այսպիսի ծրագրերը կարող են իրականանալ, եթե ապահովվեն հետևյալ պայմանները.

1. լավ ծրագրեր,

2. անհրաժեշտ աշխատուժ,

3. անհրաժեշտ ֆինանսներ:

Հատկապես պետք է նկատի ունենալ, որ առանց որակյալ աշխատուժի հնարավոր չէ գտնել ֆինանսներ: Շատ դժվար է ֆինանսավորել ծրագրեր, որոնց մեջ համապատասխան հարմար և խելացի մասնագետներ չկան:

Միևնույն ժամանակ` տաղանդի և ֆինանսների վերադարձը դեպի նոր զարգացող երկրներ, ինչպիսինն է Հայաստանը, հնարավոր է միայն վստահության հարցը լուծելու պարագայում, որը քաղաքական և բարոյական կախում ունի։ Թող մեր այսօրվա ղեկավարությունը և նաև վաղվա ղեկավարությունը լավ մտածեն այս հարցի շուրջ:

Վստահությունն անհապաղ պետք է: Այդ վստահության մթնոլորտը պետք է ստեղծվի թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, որպեսզի ներգաղթող լավագույն մասնագետները կարողանան իսկապես օգտակար աշխատել ի շահ մեր հայրենիքի զարգացման և ապահովության։

Կարեն Աղեկյան

Իմ կարծիքով, դեռևս չի ավարտվել հայության` որպես արդիական ազգի, ձևավորումը և նրա մեջ չի ամրապնդվել ընդհանուր ճակատագրի տեսլականը: Կան առանձին հատվածներ, որոնք ավելի ռուսահայության, տաճկահայության կամ պարսկահայության ժառանգորդներ են։

Հայաստանում անհրաժեշտ է ակտիվ քարոզչություն տանել Սփյուռքի հետ մեկ ամբողջություն լինելու մասին` անկախ մշակութային, հասարակական, հոգեբանական և բոլոր այլ տարբերություններից։ Նույն կերպ` պետք է Սփյուռքում քարոզչություն տարվի այն ամենի երկրորդայնության մասին, ինչը կապված չէ Հայաստանի հետ։

Հայությունը Հայաստանի միակ ռեսուրսն է: Սփյուռքահայը պետք է հասկանա, որ նա իր ինքնությունը պահում է ոչ թե ի օգուտ Հայաստանի, այլ` ի հաշիվ Հայաստանի։ Հայաստանի համար կարևոր չէ՝ ես «Հայր մերը» լավ, թե վատ գիտեմ, լավ, թե վատ եմ պարում ավանդական պարերը: Հայաստանի համար կարևոր են իմ էներգիան, իմ կարողությունները, իմ անելիքը։ Դրանք պետք է հնարավորինս շուտ մեկտեղվեն մի շարժման մեջ, որը պետք է ենթադրի Հայաստանի հասարակական և քաղաքացիական ուժերի մասնակցությունը Սփյուռքի կազմակերպությունների վերբեռնումը և նրանց գործունեության սկզբունքների փոփոխումը: Միևնույն ժամանակ` սփյուռքահայերը պետք է ՀՀ-ում և ԼՂՀ-ում հասարակական ու քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցելու և անհրաժեշտ բարեփոխումներին աջակցելու հնարավորություն ունենան։

Այդպիսի փոխադարձ ակտիվությունը կօգնի հաղթահարելու օտարացումը։ Այսօր հայերի խնդիրն է Հայաստանում և Սփյուռքում հասարակական-քաղաքական կյանքը բավարար չափով կազմակերպված պահելը: Քանի դեռ մեր ընդհանուր կյանքերով չի փոխվել համակարգ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, որևէ մի հարցում, այդ թվում` հայրենադարձության, անհնար է արդյունք ակնկալել։

Հենց Հայաստանում գոյություն ունի մի խնդիր, որ համարժեք է Սփյուռքից հայրենադարձության: Դա ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրն է։ Հայաստանում վերաբնակեցման շարժման բացակայությունը և Հայաստանից շարունակվող արտագաղթը բացասաբար են անդրադառնում հայրենադարձության վրա։

Հայրենադարձության մասին խոսելով, առաջին հերթին պետք է հաշվի առնել մարդկանց շահերը: Դժվար է լուրջ արդյունքներ ակընկալել, եթե անտեսվում են առանձին անհատի շահերը։ Անհատական շահերը կարող են վնաս հասցնել ազգային գործին, բայց առանց անհատական շահերի գործն առաջ չի շարժվի։ Անհրաժեշտ է ներարկել հավատ, որ հայն իր օգուտը քաղի ոչ թե հայ ազգի և հասարակության հաշվին, այլ նրանց շնորհիվ։

Պետք է աջակցության ծրագրեր լինի ինչպես Սփյուռքից Հայաստան ներգաղթողների, այնպես էլ ավելի մեծ չափով` ազատագրված տարածքներում բնակվողների համար։ Հասարակության մեջ պետք է քարոզվի այդ ծրագրերի արդարացվածությունը։ Անվտանգության հետ դրանց կապն ակնհայտ է։

Հայրենադարձություն-արտագաղթ հարաբերակցությունը` արտագաղթի գերակշռությամբ, նշանակում է, որ Հայաստանը դեռ ազգային պետություն չէ և հանրային պետություն չէ։ Այդպիսի երկիրը միշտ վտանգի մեջ է։ Պետք է ազգայնացնել և հանրայնացնել պետությունը։ Հայաստանում և Սփյուռքում ազգային անվտանգության և հայրենադարձության փոխկապված խնդիրների լուծման համար կարևորը ոչ թե իշխանության մեջ անձնակազմի փոփոխությունն է, այլ իշխանության և կառավարման ամբողջ համակարգի փոփոխությանը միտված քաղաքացիական միասնական նախաձեռնությունների զարգացումը։

Share Button