Պետք է ազգայնացնել և հանրայնացնել պետությունը. Կարեն Աղեկյան

Իմ կարծիքով, դեռևս չի ավարտվել հայության` որպես արդիական ազգի, ձևավորումը և նրա մեջ չի ամրապնդվել ընդհանուր ճակատագրի տեսլականը: Կան առանձին հատվածներ, որոնք ավելի ռուսահայության, տաճկահայության կամ պարսկահայության ժառանգորդներ են։

Հայաստանում անհրաժեշտ է ակտիվ քարոզչություն տանել Սփյուռքի հետ մեկ ամբողջություն լինելու մասին` անկախ մշակութային, հասարակական, հոգեբանական և բոլոր այլ տարբերություններից։ Նույն կերպ` պետք է Սփյուռքում քարոզչություն տարվի այն ամենի երկրորդայնության մասին, ինչը կապված չէ Հայաստանի հետ։

Հայությունը Հայաստանի միակ ռեսուրսն է: Սփյուռքահայը պետք է հասկանա, որ նա իր ինքնությունը պահում է ոչ թե ի օգուտ Հայաստանի, այլ` ի հաշիվ Հայաստանի։ Հայաստանի համար կարևոր չէ՝ ես «Հայր մերը» լավ, թե վատ գիտեմ, լավ, թե վատ եմ պարում ավանդական պարերը: Հայաստանի համար կարևոր են իմ էներգիան, իմ կարողությունները, իմ անելիքը։ Դրանք պետք է հնարավորինս շուտ մեկտեղվեն մի շարժման մեջ, որը պետք է ենթադրի Հայաստանի հասարակական և քաղաքացիական ուժերի մասնակցությունը Սփյուռքի կազմակերպությունների վերբեռնումը և նրանց գործունեության սկզբունքների փոփոխումը: Միևնույն ժամանակ` սփյուռքահայերը պետք է ՀՀ-ում և ԼՂՀ-ում հասարակական ու քաղաքացիական կյանքին ակտիվ մասնակցելու և անհրաժեշտ բարեփոխումներին աջակցելու հնարավորություն ունենան։

Այդպիսի փոխադարձ ակտիվությունը կօգնի հաղթահարելու օտարացումը։ Այսօր հայերի խնդիրն է Հայաստանում և Սփյուռքում հասարակական-քաղաքական կյանքը բավարար չափով կազմակերպված պահելը: Քանի դեռ մեր ընդհանուր կյանքերով չի փոխվել համակարգ` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, որևէ մի հարցում, այդ թվում` հայրենադարձության, անհնար է արդյունք ակնկալել։

Հենց Հայաստանում գոյություն ունի մի խնդիր, որ համարժեք է Սփյուռքից հայրենադարձության: Դա ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրն է։ Հայաստանում վերաբնակեցման շարժման բացակայությունը և Հայաստանից շարունակվող արտագաղթը բացասաբար են անդրադառնում հայրենադարձության վրա։

Հայրենադարձության մասին խոսելով, առաջին հերթին պետք է հաշվի առնել մարդկանց շահերը: Դժվար է լուրջ արդյունքներ ակընկալել, եթե անտեսվում են առանձին անհատի շահերը։ Անհատական շահերը կարող են վնաս հասցնել ազգային գործին, բայց առանց անհատական շահերի գործն առաջ չի շարժվի։ Անհրաժեշտ է ներարկել հավատ, որ հայն իր օգուտը քաղի ոչ թե հայ ազգի և հասարակության հաշվին, այլ նրանց շնորհիվ։

Պետք է աջակցության ծրագրեր լինի ինչպես Սփյուռքից Հայաստան ներգաղթողների, այնպես էլ ավելի մեծ չափով` ազատագրված տարածքներում բնակվողների համար։ Հասարակության մեջ պետք է քարոզվի այդ ծրագրերի արդարացվածությունը։ Անվտանգության հետ դրանց կապն ակնհայտ է։

Հայրենադարձություն-արտագաղթ հարաբերակցությունը` արտագաղթի գերակշռությամբ, նշանակում է, որ Հայաստանը դեռ ազգային պետություն չէ և հանրային պետություն չէ։ Այդպիսի երկիրը միշտ վտանգի մեջ է։ Պետք է ազգայնացնել և հանրայնացնել պետությունը։ Հայաստանում և Սփյուռքում ազգային անվտանգության և հայրենադարձության փոխկապված խնդիրների լուծման համար կարևորը ոչ թե իշխանության մեջ անձնակազմի փոփոխությունն է, այլ իշխանության և կառավարման ամբողջ համակարգի փոփոխությանը միտված քաղաքացիական միասնական նախաձեռնությունների զարգացումը։

Share Button