«Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմը հուզեց նաև Նյու Յորքի հայ համայնքին

Հոկտեմբերի 27-ին Նյու Յորքում տեղի ունեցավ «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսանյութի հանրային ցուցադրությունը, որին հաջորդեց հարց ու պատասխան, և Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Եղիա Ներսեսյանը, Լևոն Գալստյանը և Աննա Աղլամազյանը պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին: Հարց ու պատասխանի ընթացքում ՀԲՃ անդամների կողմից ներկայացվեց Հայաստանում տիրող բնապահպանական աղետալի վիճակը, անդրադարձ կատարվեց Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությանը, խոսվեց բնապահպանական ոլորտի խնդիրները պետական մարմիններին հասցնելու և նրանց հետ համագործակցության միջոցով դրանք լուծելու փորձերի մասին: Բարձրացված կարևոր հարցերից էին նաև՝ ո՞վ է վերահսկում հայկական մեդիա դաշտը, ո՞ւր է գնում հանքավայրերի շահագործումից առաջացած եկամուտը, ինչքանո՞վ են մարդիկ տեղեկացված այս խնդիրների մասին և ի՞նչ է ծրագրվում ՀԲՃ-ի կողմից՝ բնապահպանական խնդիրները հանրության ավելի լայն շերտերին հասցնելու համար: