Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, բանասեր, թարգմանիչ Սյուզան Սիմոնյանի հետ

s.simonyan-300x300Մեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, բանասեր, թարգմանիչ Սյուզան Սիմոնյանը

Տիկին Սիմոնյան, ինչպիսի դեր ունեն կանայք մեր օրերում, և արդյոք դրված չէ չափից ավելի մեծ բեռ հայ կանանց ուսերին?

Ցավոք սրտի, տղամարդու մշակույթին գերապատվություն տվող մեր երկրում այսօր կանայք չեն կարող ունենալ այնպիսի դերակատարություն, ինչպիսին կինը ունեցել է երբեմնի հայ ավանդական ընտանիքում` լինելով նրա հենասյունը: Հայ կնոջ դերը իմ կարծիքով նսեմացված է այսօր: Նրանք մեծ հաշվով առավել հեռու են որոշումների կայացումից և երբեմն ունեն սահմանափակ և ձևական ներգրավվածություն: Այսօրվա քաղաքական դաշտում և պետական համակարգում ես չեմ տեսնում այն ըմբոստ կնոջը, որը, կրակի միջով անցնելով, գնում է իր սեփական գաղափարի ետևից` զոհաբերությունների գնով, առավել ևս չեմ տեսնում այն կնոջը, որը կարող է հանուն մեր երկրի կամ ժողովրդի Էվիտա Պերոն կամ Բենազիր Բհուտո դառնալ: Համակարգի մաս կազմող կին գործիչները ցավոք սրտի ընդամենը կամակատարներ են, և նրանք գործոն չեն հանդիսանում քրեա-օլիգարխիկ համակարգում: Եվ ավելին, նրանցից ոմանք հենց իրենք են օլիգարխներ, կամ էլ հանդիսանում են այդ մշակույթի գաղափարական կրողն ու պաշտպանը: Ասվածի ապացույցը այսօրվա մշակույթի նախարարն է, որի հանդգնությունը բավարարել է միայն Ծածկած շուկայի վերաբերյալ որոշում կայացնելու և այդ որոշումը բախտի քմահաճույքին հանձնելու համար: Մինչդեռ մշակույթի հարցերը համակարգող նախարարը պետք է առաջինը բարձրաձայներ և միանար անօրինականության դեմ ըմբոստացած ցուցարարներին: Միթե՞ տիկին նախարարը պատմամշակութային արժեքների փրկությունից առավել այլ կարևոր առաքելություն ունի: Եվ փառք աստծո, որ ի հակառակ այս համակարգված «համակարգային» կանանց, որոնք մի հարմարավետ ու տաքուկ անկյուն են գրավել իշխանական բուրգի տանիքի ներքո, քաղաքացիական դաշտում գտնվող կանայք և երիտասարդ աղջիկները ազատ են և անկոտրում իրենց պայքարում: Հիրավի մեծ է կնոջ ներուժը և երբեք չի կարելի սահմանափակել կամ անտեսել այդ ներուժը և դրա կարևորությունը մեր կյանքում: Ցավով պետք է նկատեմ, որ մեր շուրջը կան բազմաթիվ կանայք, որոնց, հնարավորություն տրվելու դեպքում, այս աշխարհն ու մեր երկիրը առավել լուսավոր ու բարի կլիներ նրանց բարության, ճկունության, դիվանագիտական կարողությունների, շրջահայացության և կանացի բնազդի շնորհիվ: Վիրավորական թող չհնչի կամ որպես մարտահրավեր թող չընկալվի ասվածը, սակայն չեմ դադարի ասել, որ այս աշխարհը այսքան անարդար է և սպառնալիքներով հղի գերազանցապես տղամարդու իշխանության և մենաշնորհի արդյունքում: Ես ամենևին մայրիշխանություն չեմ քարոզում ասվածով, սակայն նաև գտնում եմ, որ որոշակի հավասարակշռություն գոյություն չունի այդ առումով: Այնուհանդերձ, ինչպես տեսնում ենք, հայ կանայք Հայաստանում փողոց դուրս եկող ըմբոստ ժողովրդի մեջ մեծ մաս են կազմում: Իսկ սա նշանակում է, որ հայ կինը գիտակցում է իր զավակների գլխին կախված դամոկլյան սուրը, իսկ երիտասարդ աղջիկները առավել ևս գիտակցում են, որ մեր երկրում խախտված են քաղաքացու տարրական իրավունքները և խիզախություն են հանդես բերում դուրս գալով պայքարի հանուն իրենց և բոլորի բարեկեցության: Իսկ ինչ վերաբերում հարցի երկրորդ մասին, ապա ասեմ, որ այդ բեռը բոլորինս է անխտիր, և այս պայքարում չկա կին և տղամարդ տարբերակումը: Սա կյանքի պայքար է, մեր զավակների և մեր երկրի ապագայի համար տարվող պայքար, սա ոչ թե տղամարդու պայքար է, այլ քաղաքացու պայքար: Իսկ կանանց վերաբերյալ միայն կասեմ «Տուր կնոջը հենման կետ, և նա կփրկի աշխարհը»:

Ինչ եք կարծում, մեր երկրում հնարավոր է համախմբել իշխանական համակարգի դեմ պայքարող, բայց տարբեր հայացքներ ունեցող քաղաքական և քաղաքացիական ուժերին?

Ես ընդհանրապես գտնում եմ, որ ոչինչ անհնարին գոյություն չունի, եթե կա ցանկություն և կամք: Ես ինքս միշտ այդ համախմբման ջատագովն եմ եղել: Այսօրվա պայքարի գերնպատակը ազատ ու անկախ, օրինական ու արդար, ազգային նպատակներ առաջադրելու և իրականացնելու ունակ պետության ստեղծումն է: Իսկ միթե՞ պայքարող խմբերի մեջ գոյություն ունեն այնպիսիները, որոնք դեմ կարող են լինել նպատակի այս ձևակերպմանը: Իմ կարծիքով, ոչ: Հետևաբար ինչ՞ է մնում մեզ անել, քան համախմբվել այդ գաղափարի շուրջ: Ինչպիսին էլ լինի որևէ ընդդիմադիր քաղաքական կամ քաղաքացիական ուժի գաղափարախոսությունը, վերը նշված նպատակը չի կարող նրա համար գերնպատակ չլինել, եթե այն իրապես ընդդիմադիր է և ազնիվ նպատակներ է հետապնդում: Հետևաբար՞: Քաղաքացիական պայքարի ամենացավոտ այս խնդիրը կլուծվի միայն և միայն միահամուռ ցանկությամբ և միահամուռ ջանքերով: Պայքարի խրթին ճանապարհին և հաղթանակ ապահովելու համար լավ կլինի երբեմն հիշել մեր մանկության հեքիաթները: Իմ սերնդակիցները լավ կհիշեն այն հեքիաթը, որը վերաբերում էր փայտի առանձին ոստերին և այդ ոստերի խրձին, որը հետո անհնար եղավ կոտրել: Մենք ամեն մեկս պայքարի ոստերն ենք, իսկ միասնության դեպքում մեզ ոչ մի համակարգ չի կարողանա կոտրել: Հայի պայքարին միայն դա է խանգարել և շարունակում է խանգարել այսօր: Մի փոքր ձևափոխելով մեծն պոետի խոսքերը ասեմ «Հայ քաղաքացի, քո փրկությունը քո միասնության մեջ է»: