Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, Գագիկ Սարուխանյանի հետ

g.sarukhanyan-300x300Մեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, ‹‹Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի›› նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը:

Պարոն Սարուխանյան ձեր կարծիքով, ի՞նչով էր պայմանավորված, որ ազատամարտիկները սոցիալական պահանջներից սկսեցին անցնել քաղաքական պահանջների:

Չէի ասի, որ իրենք անցել են քաղաքական պահանջների, որովհետև Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը, որ նա բացի սոցիալական պահանջներից արդեն քաղաքական պահանջների անցնելու կոչ էր անում, դա ազատամարտիկների խմբի ընդհանուր որոշումը չէր, որովհետև ես զրուցեցի ‹‹Արժանապատիվ ազատամարտիկ›› կազմակերպության խորհրդի անդամների հետ, իրենք ասեցին, որ դա ընդամենը Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունն է, ոչ թե կազմակերպության, բայց իրենք անդրադառնալու են այդ խնդրին՝ նրա ազատ արձակվելուց հետո: Այս պահին ‹‹Արժանապատիվ ապագա›› կազմակերպության կողմից քաղաքական պայքարի անցնելու որոշում չկա:

Իսկ ի՞նչով է պայմանավորված, որ ազատամարտիկների շրջանակում պառակտվածության միտումներ են նկատվում:

Ես մի ժամանակ ուզում էի հավատալ, որ այդպիսի պառակտվածություն չկա, կարծում էի, որ ուղղակի մեկը այլ կերպ է մտածում, մեկը՝ մի ուրիշ կերպ, բայց վերջին միտումների մեջ ես նկատում եմ որոշակի անհասկանալի քայլեր այն առումով, որ, եթե Ազատության հրապարակում նստած ազատամարտիկները միանշանակ իշխանափոխության, հեղաշրջման, զենքերը վայր չդնելու կոչեր էին անում, այժմ հանդիպումները տարբեր առաջնորդների, օրինակ Բարգավաճ Հայաստանի առաջնորդի, կամ Սերժ Սարգսյանին հանդիպման հրավիրելու կոչերը, որը կարծես թե չի մերժել և տվել է հրահանգ, որ այդպիսի հանդիպում պետք է կայանա, անհասկանալի է դարձնում իրենց քաղաքական պայքարը: Փաստորեն Վոլոդյա Ավետիսյանի բռնած ուղին՝ սոցիալական պահանջներից անցնել քաղաքականի, էլ ավելի ցավոտ էր իշխանությունների համար և անլուծելի, և իրական քաղաքական պայքարը հենց այդ սոցիալական պահանջները բարձրացնելն էր, քան թե այն թևի բազմապիսի կոչերը: Դա իշխանությունների կողմից կորակվեր որպես խոսքի ազատություն և վերջ: Իսկ քաղաքական պայքարի անցնելու կոչ անող Վոլոդյա Ավետիսյանի գլխին, ըստ էության, շինծու գործ սարքեցին: Մենք համոզված ենք, որ դա շինծու է, մենք ուսումնասիրել ենք բոլոր փաստերը, նաև կարևոր է այն հանգամանքը, որ շատ բաներ թույլ չեն տալիս, որ իմանանք: Ըստ էության, ոչ գումար փոխանցողը կա, ոչ այն մարդը, որին իբր պետք է փոխանցեր Վոլոդյան, այսինքն՝ ոտից գլուխ շինծու գործ է և ակնհայտ է, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

Share Button