Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ Բաբկեն Մկրտչյանի հետ

Մեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, գործարար կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը:

Պարոն Մկրտչյան, ինչպիսի՞ բնորոշում կտայիք ներկայումս ՀՀ-ում գործող պետական կառավարման համակարգին:

Անարդյունավետ, ապազգային, խորհրդային կառավարման համակարգի վատ ավանդույթները հստակ շարունակող, ազգային շահը նսեմացնող, ստրկամիտ, օլիգարխների, զոռբաների, կենցաղային ճարպկությամբ “գործարարներ” դարձած մարդկանց շահերը սպասարկող, կառավարման օրենքներին և տեսությանը բացարձակ չտիրապետող մարդկանց խումբ, որոնք, իմ պատկերացմամբ, բավական հեռու են իրական ՀԱՅԻ տեսակից:

Իսկ ինչպիսի՞ քայլեր են մեզ անհրաժեշտ այդ համակարգը փոխելու համար:

1. Ամեն գնով փորձել ճանաչել և հասկանալ թե ո՞վ և ի՞նչպիսին է իսկական ՀԱՅԸ և ՀԱՅԱՍՏԱՆ երկիրը՝ իր առավելություններով և առանձնահատկություններով հանդերձ:
2. Ձևավորել իրական հայկական վերնախավ` անկեղծ և ազնիվ, ուսյալ և փորձառու, հավասարակշռված և պատասխանատու, իրատես և աշխարհաճանաչ, համարձակ և գործնական, իրենց մասնագիտական ոլորտներում դրական և շոշափելի արդյունքներ արձանագրած, մեր իրականությունը գերազանց իմացող, ազգային շահը որպես առաջնահերթություն հստակ պատկերացնող, իրական և տեսանելի լուծումներ ունեցող հեղինակավոր հայ անհատներից:
3. Ձևավորված վերնախավի անմիջական մասնակցությամբ և առաջնորդմամբ ներկայացնել Հայկական նոր պետության տեսլականը, կառավարման ռազմավարական հայեցակարգը և այդ ամենը իրականացնելու գործողությունների ծրագիրը: Ի դեպ, թե տեսլականը և թե ռազմավարական հայեցակարգը պետք է ընդգծված կերպով զերծ պահել “ՍՈՎԵՏԱԿԱՆ” կառավարման համակարգի հոռի երևույթներից և ընդհանրապես “հոմո սովետիկուսի” արժեհամակարգը պետք է բացառել իր բոլոր դրսևորումներով: