Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, տնտեսագետ Հասմիկ Էվոյանի հետ

Մեր զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, տնտեսագետ Հասմիկ Էվոյանը:

Ձեր կարծիքով ինչո՞ւմ է կայանում երիտասարդության ուժը և ինչպիսի՞ դեր կարող է այն ունենալ նոր որակի հայկական պետության կերտման գործում:

Բոլոր ժամանակներում էլ երիտասարդության ուժը պայմանավորված է եղել նրա ստեղծագործականությամբ, ռիսկի գնալու, նորին, փոփոխություններին, լավագույնին ձգտելու պատրաստակամությամբ և եռանդով: Երիտասարդությունը, հասարակության այն խավն է, որը համառ, հեռատես և համախմբված գործելու դեպքում, իբրև քարշակ իր ետևից մյուս խմբերը համախմբելու իր հետևից տանելու ներուժ ունի, ինչպես օրինակ, դա արվեց Մաշտոցի պուրակի, Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ և այլ պայքարների ժամանակ:
Երբ ասում ենք Նոր որակի Հայկական պետություն, նախևառաջ հասկանում ենք տրամաբանորեն նոր, բարձրակարգ մասնագիտական և բարոյական արժեքներով օժտված անհատների կողմից կառավարվող նոր, որակյալ, մրցունակ պետություն:
Իսկ Նոր հայկական պետությունը կառուցվելու է ազգային մտածողությամբ և արժեհամակարգով անհատների սերնդի կողմից, որը տեր է իր երկրին, պատմամշակութային ժառանգութայնը, իր իսկ զարգացման ներուժին և ապագային:

Ներկայումս երիտասարադության մի մասը ներգրավված է բազմապիսի քաղաքացիական շարժումների և նախաձեռնությունների մեջ: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է գտնել շփման եզրեր տարբեր քաղաքական և գաղափարական հայացքներ ունեցող երիտասարդների միջև:

Ոչ միայն հնարավոր է, այլև հարկավոր: Այն պահին, երբ երիտասարդական, և ոչ միայն երիտասարդական տարբեր խմբեր մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, կարողանան հստակ գնահատել իրավիճակը և կենտրոնանան Հայաստանի համար մեկ միասնական տեսլականի, կամ դրա առանձին տարրերի շուրջ, գործը տեղից կշարժվի:
Պետք է ընդգծել, որ ժամանակի ընթացքում այս խմբերը գնալով ավելի ու ավելի հասուն և հեռատես են դառնում իրենց գործողություններում և առավել ակնհայտ են տեսնում համագործակցության անհրաժեշտությունը: Իսկ դրան հասնելը ներկայիս փլուզվող ռեժիմի պայմաններում ոչ հեռավոր ապագայի հարց է, քանզի անկախ գաղափարական խմբից, պայքարող խմբերին միավորում է՝ իրենց իսկ հողի վրա արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն ունենալու ձգտումը:

Share Button