Հարցազրույց Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի հետ

8zX7hcUՄեր հարցերին կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը

Պարոն Հակոբյան, հանդիսանալով արվեստագետ մարդ, ինչը ձեզ դրդեց մտնել քաղաքական շարժման մեջ:

Երբ սրտացավ մարդը, ում համար միևնույն չէ իր երկրում ինչ է կատարվում, երբ տեսնում է այն բարձիթողի վիճակը, որ տիրում է երկրում, անկախ նրանից նա ինչ մասնագիտության տեր է, նրա մոտ ցանկություն և պահանջ է առաջանում միջամտել գործընթացներին՝ սկզբից կարծիք հայտնելու տեսքով, ապա տարբեր ձևաչափի շարժումներում, որոնցից մեկն էր Նախախորհրդարանը, որ ես նախընտրեցի որպես շարժում՝ մտածելով, որ կարող եմ իմ հնարավորություններով օգտակար լինել այս ձևաչափի մեջ:

Ձեր կարծիքով, ի՞նչն է հանդիսանալու նոր Հայաստանի տեսլականը:

Նոր Հայաստանի տեսլականը ծավալուն հասկացություն է և այն երկու բառով դժվար է ձևակերպել: Ես փորձեմ նկարագիրը տալ այսպես: Հայաստանում կլինեն նախապայմաններ, որտեղ ամեն մարդ, զբաղվելով իր մասնագիտությամբ, կունենա գոնե նվազագույն սոցիալական ապահովվածություն և կզգա իրեն լիարժեք իր երկրի տեր: Եթե այս հանգամանքները հնարավոր լինի ապահովել, ուրեմն մենք կունենանք շատ հզոր, կայուն և զարգացող Հայաստան: Քանզի, եթե մի մարդ իր երկրում երջանիկ չէ, այսինքն՝ իր մասնագիտությամբ չի զբաղվում և հետևաբար չունի ինքնադրսևորվելու հնարավորություններ, նույնիսկ, եթե նա սոցիալապես ապահովված է, շատ քիչ բան նրան կպահի՝ իր երկրում ապրելու համար: Մարդ իրեն առաջին հերթին պետք է իրեն ինքնադրսևորված զգա, որը, կարծում եմ, երջանկության կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Եթե մարդ իր երկրում ինքնադրսևորված է և միաժամանակ կարողանում է լուծել իր սոցիալական պահանջները, դա արդեն շատ ամուր հիմք է՝ հզոր և կայուն երկիր ունենալու համար:

Share Button