Հայաստանում առկա իրավիճակի մասին կխոսենք Նախախորհրդարանի անդամ Գայանե Բաբլոյանի հետ

g.babloyan-280x300Հայաստանում առկա իրավիճակի մասին կխոսենք Նախախորհրդարանի անդամ, մասնագիտությամբ լեզվաբան և հոգեբան Գայանե Բաբլոյանի հետ:

Գայանե, որպես Նախախորհրդարանի անդամ և ՀՀ քաղաքացի, ինչպե՞ս կբնութագրեիք ներկայումս Հայաստանում առկա վիճակը:

Երկար կարող եմ խոսել այժմյան Հայաստանում տիրող վիճակի մասին և բազմակողմանի բնութագիր կարող եմ տալ, բայց հակիրճ ձևակերպեմ այսպես. չեմ ցանկանում հոռետեսական տրամադրոթյուն սերմանեմ, բայց սա այն դեպքն է, երբ հոռետեսությունը և իրատեսությունը ցավոք համընկում են: Օրգանիզմը լրիվ ոչընչացման եզրին է , և ես սա նկատել եմ դեռ շատ տարիներ առաջ: Սկզբից քեզ թվում է, թե հասարակությունն է դեգրադացվել, հետո տեսնում ես, որ հեռուստատեսությունն է մարդուն անընդհատ բթացնում` իր անորակ և անճաշակ, ստրկություն և հպատակություն քարոզող սերիալներով, ադրբեջանական մուղամային երգերով ու արդեն չես զարմանում, թե ինչու են մարդիկ այս վիճակում: Հետո տարեց տարի նկատում ես, թե ինչպես են քո պատմամշակույթային կոթողները գետնին հավասարեցվում և փոխարենը նոր շինություններ կառուցվում, սիրտդ անզորությունից արյունահոսում է, թեպետ դու այդ մասին բարձրաձայն գոռում ես, բայց քո նմանները քիչ են, քանի որ ազգաբնակչության մեծ մասին բարեհաջող զոմբիացրել են: Հստակ գիտակցում ես, որ նման բաներ ինչ որ շատ հաճախ են տեղի ունենում. օրինակ քաղաքային տրանսպորտից օգտվելիս, մեղմ ասած, ամեն վայրկյանին բարոյական և առողջական վնաս ես ստանում, չհաշված այն փոքր հանգամանքը, որ կարող է էլ երբեք տեղ չհասնես: Մի խոսքով այս ամենին բութ գիտակցությամբ հետևելով, քեզ թվում է, թե ամենավատը սա է …. հետզհետե արմատախիլ արվող հայի գենը, քաղաքացու սահմանադրական իրավունքը, մարդու իրավունքները, բայց արի ու տես, որ դրանք ծաղկի թերթիկներն են, իսկ իրական արմատները շատ ավելի խորն են թաղված: Երկիրը բռնագրավված է մի խումբ հանցագործների կողմից, որ ջախջախում են Հայաստան աշխարհի ողնուղեղը, այսինքնէ ի՞նչ պատմամշակույթային կոթող, ի՞նչ դեգրադացված սերունդ: Հայաստանը, վերոհիշյալ անձինք, դարձնում են մի մեծ հանքարդյունաբերական պոչանք, որի հետևանքով տարածաշրջանը շուտով պիտանի չի լինի ապրելու համար: Հիմա երևի կհասկանաք, թե ինչ նկատի ունեի, երբ ասում էի որ օրգանիզմը ոչնչացման եզրին է:

Իսկ ինչպիսի դերակատարություն կարող է ունենա երիտասարդությունը` վերը նշված օրգանիզմը առողջացնելու գործում:

Երիտասարդության ուսերին այսօր շատ մեծ բեռ է ընկել, խոսքս իհարկե գիտակից և պայքարող երիտասարդության մասին է , որի շարքերը, բարեբախտաբար, հետզհետե համալրվում են: Նրանք, բառիս բուն իմաստով , ստիպված են այսօր երկիրը անդունդից հանել : Նաև ամեն րոպե ստիպված են պատասխան տալ իրենց ծնողների՝ հետխորհրդային ավագ սերնդի հանցավոր լռության համար: Պայքարող երիտասարդությունը բազմաշերտ է, տարբեր հայացքների տեր, և դեռ մեկ տարի առաջ կար մտավախություն, որ նրանք միգուցե չկարողանան միասին աշխատել, բայց, բարեբախտաբար, նրանք այժմ նրանք մեկ սեղանի շուրջ, մի կողմ դնելով սեփական ամբիցիաները, ապագա անելիքներն են քննարկում: Այսինքն` կա այդ գիտակցությունը, որ պառակտումը վերջնականապես կկործանի երկիրը և դա շատ ողջունելի է : Ես նույնպես երիտասարդ եմ և սա նաև ինձ է վերաբերվում: Երիտասարդության դերակատարությունը, օրգանիզմի առողջացման ուղղությամբ, գրեթե անփոխարինելի է , նրանց ուժը, եռանդը և ստեղծագործականությունը ահռելի նշանակություն կարող է ունենալ` Հայաստանում ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու համար:

Share Button