Ներկայումս արդիական նշանակություն ունեցող որոշ հարցերի կպատասխանի Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը

1150-273x300Ներկայումս արդիական նշանակություն ունեցող որոշ հարցերի կպատասխանի Նախախորհրդարանի անդամ, պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը

Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիքի եք ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության կապակցությամբ և հնարավոր համարու՞մ եք, որ այդ ձերբակալությունը ազատամարտիկների շրջանում իր հետ նոր ակտիվություն կբերի:

Կարծիքս միանշանակ է, որը համապատասխանում է այսօր մեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող առողջ ուժերի տեսակետներին: Բոլորը համակարծիք են, որ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, հալածանք` իր ակտիվ գործունեության համար: Փաստորեն ուզում են ստոր մեթոդներով լռեցնել նրան, և զրոյացնել այն շարժումը, որ նա սկսել է: Վարչախումբը ամեն քայլի գնում է, որ թույլ չտա, որ ազատամարտիկները համախմբվեն: Խոսքը վերաբերվում էր նրանց սոցիալական պրոբլեմներին, և վարչախումբը լավ գիտի, որ այդ սոցիալական պրոբլեմները քաղաքական հիմք ունեն, քանզի դրանք առաջացել են հանցավոր կառավարման և ժողովրդի իշխանության յուրացման հետևանքով: Ուստի շատ հնարավոր էր, որ սոցիալական շարժումը կվերածվեր քաղաքականի:

Ինչպե՞ս կմեկնաբանեիք նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին 14 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը և ինչպիսի՞ գնահատական կտայիք այս գործի առնչությամբ:

Մանրամասնորեն այս գործով չեմ հետաքրքրվել և ծանոթ եմ միայն մամուլի հրապարակումներին, միաժամանակ լինելով մասնագիտությամբ իրավաբան և փաստաբան, իրավունք չեմ տա ինձ մասնավոր դատողություններ անել այդ գործի վերաբերյալ, բայց բոլորս էլ գիտենք, որ այս վարչախմբի օրոք արդար դատաքննություն ուղղակի չի կարող լինել:

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից իր համաձայնությունը տվեց միանալու Մաքսային Միությանը: Ի՞նչ եք կարծում այս որոշումը հասարակական ընդվզման պատճառ կդառնա, թե` ոչ:

Այդ որոշման վերաբերյալ, ինչպես գիտեք, Նախախորհրդարանը պաշտոնական հայտարարություն է տարածել և մեր պաշտոնական տեսակետները արտահայտված են: Ավելացնեմ ուղղակի, որ ժողովրդի իշխանության յուրացվածության պայմաններում, վարչախմբի պարագլուխը կարող է իրեն այդպիսի որոշումներ կայացնելու իրավունք վերապահի: Բոլորին արդեն հասկանալի է, որ մեր ժողովուրդը հաստատուն կերպով մտնում է ազգային-ազատագրական շարժման 2-րդ փուլ: 1-ին փուլը համարում եմ Արցախյան շարժումը, իսկ այս փուլում մեր ժողովուրդը վերահաստատելու է իր ինքնորոշման իրավունքը և իրապես կերտելու է անկախ, ինքնիշխան պետություն: Այդ գործընթացը անկասելի է և բնականաբար, շատ կարճ ժամանակ հետո, այս բոլոր հարցերին ժողովուրդը որպես լիիրավ տեր ու տնօրեն պատասխան կտա, իսկ մինչ այդ վարչախումբը և նրա պարագլուխը ի՞նչ նոր հանցագործություններ կկիրառեն մեր ժողովրդի նկատմամբ, դժվար է միանշանակ գնահատել, բայց, բոլոր դեպքերում, ես գտնում եմ, որ մեր ժողովուրդը կվերականգնի իր բոլոր իրավունքները և կկառուցի ինքնիշխան պետություն` վերացնելով հանցավոր համակարգի բոլոր որոշումները, որ կվնասեն մեր ժողովրդի շահերին:

Պարոն Ավետիսյան, ի՞նչ պատճառներով հետաձգվեց Նախախորհրդարանի սեպտեմբերի 26-ի հանրահավաքը:

Նախ պետք է նկատի ունենանք, որ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի փոփոխությունը որոշակի ազդեցություն է ունեցել մեր գործունեության վրա, այն իմաստով, որ Նախախորհրդարանը որոշակի կարիք ունի վերանայելու իր մարտավարությունը և իր կազմակերչական գործունեության մեջ փոխատեղի միջոցառումները` ըստ կարևորության: Այս պահին մեզ համար կարևոր է մեր կազմակերպչական հզորացումը և մեր ռազմավարական փաստաթղթերի, առաջին հերթին` նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նածխագծի մշակումը: Մենք, անշուշտ, չենք դադարում աշխատել մեր ժողովրդի հետ, մասնավորապես դա կանենք և´ տեղեկատվական և´ այլ միջոցներով, միևնույն ժամանակ պետք է նկատի ունենանք, որ այս վերջին շրջանում հանրահավաքի գաղափարը արժեզրկվել է: Հանրահավաքը, որպես երևույթ, սովորական հերթապահ բանի է վերածվել և, ըստ այդմ, կորցրել է իր արդյունավետությունը` որպես պայքարի կազմակերպման գործիք: Իհարկե ես նկատի չունեմ, որ առհասարակ կորցրել է, բայց այս ժամանակահատվածում մարդկանց մեջ կա այդպիսի ընկալում, նաև այդ պատճառով խուսափում ենք հանրահավաք կազմակերպելուց, չնայած, անշուշտ, մոտ ապագայում հանրահավաք կկազմակերպենք, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա, որի մասին կիրազեկենք ժողովրդին:

Share Button