Նախախորհրդարանի հանրահավաքը հետաձգվում է

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը 2013 թ. սեպտեմբերի 26-ի հանրահավաքը հետաձգելու վերաբերյալ

Նախախորհրդարանը ս.թ. հուլիսի 12-ին անցկացրած իր հանրահավաքի ժամանակ հայտարարել է մեր ժողովրդի կազմակերպման ու իրազեկման նպատակով հերթական հանրահավաքը սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացնելու մասին:Նախախորհրդարանը, հաշվի առնելով, որ անցնող ժամանակահատվածում արտաքին և ներքին քաղաքական զարգացումների ազդեցությամբ պայքարի մարտավարությունը որոշակիորեն վերանայելու անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև նկատի ունենալով, որ այդ ժամանակահատվածում վարչախումբը ջանք չի խնայել հանրահավաքի գաղափարն ու քաղաքական նշանակությունն արժեզրկելու համար, հետաձգում է սեպտեմբերի 26-ին նշանակված իր հանրահավաքը:Նախախորհրդարանը մեր ժողովրդին տեղեկացնում է, որ իրազեկման խնդիրը մոտակա ժամանակահատվածում կլուծվի տեղեկատվական և այլ միջոցներով, իսկ կազմակերպչական աշխատանքը կկատարվի աջակիցների ցանցի ընդլայնման ու ամրապնդման, ինչպես նաև առկա պետական կառավարման մարմիններին զուգահեռաբար գործող այլընտրանքային մարմինների (Արդարության ատյան, Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողով, Հիմնադիր խորհրդարան և այլն) ստեղծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, նախապես հայտարարված պլանին համապատասխան, ս.թ. հոկտեմբերի սկզբից Նախախորհրդարանն սկսում է ապագա Հայաստանի տեսլականի` Նոր որակի հայկական պետության ձևավորման ու զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի, մաս առ մաս հրապարակային ներկայացման ու մասնագիտական քննարկման աշխատանքը: Նախախորհրդարանը հետևում է իրավիճակի զարգացումներին և հանրահավաքի ձևաչափով ներկայանալու անհրաժեշտության դեպքում կիրազեկի մեր ժողովրդին ու կանցկացնի իր հերթական հանրահավաքը:

Share Button