Հանցավոր վարչախումբը և նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը

Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի որդու և թիկնապահի գործողությունները որպես անհրաժեշտ պաշտպանություն որակելով ու նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելով` հանցավոր վարչախումբը և նրա պարագլուխը հերթական անգամ ցույց տվեցին իրենց դեմքն ու գործելաոճը: Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ պետական կառավարման համակարգն իր բոլոր, այդ թվում` արդարադատության, բաղադրիչներով հանդերձ վերածվել է յուրային երկրին ու ժողովրդին կեղեքելու, ստրկացնելու և ստորացնելու մեքենայի:

Ծանրագույն հանցագործություն կատարած անձանց օրենքի առաջ անպարտ համարելու, իսկ իր և եղբոր կյանքն ու արժանապատվությունը պաշտպանած սպայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու այս դեպքն ավելին է, քան պարզապես աղաղակող անարդարություն:

Այս դեպքը, ինչպես նաև Մաքսային միությանն անդամակցելով պետության ինքնիշխանությունը հանձնելու գործողությունները, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության ու քրեական տարրերի համակցված բռնությունները և դատական հետապնդումները յուրային երկրի ու ժողովրդի նկատմամբ վարվող պատերազմի մասին բացահայտ ցինիզմով հայտարարելու քայլեր են, ուստի պետք է ստանան համարժեք գնահատական ու պատասխան:

Միևնույն ժամանակ` անգամ կլանային բուրգի իշխանության սասանման հաշվին դրա վերնախավի ներկայացուցչին զոհաբերելուց հրաժարվելու, ինչպես նաև պետության ինքնիշխանությունը զիջելու և բռնությունների դիմելու այս քայլերը վկայում են այն մասին, որ վարչախմբի և նրա պարագլխի սոցիալական հենարանն ու ռեսուրսները խիստ սահմանափակ են և ըստ էության հասել են նվազագույնի շեմին:

Նախախորհրդարանը կոչ է անում աչքի առաջ ունենալ պետական կառավարման համակարգի ինքնափլուզման ու նրա կորիզը կազմող վարչախմբի հոգեվարքի այս նշանները, ինքնակազմակերպվել և օր առաջ ձևավորել դրանց զուգահեռաբար գործող դատական, օրենսդիր ու գործադիր մարմիններ` անհրաժեշտ պահին երկրի կառավարումն ստանձնելու և մեր պետականության շարունակականությունն ապահովելու նպատակով:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Share Button