«Կարելի է չտես-գյոռմամիշի նման չընկնել Եվրոպա կամ Ռուսաստան»

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է թողարկել առաջին եվրապարտատոմսերը: Օրերս կառավարության նիստում հաստատվեց եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողների հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը: Որպես գլխավոր տեղաբաշխող ընտրվել են երեք հեղինակավոր ընկերություններ` «Deutsche Bank AG, London Branch»-ը, «HSBC Bank plc»-ը և «J.P.Morgan Securities plc»-ը: 168.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ <strong>Հարություն Մեսրոբյանը տեսակետ հայտնեց, որ սա տեխնիկական հարց է, որ տեղաբաշխումը ֆինանսական օպերատորների միջոցով է արվելու:

Պարոն Մեսրոբյան, ինչպե՞ս եք գնահատում եվրապարտատոմսեր թողարկելու փաստը, դա ի՞նչ կտա ՀՀ-ին:

– Առնվազն 0.5 մլրդ դոլարի մասին է խոսք գնում: Եթե հաջողվի համեմատաբար էժան տոկոսդրույքով ներգրավել գումարները, դրանք պետք է ուղղել մինչ այդ ավելի բարձր տոկոսադրույքով վերցրած պարտավորություններին: Ավելին հարկավոր չէ, այսինքն՝ պետական պարտքն ավելացնելու ճանապարհին ես դեմ եմ, որովհետև մեր պետական համակարգն ի վիճակի չէ արդյունավետ օգտագործել ներգրավված գումարները: Իսկ սա նշանակում է, որ ցանկացած արտաքին պարտքի ավելացում կլինի միայն բեռ: Հենց այդ պատճառով գործարքը դիտարկում եմ միայն, որ պետք է ավելի էժան փողերով մարել ավելի թանկ փողերը: Վերջ:

– Սա ինչ-որ առումով նշանակո՞ւմ է, որ Հայաստանը հաստատակամ է գնալ դեպի եվրոպական ուղղություն:

– Դա ենթաքայլերից մեկն է, բայց կարելի է ոչ մի տեղ չգնալ ու մնալ հայկական բարձրավանդակում, չտես-գյոռմամիշի նման չընկնել Եվրոպա, Ռուսաստան և այլն: Եվ եթե մենք մնում ենք մեր բարձրավանդակում, բոնդեր տեղաբաշխելու, հետագայում արդյունավետ ներդրումներ ունենալու համար նորմալ է: Մենք նմանվում ենք փողոցում գցած մի շան, որը սպասում է, թե ով է լինելու իր տերը: Ինչ էլ ասեն անվտանգության մասին, ի վերջո դա այդ հոգեբանությունն է:

– Ձեր կարծիքով՝ քանի՞ տոկոսով հնարավոր կլինի գումարներ ներգրավել:

– Մեր ամենաթանկ վարկերից մեկը Ռուսաստանից ներգրաված 0.5 մլրդ դոլարն է, որի տոկոսադրույքը բավականին բարձր է: Եթե հաջողվի ներգրավել, կարծում եմ, այդ տոկոսից ցածր կլինի: Պարզ չի, թե բոնդերը երբ են դուրս բերվելու շուկա, իսկ ներգրավման և տեղաբաշխման տոկոսադրույքներն ամեն ժամ են փոխվում: Դժվար է ասել, թե քանի տոկոսով կտեղաբաշխվեն: Անգամ Նոստրադամուսը դա չի ասի:

– Եվրոպայում հայկական բոնդերի պահանջարկը կլինի՞:

– Եվրոպական և ընդհանրապես աշխարհի ֆինանսական շուկան, լինի դա առաջնային, թե երկրորդային, մեծ տատանումների մեջ է, և տոկոսադրույքների տատանումներն ավտոմատ կերպով ազդում են նաև առաջարկ-պահանջարկի ծավալների վրա: Հետևապես, երբ Հայաստանի եվրոբոնդերը դուրս գան, կարող է գրավիչ լինել գնելը կլամ վաճառելը: Սա հարցի ֆինանսական կողմն է: Մյուս կողմը Հայաստանի վարկանիշն է. այստեղ մենք ունենք խնդիրներ, քանի որ ֆինանսական շուկայում լուրջ խաղացողները մոտավոր պատկերացում ունեն ՀՀ-ի այսօրվա վարկանիշի մասին: Անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունները փորձեն բարձր վարկանիշի համեմատ զեկույցներ անել, հաշվետվություններ ներկայացնել, միևնույնն է, խաղացողները գիտեն իրական պատկերը: Խնդիրն այն է, թե ինչքանով են այդ պատկերացումներն արմատացած ֆինանսական շուկայում: Եթե լավ են արմատացած ուրեմն կամ խնդիր կլինի իրացման մասով, կամ եթե իրացվի, տոկոսադրույքները բաձր են լինելու:

Աղբյուրը` 168.am

Share Button