Եվրոպան հիասթափված չէ Հայաստանի ընտրությունից, դա ընդամենը մեծ թատերական խաղ է. Ժիրայր Սեֆիլյան

Նման բան չկա, որ Եվրոպան հիասթափված է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումից. վստահ է Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ նրա՝ այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում, ընդամենը թատերական խաղ է՝ մեծ խաղացողների մասնակցությամբ։<!–more–>

«Չկա այդպիսի բան, որ Եվրոպան խաբված է. դա մեծ թատերական խաղ է, ամեն ինչի պետք չէ հավատալ»,-Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց նա՝ հավելելով, որ գուցե անհրաժեշտության դեպքում ինքն ավելի մանրամասն կանդրադառնա այդ հարցին։

«Այստեղ շատ ավելի մեծ խաղեր կան և այն, ինչ խոսում են՝ այդպես չէ, գուցե մի անգամ ավելի հանգամանալից անդրադարձ կատարեմ նրան, թե իրականում ինչ է տեղի ունենում այս ռեգիոնում»,-ասաց նա։

Հարցին, թե այսինքն, ըստ Սեֆիլյանի, տարածաշրջանում նախապե՞ս էին երկրները բաժանված գերտերությունների մեջ՝ վերջինս դրական արձագանքեց։ «Կարծում եմ մոտիկ եք իրականությանը, շատ ավելի մեծ խաղեր են գնում»,-ասաց նա՝ այս համատեքստում տեսնելով նաև Սիրիան զիջել-չզիջելու հարցը։

Միևնույն ժամանակ նա ծայրահեղություն է համարում հնչող այն տեսակետները, թե Ռուսաստանի հեռահար նպատակը Սովետական միություն վերականգնելն է։ «Այդպիսի բան չի լինելու, այսօրվա աշխարհն այդպիսի բան չի թույլատրի, նոր սերունդ կա, նոր ուժ»,-ասաց նա։

Նախախորհրդարանի անդամը վստահ է, որ եթե ազնիվ ուժերը համախմբվեն և ժողովուրդը ոտքի կանգնի, այսօրվա իշխանությունները նրանց դեմ ոչինչ անել չեն կարող: Կարևորը, ըստ նրա, լինի այլընտրանք այս՝ արդեն իսկ «մեռած» իշխանություններին փոխարնելու, ինչն էլ իրենք անում են։

«Իշխանությունները մեռած են, թաղած չեն։ Մենք պետք է գիտակցենք, թե այս թոհուբոհի էությունն ինչ է, սակայն մեր ամենաճշգրիտ վերլուծություն էլ արժեք չի ունենա, եթե մենք ինքներս մեր պետությանը փրկած չլինենք, այսինքն՝ ստրատեգիական նպատակից մենք երբեք չպետք է շեղվենք։ Այսպիսի փոքրիկ ակցիաները մարտավարական են՝ բխում են ստրատեգիական նպատակից: Համոզված եղեք, որ մենք ստրատեգիայից շեղվող չենք, իսկ ստրատեգիան այս կեղեքող համակարգին այլընտանք կառավարման համակարգ ձևավորելն է, որի գործին էլ մենք լծվել ենք»,-ասաց նա։

Սեֆիլյանը Նախախորհրդարանի տեսակետը հստակեցնում է. Հայաստանը պետք է ազգակենտրոն քաղաքականություն վարի։ «Մեր տեսակետը հստակ է, որ մենք ոչ միայն համաձայն չենք այս քայլին (Մաքսային միության անդամակցելուն), այլ նաև համաձայն չենք այդ Ասոցացման համաձայնագրին մաս կազմելուն։ Այսօր իշխանական և առկա իշխանությանը պատկանող ընդդիմադիր դաշտում երկու տեսակետ է պտտվում, մեկն այն է, որ «կամ-կամ», մյուսն էլ այն, որ «և-և»: Մենք երկու տարբերկանին էլ դեմ ենք՝ ասելով «ոչ-ոչ»։

Հարցին, թե իսկ մենք ունե՞նք այդ կշիռը նման քաղաքականություն վարելու, Սեֆիլյանը պատասխանեց. «Անշուշտ, պետք չէ բարդույթավորվել մեր փոքր լինելուց։ Այսօր որակյալ փոքրերի ժամանակները եկել են, մանավանդ ելնելով այն հանգամանքից, որ տարածաշրջանում ինչ զարգացումներ են սպասվում՝ մեր կշիռը ավելանում է ծավալային չափի և մեր խոսքի արժեքը գնալով մեծանում է։ Մենք պետք է կարողանք այդ արժեքին տեր կանգնենք։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվածություն, իմանանք՝ մեր շահը որն է այս կամ այն պետության հետ համագործակցելիս»,-նշեց նա։

Ըստ նրա, այսօր Սերժ Սարգսյանը խոսում է հայաստանցիների անունից, մինչդեռ նրան բացարձակ չի հետաքրքրում, թե որն է Հայաստանի շահը։

«Այս ռեժիմի նախագահի աթոռը զավթած անձնավորությանը չի հետաքրքրում մեր երկրի ապագան, թե որ քայլն է ճիշտ, որը սխալ։ Իր վարած քաղաքականությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես անի, որ իր աթոռ պահպանի, նա կտրված է հայկական իրականությունից, առավել ևս հայկական իղձերից»,-նշեց նա։

Ինչ վերաբերվում է ամենօրյա բողոքի ակցիաներին և դրանք իրականացնող տարբեր թիմերին, այստեղ նույնպես Սեֆիլյանը ողբերգություն չի տեսնում, քանի որ վստահ է՝ եթե նրանց նպատակը բարի է՝ մի օր համախմբվելու են։ «Ես կարծում եմ, որ կարողանալու ենք անշուշտ, պարզապես այս ճանապարհն էլ պետք է անցնենք, գուցե տարբեր խմբերը տարբեր ճակատներով իրենց պայքարը տանեն և հետո արդեն ձևը գտնեն համախմբման։ Ամեն դեպքում մենք այդ ձևը գտել ենք, և ուշ թե շուտ աշխատելու է։ Մենք մեր ճանապարհային քարտեզով իրազեկել ենք, թե ճանապարհը որն է, և համաձայն եմ, որ ուշ թե շուտ այդ խմբերը, շարժումները, ազնիվ քաղաքական գործիչները կարողանալու են իրենց մեջ ուժ գտնել և համագործակցել և ստեղծել մեր ուզած պետությունը։ Այսօր այդ իշխանություններին միայն հաջողվում է ջուր պղտորել, տարբեր շրջանակներին մոլորեցնել, բայց մեծ հաշվով չի հաջողվում»,-եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը՝ tert.am

Share Button