Ի պաշտպանություն Կարո Եղնուկյանի արժանապատվության

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Արդեն չորրոդ օրն է, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ծածկած շուկայի» տնօրինությունը շենքի ճակատային հատվածում փակցրել է Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Կարո Եղնուկյանի նկարով մեծադիր պաստառ, որի վրա նրա նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով գրված են՝ «մասոն», «ո՛չ վարձու ընդդիմախոսներին, ո՛չ օտարերկրյա լրտեսներին, ո՛չ գրանտակերներին. դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» բառերն ու արտահայտությունները, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 397 հոդվածով նախատեսված հանցագործություն է:

Միևնույն ժամանակ՝ այս արարքը Կարո Եղնուկյանի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող վիրավորանք ու զրպարտություն է, ինչով էական վնաս է հասցնում դրանց:

Օրը ցերեկով ի տես բոլորի կատարվող այս հանցագործության մասին մի քանի օր առաջ պաշտոնական հայտարարությամբ ահազանգել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, սակայն պատկան մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկում քրեորեն պատժելի արարքը դադարեցնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով, որ պետական մարմիններն ու օլիգարխիան նույն համակարգի օրգանական բաղադրիչներ են:

Նախախորհրդարանի քարտուղարությունը հայտարարում է, որ արդեն համապատասխան միջոցներ է ձեռնարկում իր անդամի իրավունքները, պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը պաշտպանելու ուղղությամբ: