«Այո, Եվրասիա, այո եվրաինտեգրացիա, այո, այո, խնդիր չկա»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմի այցը Ադրբեջան, ըստ «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի, ավելի շատ աշխարհաքաղաքական խաղեր են եւ իրենց մեջ Հայաստանին ուղղված մեսիջներ չեն պարունակում: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը` Ժիրայր Սեֆիլյանը՝ մեկնաբանելով տարբեր քաղաքագետների այն տեսակետները, թե Վլադիմիր Պուտինի այցը Բաքու մեր երկրին ուղղված հստակ մեսիջ էր:

«Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը ինչ-որ դեմարշներ անելու կարիքը չունի առկա ռեժիմի նկատմամբ, այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական խաղեր են գնում, այսինքն պուտինյան այցը Ադրբեջան առաջին հերթին Իրանին կհետաքրքրեր: Եթե փորձենք հետեւել տարածաշրջանային զարգացումներին, ապա կտեսնենք, որ հիմնական մրցակիցը Իրանն է, այստեղ մենք չկանք, հայկական գործոն չկա, կա տարածք, որը բարձիթողի վիճակում է, եւ ով ինչպես ուզում, այդպես էլ վարվում է»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ գնահատելով հայաստանյան իշխանությունների որդեգրած քաղաքականությունը՝ «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամն ասել է. «Առկա համակարգը դրան էլ է ասում՝ այո, մյուսին էլ է ասում՝ այո, բոլորին ասում է՝ այո: Այո, Եվրասիա, այո, եվրաինտեգրացիա, այո, այո, խնդիր չկա: Պարզապես եթե այս «այո»-ների շարքը երկար տեւի եւ մենք չկարողանանք մերը կառուցել, մենք կկորցնենք մեր պետականությունը: Այս վտանգը կա, որը մենք գիտակցում ենք, եւ այդ պատճառով է, որ չենք սպասում հերթական կամ արտահերթ ընտրություններին, մենք որոշել ենք մեր պատկերացրած համակարգը ծնել եւ մեր ժողովրդի կամքի պարտադրմամբ ձերբազատվել այս ռեժիմից ու լծվել մեր երկրի թռիչքային զարգացման գործին»:

Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանությունների հայտարարած այն տեսակետին, թե մենք եւ-եւ-ի կողմնակիցն ենք եւ ոչ թե կամ-կամ-ի, ապա ըստ Ժիրայր Սեֆիլյանի. «Իշխանությունների համար հետեւյալն է, մի մասն ասում է՝ եւ-եւ, մի մասն ասում է՝ կամ-կամ, իսկ մենք ասում ենք՝ ոչ-ոչ: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից վերջերս սկսված ինֆորմացիոն հրահրումներին, հայ-ռուսական հարաբերությունների, այսպես ասած, արհեստական լարվածություններին, դրանք են՝ Սմերչը, հայ վարորդի հետ կապված միջադեպը, հովվի սպանությունը, իսկ ես վստահ եմ, որ առաջիկա օրերին էլի կլինեն այսպիսի դեպքեր, խնդիր կա ոչ թե Հայաստանի իշխանությունների եւ ՌԴ իշխանությունների միջեւ սեպ խրել, խնդիրը դա չի: Այս երկու իշխանությունների խնդիրը, իմ համոզմամբ, լուծված է համապատասխան կենտրոններից, խնդիրը հայ ժողովրդի եւ ռուս ժողովրդի միջեւ սեպ խրելն է, որովհետեւ ժողովուրդների հանդուրժողականություն կամ համակրանք եթե մնում է, սա ուժ է, եւ տեղի ադմինիստրացիաները երբեք չեն կարող ազատ գործել: Խնդիրը ոչ թե ռուսաստանյան ռեժիմի եւ Հայաստանի այսօրվա հակառեժիմի միջեւ է, այլ ժողովուրդների, եւ այս իմաստով մեր կեցվածքն այն է, որ մենք պետք է լինենք ոչ ռուսատյաց եւ ոչ էլ ռուսամոլ: Մենք՝ հայերս, պետք է իմանանք մեր շահերը` առաջին հերթին հայաստանակենտրոն, եւ շատ լավ գիտակցենք, որ ոչ ռուս ժողովուրդն է մեր թշնամին, ոչ հայը` ռուսին, ինչպես որ մեզ համար թշնամի է թուրքը»:

Փայլակ Ֆահրադյան

Աղբյուրը` galatv.am