Աշխարհաքաղաքական բոստաններո՞ւմ, թե՞ կազինոներում. որտե՞ղ էր Սերժ Սարգսյանը

Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Գյումրիում էին: Նրանք հանդիպում են ունեցել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսել երկրում առկա ներքին եւ արտաքին իրավիճակներից: Նախախորհրդարանի անդամ Բաբկեն Մկրտչյանը իր խոսքում ասել է, որ Նախախորհրդարանը շարունակում է իր որդեգրած ճանապարհային քարտեզի իրականացումը: Այժմ Երեւանից դուրս գրասենյակներ են ձեւավորում: Բաբկեն Մկրտչյանը հայտնել է, որ գրասենյակներ հիմնվել են ինչպես Երեւանում, այնպես էլ Վանաձորում, Ղափանում եւ ԼՂՀ-ում:

Իսկ «Սարդարապատ» շարժում նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ասել է. «Մենք մեր գործունեության բուռն փուլում ենք գտնվում, մենք այդ մասին հայտարարել էինք, որ ի տարբերություն Հայաստանում չկայացած քաղաքական դաշտի գործողությունների՝ արձակուրդի գնացողը չենք, մենք շատ լավ գիտակցում ենք ամեն օրվա կարեւորությունը եւ ամեն օր լցված ենք մեր այս ընդհանուր գործով: Մենք միշտ մեր խոսքի սկզբում ուզում ենք մեր ժողովրդին հիշեցնել, որ անելանելի իրավիճակում չենք գտնվում մենք՝ հայերս, գտել ենք, ունենք հստակ ծրագիր եւ ընթանում ենք, մեր ժողովրդին ուզում ենք հուսադրել՝ կա այս իրավիճակից դուրս գալու լուծում, գտել ենք»: Նա խոսել է նաեւ առաջիկա զարգացումներից եւ ասել հետեւյալը. «Սեպտեմբեր ամիսը մոտենում է, ինչպես ամեն տարի, քաղաքական արկածախնդրությամբ զբաղվող կուսակցություններն ու գործիչները նորից իրենց դերի մեջ են, այս օրերին դուք հաճախ եք լսում, որ շուտով հեղափոխությունը լինելու է, շուտով փոփոխություններ են լինելու, այսպես ենք անելու՝ կայծակնային հեղափոխություն է լինելու: Եթե փորձենք թերթել անցած 20 տարիների «ընդդիմադիր ուժերի» գործունեությունն ու նրանց ելույթները, ապա տեսնում ենք, որ ամեն տարի նույն բանն ենք լսում»:

Նախախորհրդարանի ներկայացուցչի գնահատմամբ՝ լուծումը այս համակարգի ներսում չէ. «Այսօրվա քաղաքական դաշտը ամբողջությամբ վերահսկվում է գործող խանի, կառավարման համակարգի կողմից, և լուծումներ փնտրելն անիմաստ է: Այս հարցով մենք պարբերաբար ազնիվ մղումներ ունեցող ընդդիմադիր գործիչներին ասել ենք, որ օր առաջ պետք է դուրս գալ այդ դաշտից, թողնել իրենք իրենցով սպառվեն եւ վերջանան, դրան զուգահեռ մեր ժողովրդի հետ միասին սկսենք ձեւավորել այլընտրանքային իշխանություններ: Ես հուսով եմ, որ կան տակավին ազնիվ գործիչներ, եւ մեկ անգամ ևս իմ հորդորը ուղղում եմ նրանց՝ ասելով, որ Նախախորհրդարանը կուսակցություն չէ, դա նույնիսկ սովորական շարժում չէ, դա մի հարթակ է՝ բոլոր առողջ ուժերին, այն ուժերին, որոնք ըստ էության են մերժում այս համակարգը եւ կողմնակից են արմատական փոփոխության, եւ մենք պետք է կարողանանք համագործակցել, եւ լավագույն ձեւաչափը մենք գտել ենք»,- շարունակել է Ժիրայր Սեֆիլյանը:

Ըստ նրա՝ իրենք տարիներ առաջ ասել էին, որ քաղաքական դաշտը սպառված է, եւ որ ամիսներն ու տարիները ապացուցում են իրենց ասածը, իսկ վերջինին հասարակությունը ականատես եղավ տրանսպորտի սակագնի թանկացման դեմ տեղի ունեցող ըմբոստացմանը: «Ոչ մեկը չէր սպասում այդպիսի ըմբոստացում, բոլորը կարծում էին, որ մեր երկրում երիտասարդություն չի մնացել եւ որ նրանց չի հետաքրքրում իրավիճակը: Սակայն նրանք կարողացան լուրջ կոորդինացնել, իհարկե այստեղ կոորդինացման գործիք ծառայեց ֆեյսբուքը, եւ լավագույն օրինակը ես կուզեի հիշեցնել անցած ամսվա ըմբոստացումը, որում մենք սկզբից մինչեւ վերջ եղել ենք, հնարավորինս աջակցել ենք: Հիշում եմ ոստիկանության վիճակը, երբ առավոտից գիշեր հոգնած կանգնած, չգիտեին՝ ինչ անեին, առավոտից իրիկուն վազում էին դեպի ուր՝ չգիտեին, թե ում էին ուզում վախեցնել՝ չգիտեին»: Ժ. Սեֆիլյանի գնահատմամբ՝ այս օրերին իշխանությունները մտորում են, թե ինչ քայլեր ձեռնարկեն, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ նրանք ընդամենը կասեցրել են որոշումը եւ ոչ թե կարճել:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի հայաստանյան քաղաքական վերնախավի արձակուրդային տրամադրությունը, երբ երկրում լուրջ խնդիրներ կան, Ժ. Սեֆիլյանը ասել է. «Շատերն այն կարծիքին են, որ վիճակը խղճալի է արտաքին հարաբերությունների իմաստով, եւ չգիտի, թե ինչ անել: Ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ նա հանգիստ կարող է մանեւրել առկա աշխարհաքաղաքական բոստաններում եւ նա կտրված է եղել մեր երկրի իրականությունից: Վստահ եմ՝ այս օրերին նա ինչ-որ կազինոներում հաստատ հաճախորդ է, ես վստահ եմ: Այնպես չէ, որ նրանք գնացել են, կտրվել են եւ մտածում են»:

Ժ. Սեֆիլյանի գնահատմամբ՝ հոկտեմբերին հասարակությունը ականատես կլինի ներիշխանական ճամբարում վերադասավորումների: Դրա մեջ նաեւ մտնում է կեղծ ընդդիմություն հասկացությունը, որը դարձյալ փորձելու է հասարակությանը մոլորեցնել:

Փայլակ Ֆահրադյան

Աղբյուրը` galatv.am

Share Button