«Ապագան մի տեղ դրված չէ, որ վերցնենք, այն մենք ենք կերտելու»

Հայաստանի մի քանի քաղաքներում, այդ թվում նաեւ Գյումրիում, ձեւավորվել են «Նախախորհրդարան» շարժման գրասենյակներ, կազմավորման փուլում են ԼՂՀ-ում գործելու պատրաստ գրասենյակները: Այս մասին հայտարարեցին այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամլո ասուլիս հրավիրած «Նախախորհրդարանի» ներկայացուցիչները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վիգեն Ավետիսը, Արմեն Ներսիսյանը եւ Բաբկեն Մկրտչյանը:

«Մենք մեր գործունեության բուռն շրջանում ենք գտնվում,-ասում է Ժիրայր Սեֆիլյանը,- հայտարարել էինք, որ ի տարբերություն Հայաստանում չկայացած քաղաքական դաշտի եւ գործիչների, արձակուրդ գնացողը չենք: Մենք ամեն օր գիտակցում ենք մեր գործի նշանակությունը: Ուզում ենք ժողովրդին հիշեցնել, որ անելանելի վիճակում չենք գտնվում հայերս, կա այդ վիճակից դուրս գալու լուծում, եւ մենք այդ լուծումը գտել ենք: Ունենք հստակ ծրագիր ու հստակ քայլերի հաջորդականություն: Ուզում ենք մարդկանց հուսադրել, որ ամեն ինչ կորած չէ»:

Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին: Հիշեցրեց, որ սեպտեմբեր ամիսը մոտենում է ու, ինչպես միշտ, քաղաքական արկածախնդրություններն են սկսվելու. «Այս օրերին դուք հաճախ եք լսում, թե շուտով հեղափոխությունը սկսվելու է, կայծակնային հեղափոխություն է լինելու: Եթե փորձենք դիտել անցած 20 տարիներին «ընդդիմադիր» ուժերի գործունեությունը, կտեսնենք, որ ամեն տարի նույն բանն ենք լսում»:

Ըստ Սեֆիլյանի, խնդիրների լուծումն այս համակարգի ներսում չէ: Ամբողջ քաղաքական դաշտը վերահսկվում է գործող խանական համակարգի կողմից, ուստի այստեղ լուծում փնտրելն անիմաստ է: Ուստի պետք է նրանց թողնել, որ իրենք իրենցով սպառվեն, վերջանան: Իսկ դրան զուգահեռ, ժողովրդի հետ պետք է սկսել ձեւավորել այլընտրանքային իշխանություններ: Նա հույս ունի, որ տակավին կան ընդդիմադիր գործիչներ, ովքեր ազնվորեն են մտածում եւ հորդորում է նրանց, որ «Նախախորհրդարանը» դառնա բոլոր առողջ, արմատական ուժերի գործակցության համար մի հարթակ:

Իր խոսքում, մասնավորապես, նշելով երթուղային տաքսիների վարձավճարների դեմ հանրային ըմբոստացման օրինակը, նա ասաց, թե դա անսպասելի էր շատերի համար, եւ բոլորը կարծում էին, թե Հայաստանում երիտասարդությանը չի հետաքրքրում երկրի ապագան, սակայն հակառակ երեւույթի ականատեսը եղան: Տարբեր երիտասարդական շրջանակներ ինքնակազմակերպվելով, ինչի կորդինացման լուրջ գործիք ծառայեց ֆեյսբուք սոցիալական ցանցը, կարողացան ապացուցել, որ բնավ էլ այդպես չէ:

Սեֆիլյանը մի դեպք հիշեց այդ օրերից: Ակտիվ երիտասարդներից մեկին ոստիկանը փորձելով սաստել, ասել էր.«Ետ կանգնիր, թե չէ քեզ բերման կենթարկենք ոստիկանություն»: Իսկ երիտասարդն հանգիստ պատասխանել էր. «Նոր եմ եկել այնտեղից»: Ոստիկանը կարմրել էր ու չէր իմացել, թե ինչ ասի: «Վերջին օրերին արդեն բոլորս էլ ականատես եղանք, թե ինչպես հազարավոր երիտասարդներ, արդեն առանց ոստիկանների ուղեկցության, ազատ ճեմում էին: Այսինքն՝ իշխանությունները սարսափից անմիջապես նահանջեցին: Նրանք հիմա կասեցրել են վարձավճարների թանկացումները՝ չեղյալ չեն համարել եւ հիմա մտմտում են, թե ինչ ձեւերով բարձրացնեն»: Նրանց դիմելով, Սեֆիլյանը վստահեցրեց, որ եթե կրկին համարձակվեն նույն քայլին գնալ, ավելի ուժեղ հակադարձման կհանդիպեն:

Վիգեն Ավետիսը սփյուռքահայ քանդակագործ է, նա Իտալիայում ներկայացնում է հայկական «Վերածնունդ» միությունը: Միությունը գործում է նաեւ Սփյուռքի մի շարք այլ քաղաքներում: Վիգենը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է, որ երկրի ղեկավարն այսպիսի պայմաններում իրեն թույլ տա հանգստանալ, իսկ վարչապետը արտագաղթը յուրովի մեկնաբանել. «Բա ի՞նչ անեն, մնան, որ հեղափոխություն անե՞ն»: Նա կարծում է, որ եթե Տիգրան Սարգսյանն այս կերպ մխիթարվելու ուղին է բռնել, չարաչար սխալվում է: Սփյուռքի հայ երիտասարդությունը բոլորովին անտարբեր չէ այն իրողությունների նկատմամբ, որ առկա են հայրենիքում: «Տարբեր երկրներում հայը մնում է հայ, իսկ կառավարությունը տասը քայլ ետ է մնացել ժողովրդից: Հայաստանը շատ արագ փոփոխությունների կարիք ունի»:

Արմեն Ներսիսյանը նշեց, որ Շիրակի մարզում համակարգող մարմինը ստեղծված է, եւ ինքը «Նախախորհրդարան» շարժման հեռանկարին լավատեսորեն է վերաբերվում: Առաջիկայում շարժումը պատրաստվում է կոնկրետ գործունեություն ծավալել, որի մասին հանրությունը կիմանա մամլո ասուլիսներից: ժիրայր Սեւֆիլյանն էլ պարզաբանում է, թե այժմ շփումն իրականացվում է առաջամարտիկների հետ, իսկ մինչեւ ժողովրդին մոբիլիզացնելը հսկայական աշխատանք կպահանջվի:

Նա կարծում է, որ ապագան մենք ենք ձեւավորելու: Ու նաեւ՝ սթրեսային վիճակից դուրս գալու համար, ինչու՞ չէ, պետք կլինի ձեւավորել նաեւ սիրո մշակույթ: «Ապագան մի տեղ դրված չէ, որ վերցնենք, այն մենք ենք կերտելու»: Սեֆիլյանը կարծում է, որ շուտով կայանատեղիների, փակ շուկայի, ուսանողների վարձավճարների խնդիրների ճակատներում էլ շարժումներ կձեւավորվեն:

Սամվել Հունանյան

Աղբյուրը` asparez.am