Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգազսյանը նշեց, որ ամռանը իրենք արձակուրդ չեն գնալու և առաջիկայում նաև ձեռնամուխ են լինելու արդարության ատյանի ստեղծմանը:
«Բոլոր բռնապետական ռեժիմներում կա անցումային արդարադատություն: Մեր պարագայում ունեցել ենք մեկ դեպք, երբ քաղաքացիական դատարանը վճիռ է կայացրել, որ Մաշտոցի այգու կառուցապատումն անօրինական է, և քաղաքացիներն անցել են ապամոնտաժման գործընթացին»,- նշեց նա:
Եթե այս փորձից ելնելով, ըստ Չուգասզյանի, պատկերացնենք արդարադատության ատյան, որը բացահայտելու է արդարադատության ոլորտի բոլոր խնդիրները, ապա հենց այսօր այդ մարմինների աշխատակիցները պետք է իմանան, որ գալու է այդ վճիռներն իրականացնելու պահը: Նա նշեց, որ արդարության ատյանի ստեղծմամբ ոլորտում աշխատանքները չեն վերջանում: Բավարար պայմանը հասարակական, քաղաքացիական ճնշումն է: Ամեն քաղաքացու պարտականությունն է՝ ապօրինություն տեսնելիս պայքարել դրա դեմ:
Գարեգին Չուգազսյանն առաջարկեց գնալ Փակ շուկայի տարածք ու շտապ հավաք անցկացնել այնտեղ ու առաջարկություններ ներկայացնել իշխանություններին, որ այս ամռան ընթացքում վերացնեն ապօրինությունները:
Հանրահավաքի մասնակիցները շարժվեցին դեպի Փակ շուկա:
Նյութի աղբյուր՝ lragir.am