Ժիրայր Սէֆիլյան. «Այդ ժամանակ է, որ լինելու է հայտը` սրանց ռադ անելու»

«Նախախորհրդարանի կազմի մեջ արդեն կան Արցախում բնակվող երկու կարկառուն գործիչներ, ես այս երևույթը համարում եմ աննախադեպ, որովհետև այս 20 տարվա ընթացքում մեզ միայն փորձել են տարանջատել, բաժանել»,- այսօր Երևանի Ազատության հրապարակում` Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքին, ասաց Նախախորհրդարանի քարտուղար, Սարդարապատ շարժման համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:<!–more–> Արցախյան ազատամարտի հերոսը նշեց, որ շարժումը, որն ինքը սկսել է իր համախոհների հետ, պետք է ուղղի 1992թ. սկիզբ առած արհեստական տարանջատումը Հայաստանի և Արցախի միջև:

«Այսինքն` մեր շարժման հաղթական ավարտին այդ միացման խնդիրն արդեն լուծված է լինելու: Մենք Արցախին վերաբերվում ենք որպես Հայաստանի մի մաս»,- շեշտեց Սէֆիլյանը` կոչ անելով արցախահայությանը հնարավորինս ակտիվորեն ընդգրկվել Նախախորհրդարանի գործունեությանը: Անցնելով Նախախորհրդարանի շարժման խնդիրներին` Նախախորհրդարանի քարտուղարը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում իրենց բոլորին անընդհատ ուղղում են մի հարց. «Վերջապես մեզ չե՞ք ասի, թե սրանցից ոնց ենք ձերբազատվելու»:

«Նախ` բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է այս համակարգն այսօր գտնվում ինքնափլուզման ընթացքի մեջ, այսինքն` առանց մեր միջամտության այս համակարգը փլվում է, սակայն դա չի նշանակում, որ մենք սպասելու ենք այդ փլուզմանը, քանի որ եթե մինչ այդ մեզ չհաջողվի ստեղծել զուգահեռ իշխանություն, ապա մնալու ենք փլատակների տակ և կորցնելու ենք մեր պետականությունը»,- ասաց Սէֆիլյանը:

Սրանից ելնելով Նախախորհրդարանը, որը ըստ Ժ. Սէֆիլյանի, ձգտում է հնարավորինս անցնցում փոփոխության, ինքնափլուզման ընթացքում ուժ է հավաքում, և այդպես շարունակվելու է:

«Եվ գալու է մի պահ, որ այս ուժերը հավասարվելու են, որովհետև մենք այդ ուժը առաջիկա ամիսներին հավաքելու ենք նաև բուրգի ներսից… Ուստի գալու է մի պահ, որ մենք ոչ միայն հավասարվելու ենք գործող ռեժիմի ուժին, այլ նաև անցնելու ենք: Եվ այդ ժամանակ է, որ լինելու է հայտը` սրանց փոփոխելու, հայտը` սրանց ռադ անելու: Եվ եթե այս անգամ նրանք համարձակվեն մի անգամ ևս մեր ժողովրդի նկատմամբ կիրառեն բիրտ ուժ, ապա այդ բիրտ ուժին կստանան բիրտ ուժ, ուրիշ ձև չկա»,- հայտարարեց Ժիրայր Սէֆիլյանը:

Նյութի աղբյուրը՝ 168.am

Share Button