Թանկացումները կվնասեն մանր ու միջին բիզնեսին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով խոշորների համար

Հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Այսինքն՝ նախկին 132 դրամի փոխարեն սպառողը գազի 1 խորանարդ մետրը կգնի 156 դրամով։ Սրա հետևանքով նաև էլեկտրաէներգիան թանկացավ շուրջ 8 դրամով: «Առաջին լրատվական»-ն այս մասին զրուցեց կառավարման փորձագետ, տնտեսական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի հետ:

– Պարոն Մեսրոբյան, գազի և էլեկտրաէներգիայի թանկացումներից հետո հիմնավորված կանխատեսումներ կան, որ թանկանալու է առաջին անհրաժեշտության սպառողական զամբյուղը, ինչպես միշտ գազի թանկացումից հետո: Այս անգամ ևս տուժելու են մանր ու միջին տնտեսվարողները և ավելի խոշորանալու են շուկայում գերիշխող դիրքեր ունեցող տնտեսվարողներն ու սուպերմարկետները:

– Այսօր, ինչպես երբևէ, մանր և միջին բիզնեսը վտանգված է: Առավել շատ մանր ու միջին շուկան տուժում է գնային տատանումների հետևանքով, իսկ խոշորները չեն տուժում, որովհետև խոշորները պրեֆերենցիաներ ունեն և ուժեղ փոխկապակցված են իշխանության հետ, ուստի բնական է, որ բոլոր պարագաներում կհայտնվեն ավելի լավ վիճակում: Գնային տատանումները խոշորին հաստատ վնաս չեն: Խոշորները թքած ունեն սպառողների կարծիքի վրա: Հայաստանում խոշորներն իրենց մասին են մտածում ոչ թե սպառողների: Եթե հոգատար լինեին, առաջին հերթին չէին խեղդի մանր ու միջին բիզնեսը, երկրորդը՝ չէին խուսափի ոչ համաչափ հարկային մասնահանումներ անել բյուջե: Խոշորների վրա երբեք չպետք է հույս դնել: Միանշանակ խոշոր բիզնեսը կհայտնվի բարենպաստ պայմաններում: Դա հայաստանյան շուկայի տրամաբանությունն է, մանր ու միջին բիզնեսն անպաշտպան է, այնինչ խոշորը պաշտպանված է և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ գործոններով:

– Նախնական դիտարկումներ կան, թե որքան է կյանքը թանկանալու: Դուք ունե՞ք կանխատեսումներ:

– Գնաճն անհավասարաչափ է բաշխվում անապահով խավի, միջին եկամտություն ունեցող խավի և բարձր եկամտություն ունի խավի վրա: Անապահով խավերի համար գնաճը շատ ավելի մեծ է, քան ապահով խավերի համար: Երբ Հայաստանում մի քանի տարի առաջ 9,4 % գնաճ տեղի ունեցավ, ես հաշվարկներ իրականացրեցի՝ ըստ տարբեր խավերի: Ես հաշվեցի անապահով խավի համար և վերցրեցի ոչ թե 470, այլ 50-60 ապրանքատեսակ գումարած կոմունալ վճարները և վերցրեցի միջին եկամուտ ունեցողների աշխատավարձերը՝ դա 180-190 ապրանքատեսակ և ստանդարտը: Ուրեմն անապահովը 25 %-ից էր անցել, իսկ միջինը 18 %-ից էր անցել: Միշտ առաջին հերթին թանկանում են առաջին օգտագործման ապրանքները: Տրանսպորտը պետք է թանկանա, իսկ դրանով ո՞վ է հիմնականում երթևեկում, անապահով խավը: Հիմա գնաճ է տեղի ունենում այն սննդի վրա, որը ոչ թե էլիտար է, այլ լայն սպառում ունի: Ուստի նորից առաջին բեռը նստելու է հիմնականում անապահով խավի վրա: Սա է պատճառը, որ մեր երկրում չի ստացվում կրճատել աղքատությունը, անապահով խավի համար գնաճի տեսակարար կշիռը շատ ավելի մեծ է:

– Պարոն Մեսրոբյան, խոսում են տրանսպորտի ոլորտում թանկացումների մասին: Տեսականորեն կարո՞ղ են թանկացումներ չլինել:

– Հայաստանում տարածված են գերշահույթներ, առավել ևս այդ գերշահույթները վերաբերում են խոշոր բիզնեսին, և այդ գերշահույթն առաջանում է այն պատճառով, որ ինքը մոնոպոլ է շատ հարցերում, երկրորդը՝ որ փոխկապակցված է պետական կառավարման համակարգի հետ: Երկու պատճառով ինքն ունենում է գերշահույթներ, բայց բիզնես ագահությունը կայանում է նրանում, որ գերշահույթը ստանալու ընթացքում խոշոր բիզնեսմենը ուզում է ավելի մեծ գերշահույթ ստանալ: Հետևապես տեսականորեն անգամ անհնարին է նման բան տեղի ունենա, բայց եթե մեզ մոտ պարկեշտ հարաբերություններ լինեին, և գերշահույթը չլիներ գերնպատակ, ոչ մի գնաճ կարելի էր թույլ չտալ։ Բայց դա ո՞վ պետք է անի, չինովնի՞կը, որը կապված է բիզնեսի հետ, թե՞ բիզնեսմենը, որը կապված է չինովնիկի հետ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Share Button