«Բուդաղյանները պետք է կոշտ արձագանքեն»

«Բուդաղյանները պետք է ավելի կոշտ դիրքորոշում հանդես բերեն: Նրանց ներկայիս դիրքորոշումն արդյունավետ չէ եւ չի բխում իրենց շահերից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում Բուդաղյանների գործի հետ կապված վերջին զարգացումների, մասնավորապես՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելու հանգամանքի հաշվառմամբ այսպիսի գնահատական հնչեցրեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակից, իրավաբան Վարուժան Ավետիսյանը: «Թեպետ գնդապետ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելու տարբերակը հավանական էի համարում՝ հաշվի առնելով համակարգի բնույթը, և զինդատախազի՝ այդ տարբերակի համար հող նախապատրաստելուն միտված նախնական կարծիքները, սակայն ներքուստ ավելի շատ հակված էի այն կարծիքին, որ որեւէ ուրիշ տարբերակով կփորձեն հարթել իրավիճակը: Պարզվեց, որ համակարգն ավելի շատ է գնահատում քրեական օլիգարխիայի հիմնասյուներին, քան ողջամտության առումով սպասելի էր նույնիսկ իմ նման քիչ թե շատ իրազեկ մարդու պարագայում: Համակարգը երկրի ներսում էական մասով հիմնված է նման մարդկանց շուրջ ձևավորված ուժերի վրա, և նրանց միջոցով է ապահովում իր կառավարումն ու վերարտադրությունը:

Ուստի կարծում եմ, որ Բուդաղյանները պետք է ավելի կոշտ դիրքորոշում հանդես բերեն: Ըստ էության` սխալ եմ համարում, որ իրենք ի սկզբանե ընտրեցին այն մարտավարությունը, թե մենք հավատում ենք արդարադատությանը, արդարությունը կհաղթի և այլն: Ու թեև նրանց մոտեցումները որոշակիորեն հստակ ու ավելի կոշտ են դարձել, սակայն դեռևս դուրս չեն գալիս այդ ներհամակարգային տրամաբանությունից: Նրանք բողոք, դժգոհություն, վրդովմունք են արտահայտում այն մասին, որ արդարադատությունը ճիշտ ուղղությամբ չի ընթանում, մինչդեռ Հայաստանում վաղուց դատաիրավական համակարգը և նույնիսկ օրենսդրությունը վերածվել են համակարգի և նրա կորիզը կազմող հանցավոր վարչախմբի կառավարումն ու վերարտադրությունն ապահովող մեխանիզմների, ինչը հանգեցրել է արդարության խորը ճգնաժամի: Երկրում արդարադատության ռեժիմի փոխարեն գործում է անարդարության ռեժիմ: Այս հանգամանքը եթե Բուդաղյաններին հայտնի չէր մինչ իրենց հետ պատահած ողբերգությունը, ապա դրանից հետո, կարծում եմ, արդեն ամեն ինչ ակնհայտ է, ուստի նրանք ոչ թե պետք է որդեգրեն դատաիրավական համակարգից արդարադատություն ակնկալելու, այլ համակարգը մերժելու, և իրենց գործողությունները իրավունքի պաշտպանության տիրույթում իրականացնելու գործելակերպ: Նրանք միգուցե հաշվի են առնում, որ պարոն Բուդաղյանը Զինված ուժերի հեղինակավոր ու բարձրաստիճան սպա է, գործը աղմկահարույց է եւ նման այլ հանգամանքներ, սակայն պարզվում է, որ պետք է այլ տեսակետից մոտենալ հարցին:

Մեր երկրում անարդարության ռեժիմը հաստատվել և գործադրվում է ամենաբարձր մակարդակով, ուստի պետք չէ զուր հույսեր փայփայել ու ինչ-որ բաներ ակնկալել վարչախմբից ու հատկապես նրա պարագլխից: Եթե նույնիսկ վարչախումբը մարտավարական ինչ-որ հարցերում զիջի, ապա էլի զուտ իր կառավարումը երկարաձգելու նպատակով: Իսկ հետո կփորձի վերականգնել կորցրածը, ինչպես քաղաքացի Ռուբեն Հայրապետյանին և Սուրեն Խաչատրյանին պարգևատրեց կամ էլի որոշներին աղմկահարույց դեպքերից որոշ ժամանակ անց վերադարձրեց կառավարման համակարգ»:
Վարուժան Ավետիսյանը ընդգծեց մի կարեւոր փաստ եւս: Պետք է ընդգծել եւ հասարակությանը հասանելի դարձնել, որ Բուդաղյաններն այդ օրը պաշտպանվել են իրենց ձեռքի տակ եղած և իրենց սպառնացող ուժի հետ անհամեմատ շատ ավելի աղքատիկ ու թույլ միջոցներով: «Արտակ Բուդաղյանը ուրիշ ոչ մի իրավաչափ ելք չի ունեցել, քան իր ձեռքի տակ եղած միջոցներով՝ տվյալ դեպքում որսորդական հրացանով, շտապելու իր եղբոր կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու: Եթե նա անգամ դիմեր դեպքի վայրից կարճ հեռավորության վրա գտնվող ոստիկանություն, նրա դիմումին ոստիկանները չէին արձագանքելու, ինչպես որ չեն արձագանքել դեպքի վայրում հնչած կրակոցներին և դեռ բավական երկար ժամանակ մոտ չեն եկել, ինչի հետևանքով այդ ժամանակահատվածում փաստորեն Բուդաղյաններն անօգնական վիճակում են մնացել:

Արտակ Բուդաղյանը օրենքով սահմանված կարգով պաշտպանություն գտնելու հնարավորություն չի ունեցել: Նրան հաստատապես հայտնի է եղել, որ օրեր առաջ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ձեռքից հանիրավի կերպով պետական բարձր պարգև ստացած, բազմաթիվ հանցագործությունների համար անպատիժ մնացած Սյունիքի սատրապի դեմ ուղղված բողոքն անարձագանք է մնալու, ուստի նա ստիպված դիմել է այդ քայլին՝ իր ձեռքի տակ եղած միջոցներով իր եղբոր և իր կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Նույնիսկ մոնտաժված կադրերից պարզ երեւում է, որ եղբայրները, աջ ու ձախ դառնալով, փորձում են իրենց ձեռքին եղած և իրենց սպառնացող վտանգի դեմ արդյունավետ պաշտպանություն չերաշխավորող զենքերով ինչ-որ կերպ ապահովել իրենց անվտանգությունը: Կադրերից ակնհայտ է, որ նրանց բազմաթիվ կողմերից վտանգ է սպառնում, այսինքն՝ նրանք շրջապատված են եղել թվով և զինվածությամբ մի քանի անգամ իրենց գերազանցող մարդկանցով…»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Քրիստինա Մկրտչյան

Նյութի Աղբյուրը՝ galatv.am