Ինչ ակնկալիքներ ունեն Վահե Հակոբյանից Սյունիքի մարզպետի պաշտոնում

Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանն այս թեմայի շուրջ ասաց, որ պետական կառավարման գործող համակարգի ներսում, որտեղ վարչախումբը յուրացրել է ժողովրդի իշխանությունը և այդ համակարգը ծառայեցնում է որպես ազգային շահերի հաշվին «նորգաղութարար օտարների ու իր ներկայացուցիչների կլանային և անձնական շահերի սպասարկման գործիքի», անիմաստ է ակնկալել որևէ փոփոխություն:

Նա առանձնացրեց մարզում շարունակվող էկոլոգիական խնդիրները։ «Մասնավորապես` Սյունիքի բնությունը և սյունեցին նույն կերպ ենթարկվել են և այսօր էլ ենթարկվում են գիշատչական էկոգաղութացման: Բնությունը հոշոտվում է ու անդառնալի վնասներ կրում, իսկ մարդիկ ստրկական վիճակում են ապրում և աշխատում, ոտնահարված են նրանց բոլոր իրավունքները, նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, վտանգված է նրանց և նրանց սերնդի առողջությունն ու ապագան:Ի՞նչ է փոխվելու Սյունիքի ու սյունեցու, Հայաստանի ու հայի կյանքում կլանի որևէ ներկայացուցչին մեկ ուրիշով փոխարինելու հետևանքով: Խոշոր հաշվով` ոչինչ»,-նշեց նա։

Ժիրայր Սեֆիլյանն առաջարկեց հարցերին վերաբերել համակարգային մոտեցման տեսանկյունից։ «Հասկանալ, որ երկիրը գաղութացված է, իսկ ժողովուրդը կեղեքվում է ու արտագաղթում: Միայն այդպես մտածելու ու գործելու պարագայում է հնարավոր համախմբվել, պայքարել, հաղթել ու դուրս գալ այս իրավիճակից և կառուցել նորմալ, ազգային պետություն: Ահա այս պատճառով է, որ Նախախորհրդարանը պարզել է ազգային-ազատագրական պայքարի դրոշը և ձգտում է վերկուսակցական ու համազգային սկզբունքներով ներգրավել ամբողջ ժողովրդին»,- եզրափակեց նա:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Share Button